- 09/08/2022
«Ուկրաինայի պատերազմի առաջիկա երկու ամիսները վճռորոշ են լինելու»,- Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար
Ուկրաինայի պատերազմի հաջորդ երկու ամիսները բեկումնային են լինելու, և մինչև հոկտեմբեր պետք է որոշ հիմնարար որոշումներ կայացվեն։
Polsat News-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։
«Բոլորը սպասում են հարձակման (Ուկրաինայի Զինված ուժերի` երկրի հարավում), քանի որ դրա հաջողությունը պայմաններ կստեղծի ինչ-որ բանակցությունների, խաղաղության կամ գոնե հրադադարի մասին: Նման ոչինչ դեռ չի կատարվում: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ առաջիկա երկու ամիսները կարող են վճռորոշ լինել»,- ասել է Սոլոխը։
Նա պարզաբանել է, որ «ինչ-որ հիմնարար որոշումներ պետք է ինչ-որ տեղ ընդունվեն մինչեւ հոկտեմբեր»։
Բացի այդ, ըստ նրա, ուկրաինական հակահարձակում սկսելու համար «անհապաղ մեծ քանակությամբ զենք է անհրաժեշտ»։
Մինչդեռ նախօրեին ԱՄՆ-ը հայտարարել է, որ բավական քանակությամբ համազարկային կայանքներ են մատակարարել Ուկրաինա և այժմ կենտրոնանալու են միայն նրանց համար զինամթերք մատակարարելու վրա։ Այն դեպքում, երբ այդ կայանքների մեծխ մասն արդեն ոչնչացված է:
Միաժամանակ, Ուկրաինայում լայնորեն գովազդված «հակահարձակումը» տեղափոխեցին հաջորդ տարի։