• 12/07/2022

Պուտինը կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի Ռաիսիի և Էրդողանի հետ

Պուտինը կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի Ռաիսիի և Էրդողանի հետ

Նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կհանդիպի իրանցի և թուրք գործընկերներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ սիրիական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում:

Այս ուղևորության մասին հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրան խնդրել են մեկնաբանել նախագահի՝ Իրան կատարելիք այցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

«Այո, մենք կարող ենք դա հաստատել։ Իսկապես, նախապատրաստվում է նախագահի այցը Թեհրան։ Սիրիական կարգավորմանը նպաստելու համար Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպում է լինելու։ Եվ, իրոք, Պուտինի, Ռաիսիի ու Էրդողանի հանդիպում կլինի։ Եռակողմ հանդիպումից բացի, բնականաբար, կլինեն նաեւ երկկողմ հանդիպումներ։ Երեկ մենք զեկուցել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, և այդ հանդիպումը տեղի կունենա հենց այնտեղ»,- ասել է Պեսկովը։

Նա պարզաբանել է, որ Պուտինի այցը կկայանա հուլիսի 19-ին, նույն օրը նա առանձին բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահի հետ։