• 20/07/2022

ՌԴ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են (Տեսանյութ)

ՌԴ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են (Տեսանյութ)

Հայտարարություններից մեկը, որով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում, գալիս է հուշելու, որ խորքային պայմանավորվածություններ Էրդողանի հետ ձեռք են բերվել:

Այսպես, խեսելով Պուտինը Սիրիայից ԱՄՆ-ի և արևմտյան այլ ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին, միտքը զարգացրեց այսպես. «Պետք է ընդմիշտ վերջ տալ ԴԱԻՇ-ի և ծայրահեղական այլ խմբավորումների ներկայությանը Սիրիայում: Թույլ տվեք շեշտել, որ հատկապես մտահոգիչ է սիրիական իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը։ Այդտեղից են գալիս հանցագործության, ծայրահեղականության, անջատողականության իրական սպառնալիքները։ Դրան շատ առումներով նպաստում է ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունների կործանարար գիծը, որպեսզի ի վերջո հարցը հասցնեն սիրիական պետության կազմաքանդմանը: Ուստի, ցանկալի է, որ մեր ձևաչափով լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն՝ ուղղված այս տարածքներում իրավիճակի կայունացմանն ու դրանք Սիրիայի օրինական կառավարության վերահսկողության տակ վերադարձնելուն»։

«Սիրիական իշխանությունների կողմից չվերահսկվող» հիմնական տարածքները Եփրատից արեւելք գտնվող գոտին է, որտեղ վերահսկողությունը ԱՄՆ-ի հովանավորյալ քրդերի ձեռքին է: Այն նույն քրդերի, որոնց ուղղությամբ ռազմական օպերացիայի է պատրաստվում Էրդողանը` բողոքելով Թուրքքիայի դեմ ուղղված «հանցագործություններց, ծայրահեղականությունից», ահաբեկչությունից եւ այդպես շարունակ: Այսպիսով, եթե նույն վտանգը տեսնում է նաեւ ՌԴ-ն, Իրանը, ապա Պուտինի միտքը, թե` «մեր ձևաչափով լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն՝ ուղղված այս տարածքներում իրավիճակի կայունացմանն ու դրանք Սիրիայի օրինական կառավարության վերահսկողության տակ վերադարձնելուն», դա այն է, ինչի մասին երազում է Անկարան, եւ որը թույլ չտալու համար ԱՄՆ-ն շատ բանի է պատրաստ: Բայց ահա, ունենալով ՌԴ-ի հետ նման «ընբռնում», Էրդողանը կարող է շատ ավելի ազատ գործել, իսկ քրդական այդ հատվածում առկա ամերիկյան փոքրաթիվ ուժերը հազիվ թե լուրջ խոչնդոտ դառնան:

Կարճ ասած, որ ՌԴ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են քրդերի հարցով, կարծես թե ակնհայտ է, եւ դա հուշում է, որ պայմանավորվել են բոլոր հարցերով: Արդյունքում, քրդերին մեկ ելք է մնում` անցնել պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ` հրաժարվելով ամերիկյան հովանավորությունից: Այն, ինչը, ըստ էության, առաջարկում է Պուտինը: Հակառակ դեպքում թուրքական մասշտաբային հարվածներից չեն խուսափի: