- 05/07/2022
Շոլցը գերմանացիներին հորդորել է պատրաստ լինել Ուկրաինայի պատճառով գների լայնածավալ աճին
Բարդ տնտեսական իրավիճակ, բարձր գնաճ և էներգիայի ծախսեր, ապրանքների պակաս՝ մատակարարման շղթաների խափանումների պատճառով: Նման հեռանկար գերմանացիներին գծեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Այս մասին նա հայտարարել է արհմիությունների և արդյունաբերական միավորումների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Կանցլերը հորդորել է գերմանացիներին համակերպվել, որ մոտ ապագայում այս իրավիճակը չի փոխվի։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «շրջադարձային կետ» են, որը «փոխեց ամեն ինչ»։
«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ տեսանելի ապագայում այս իրավիճակը չի փոխվի»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ աշխարհը կանգնած է պատմական մարտահրավերի առաջ։
Միաժամանակ Շոլցը վստահ է, որ Գերմանիան կկարողանա հաղթահարել այս ճգնաժամը, քանի որ երկրի իշխանությունները այս տարի արդեն 30 միլիարդ եվրո են հատկացրել այդ նպատակով։
«Դաշնային կառավարությունն արդեն ներկայացրել է օգնության երկու լայնածավալ փաթեթ՝ քաղաքացիների ֆինանսական բեռը զգալիորեն թեթևացնելու համար», – ասաց Շոլցը: