• 16/07/2022

Մեր անվտանգության միակ երաշխավորը այսօր խաղաղապահներն են․ Բերձորցի տղամարդու հույսը խաղաղապահներն են

Մեր անվտանգության միակ երաշխավորը այսօր խաղաղապահներն են․ Բերձորցի տղամարդու հույսը խաղաղապահներն են

Բերձորը՝ նախկին Լաչինը, որտեղով անցնում է Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, ինչպես նաև Սուս, Աղավնո համայնքները չկան Հայաստանի կառավարության հրապարակած այն համայնքների ցանկում, որոնք անցնում են Ադրբեջանին։ 1994թ․ Բերձորում բնակություն հաստատած Կարեն Սահակյանը, սակայն, պնդում է․

-Շարունակելու ենք այնտեղ ապրել, մինչև հասկանանք, որ այլևս հնարավոր չէ, մինչեւ էն պահը քանի ռուս խաղաղապահները այստեղ են, այ երբ ռուսները գնան՝ մենք էլ կգնանք։ Բերձորցիների տրամադրությունը բարձր է, չկա ճամպրուկային տրամադրություն, Փաշինյանի հայտարարությունն էլ նորություն չէր մեզ համար։ Եռակողմ համաձայնագրից հետո հայտարարվել էր, որ նոր ճանապարհի կառուցումից հետո մեր ճակատագիրն էլ է անորոշ դառնալու։ Հիմա սպասում ենք, բայց մի բան էլ ասեմ, եթե բերձորցիներին պետք լիներ Բերձորը նոյեմբերի 9ից հետո դուրս չէին գա գնան, կմնային իրենց տներում, ոչ թե էսօր սրտաճմլիկ բաներ հայտարարեին քաղաքի տաքուկ անկյունում նստած։ Թող պայքարեին հողը պահելու համար, ոնց ենք ստեղի մնացած մարդկանցով մնացել։ Գիտեք՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասեց ընտանիք գոյություն չունի, բառի բուն իմաստով սաղ կախվեցին էդ բառից, բայց իրականում էլ մի տասնհինգ-քսան  ընտանիք են մնացել, Սուսում բացարձակ ընտանիք չկա։

-Բայց գալու է չէ՞ օրը, որ ստիպված հեռանաք Բերձորից։

-Մենք ոչ մի տեղ էլ չենք գնալու, թող մեկը գա ինձ ասի, որ պիտի գնամ իմ տնից։ Իզուր մեզ թող չվախեցնեն իրենց հայտարարություններով։ Նոր ճանապարհը գիտեք ինչ դաժան բան է լինելու, փաստորեն մենք նստելու ենք սարի գլխին ու նայենք մեր տներին,  սրանից դաժան ճակատագիր Դուք պատկերացնում եք։ Ավելի լավա ես իմ տան մեջ մեռնեմ, քան վեշերով մեշոկը գցեմ ուսերիս ու բռնեմ գաղթի ճանապարհը։ Ես 1994թ․ -ից ստեղ եմ ապրում, ես ոնց իմ ապրուստը, իմ պատմությունը թողեմ՝ գնամ թափառական դառնամ, դե ասեք․․․։

-Ինչո՞ւ Ձեր համաքաղաքացիները Ձեզ նման չմնացին նոյեմբերի 9-ից հետո։

-Որովհետեւ տեսան համատարած խուճապ, եթե մարզպետը ինքն էր իր տան լուսամուտները քանդում տանում, բա շարքային քաղաքացին ինչ պիտի աներ։ Պետականորեն տարհանման հրաման չի եղել, բայց տեղի փոքրիկ իշխանավորները ու Բերձորի պարետը՝ Սուրիկ Խաչատրյանը, բոլոր բերձորցիներն են նրան ճանաչում՝ արհեստական խուճապ առաջացրեցին, մարդիկ էլ, ինչ ասեմ հավատացին թողեցին տուն-տեղ ու փախան։ Իսկ էսօր էդ նույն Սուրիկ Խաչատրյանը էսօր Կրասնադարում միլիոնների հետ է խաղում, իսկ բերձորցիները հացի խնդիր են լուծում տարբեր տեղերում ժամանակավոր կեցություն հաստատած։ Բայց ասում եմ պետականորեն տարհանման հրաման չի եղել՝ ոչ ՀՀ, ոչ ԱՀ իշխանությունների կողմից։

-Հիմա ինչո՞վ եք այդտեղ զբաղվում։

-Խանութ ունեմ, ռուսի հետ առեւտուր եմ անում։ Հիմնականում ռուս խաղաղապահներն են այսօր Բերձորում, մեր անվտանգության միակ երաշխավորը այսօր խաղաղապահներն են, մենք էլ հույսներս իրանց վրա դրած ապրում ենք, դժգոհություն էլ չունենք։ Ռուսները, եթե չլինեին, ադբեջանական կալոննաների պրովակացիաներին, մենք չէինք կարող դիմադրել։ Իսկ պրովակացիաներ անում են միշտ, ուղղակի մենք ձիգ ենք, ռուսներն էլ չեն թողնում շատ, այսպես ասած, լոճվեն։ Ասում եմ քանի ռուս խաղաղապահները ստեղ են, ես ստեղից դուրս չեմ գալու, որ  օրը ռուս խաղաղապահները լքեցին Բերձորը, այդ օրն էլ ես կթողեմ կգնամ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ