- 29/07/2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպա՞նն է այդքան միամիտ, թե՞ 120 միլիոն դոլարանոց նոր աֆերիստություն են սկսում
Այո, այն քննարկումները, որոնք Պուտինն ու Էրդողանը սկսել են Թեհրանում եւ կշարունակեն օգոստոսի 5-ին Սոչիում (տե´ս նաեւ https://soyuz.iravunk.am/29740/), միանշանակ Հայաստանի համար եւս ծայրահեղ կարեւոր է: Եվ ոչ միայն այն առումով, թե ինչ կպայմանավորվեն կամ միգուցե չեն պայմանավորվի Մոսկվան եւ Անկարան: Այլ նաեւ, որ ակնհայտորեն Վաշինգտոնը գերակտիվանում է հայաստանյան ուղղությամբ, եւ ռուս-թուրքական պայմանավորվել-չպայմանավորվելուց է կախված, թե ամերիկացիներն ինչի կհասնեն այստեղ:
Ամերիկացիների ակտիվացման հերթական փաստը հայաստանյան «դեմոկրատիայի զարգացման», այսինքն՝ «հայաստանյան դեմոկրատիայի հորը» 120 միլիոն դոլար նվիրելն է: Ավելի ստույգ՝ «68.565.000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար» եւ «51.435.000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության»: Այսինքն՝ ուղղություններ, որոնցով գումարներ ուղղելով, որպես կանոն, պետք է «բարի ախորժակ» մաղթել:
Թե ինչի վրա է Նիկոլն այդ փողը ծախսելու, թե ինչ պետք է հասկանալ «ժողովրդավարության խթանման» տակ, որ դատարաններում էլ քաղբանտարկյալներ չե՞ն մահանա, թե՝ կրկնակի շատ կմահանան, դեռ կտեսնենք: Մինչ այդ, նկատենք, որ մեր երկիրը լքել պատրաստվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, այդ 120 միլիոնի մասին որոշմանը զուգահեռ, նաեւ հայտարարեց, թե ԱՄՆ-ն ինչ է սպասում Հայաստանից: Իհարկե, ոչ բաց տեքստով պետք է հասկանալ:
Այսպես, «Ազատության» եթերում դեսպանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային բաղձալի ցանկություններից մեկը մնում է Մինսկի խումբը վերագործարկելը: «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ: Այդ առաջարկը մնում է բաց: Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին: Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի եւ գաղափարների մասին»,- ասել է դեսպանը:
Պահո, պարզվում է Լավրովը մի քանի օր Զախարովայի հետ միասին գրեթե գոռում էին, թե Մինսկի խումբ գոյություն չունի, իսկ ամերիկացիներն անգամ չե՞ն լսել ռուսների արձագանքը: Ու կամ էլ այս ի՞նչ է ասում դեսպանը, «ռուս գործընկերնե՞ր»: Տիկին Թրեյսին վստա՞հ է, որ այդ խոսքից հետո Վաշինգտոնն իրեն «գլխիվայր չի կախի»: Թե՞ նա այդ տերմինը Պետդեպարտամենտի «դաբրոյով» է օգտագործում: Այսինքն, ի դեմս դեսպանի, Բլինկե՞նն է ռուսներին «գործընկեր» համարում: Այն նույն ռուսներին, որոնց Պետդեպարտամենտը «մեկուսացրել» է բոլոր միջազգային հարթակներում: Եվ այս տրամաբանությամբ. եթե ամեն տեղ մեկուսացնում են, ինչո՞վ է բացառիկ ՄԽ-ն, որ այստեղ ռուսները «գործընկեր» են: Եվ սա այն բանից հետո, երբ փետրվար-մարտին իրենք «թաղեցին» ՄԽ-ն: Ու հիմա ի՞նչ փոխվեց, որ ռուսները նորից «գործընկեր» են:
Չնայած, այստեղ արտառոց բան չկա. դեսպանը պարզապես հենց միայն այդ մեկ արտահայտությամբ հաստատեց այն, ինչը բազմիցս պնդել ենք: Որ չկարողանալով «Բրյուսելի ձեւաչափ» ստեղծել՝ արցախյան ուղղությունը Մոսկվայից խլել, Վաշինգտոնը վերադառնում է «կոտրված տաշտակին»՝ ՄԽ-ին: Նաեւ, որ դա առաջնային խնդիր է համարում, հաշվի առնելով այն արտառոց կարեւորությունը, որը Հարավային Կովկասը ձեռք է բերել ներկա իրավիճակում: Ասենք, դեսպանը նաեւ դա է հաստատում՝ ասելով. «Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաեւ այս տարածաշրջանում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված իրավիճակի վրա…»: Սա էլ է ցնցող. 44-օրյա պատերազմի ընթացքում «թքած ունեին», իսկ ահա հիմա, չնայած Ուկրաինային, արցախյան ուղղությամբ այնքան են կենտրոնացել, որ ռուսները դարձել են «գործընկե՞ր»:
Բայց ի՞նչ են սպասում Նիկոլից: Նա չէ, որ կարող է ՄԽ-ն վերակենդանացնել: Դրա համար նախ պետք է Ալիեւին ստիպեն կամ այդ 120 միլիոնը նրան առաջարկեն: Դեսպանը, ի պատասխան այդ դիտարկմանը, այս միտքն է առաջ տանում՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձեւաչափն օգտագործելու համար: Այսինքն, դեռ չե՞ն գտել այդ ուղիները, բա գտեք, նոր կխոսեք: Չնայած, ուղին մեկն է. քանի դեռ Մոսկվան չի համաձայնել, որ կա ՄԽ, եւ այն զբաղվում է արցախյան չլուծված հարցով, եւ եռակողմ ծանր ճնշում չի գործադրվել Ալիեւի վրա, ՄԽ-ն վերականգնելու որեւէ տարբերակ չկա: Ու հենց դրա համար է, որ ռուսները Վաշինգտոնի համար դարձան «գործընկեր»:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նման առաջարկով տիկին դեսպանը խաղում է Մոսկվայի օգտին: Այսինքն, Մոսկվան կհամաձայնի նման առաջարկին, թե՝ ոչ, դա նրա համար դառնում է հավելյալ ճնշման լծակ Ալիեւի վրա:
Չնայած՝ նաեւ չբացառենք, որ սա միանգամայն այլ խաղ է, որ այսպիսով Վաշինգտոնը Նիկոլին «թիկունք» է դառնում, որ նա հայտարարի՝ քանի դեռ չի վերականգնվել ՄԽ-ն, ես չեմ բանակցում: Իսկ դա նոր պատերազմի տանող ամենակարճ ուղին կարող է դառնալ: Այ, նման օպերացիայի համար արժե «հայկական դեմոկրատիայի» համար 120 միլիոն տալ: Բայց մեծ հարց է՝ կաշխատի՞ դա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ