- 01/10/2022
Ավելի մեծ արհավիրք է գալիս, ցունամի է լինելու մեր երկրի վրա. Հայկ Նահապետյան
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ` վիճակը շատ ծանր է` դեռեւս սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով դիրքային առաջխաղացման պատճառով: Այս մասին նա մանրամասներ ներկայացրեց «Իրավունք TV»-ի տաղավարում:
«ՈՒՆԵՆՔ ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ»
— Ի վերջո, ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին` սեպտեմբերի 13-ից թշնամու կողմից նոր թափ առած հարձակումների հետեւանքով:
— Այդ ռազմական գործողությունների հետեւանքով բավականին լուրջ կորուստներ ենք ունեցել: Բայց գործնականում չեն խոսում, թե ինչպես եղավ, ինչեր ենք կորցրել: Մեր տղաներն ու սպաներն արիաբար կռվել են, բայց հակառակորդը շատ առումներով ուներ գերակայություն: Երբ տեսնում ենք, թե ինչ խրամատներում են եղել մեր տղաները, այդքանից հետո` նախորդ բոլոր ԶՈՒ գլխավոր շտաբի պետերին ու պաշտպանության նախարարին պետք է գնդակահարության պատի տակ կանգնեցնել: Նայել եմ ադրբեջանական տեսանյութերը, տեսել եմ, թե ինչ խրամատներում ու խրամուղիներում են եղել մեր տղաները եւ հասկանում եմ, թե որը որից հետո է: Այս երկու տարվա ընթացքում ի՞նչ են սարքել, ոչինչ, որովհետեւ խնդիր է դրված` կռվով պարտվելու: Ինչպես Արցախում կռվով պարտվեցինք, հիմա էլ կռվով պիտի պարտվենք ու տանք Հայաստանի մի մասը: Ու դեռ կա՞ն մարդիկ, որ կարծում են, թե Հայաստանի մի մասը վերցնելուց հետո` Ադրբեջանը հայտ չի ներկայացնելու ամբողջ Հայաստանը վերցնելու: Չէ որ Ալիեւն ասում է, որ Երեւանն էլ է իրենցը:
— Գլխավոր շտաբի պետն ասում էր, որ «հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով՝ մինչեւ 7,5 կմ խորությամբ»: Եվ, ըստ էության, մինչեւ այժմ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Գլխավոր շտաբի պետի ասածները շատ տեղերում իրականությունից բավականին հեռու են: Նկատի ունեմ, որ թվերը նվազ են ներկայացվում: Բայց սրա փոխարեն` թող ներկայացնեին, թե ինչ կորուստներ ենք ունեցել մենք եւ հակառակորդը: Սովորաբար, այդպես պետք է լիներ: Հիշո՞ւմ եք, 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ զոհերի անուն-ազգանունները մեկ-երկու շաբաթ անց ցուցակով հրապարակվեց: Որովհետեւ զոհերն այդքանն էին, չկար մի այդքան էլ զոհված, որի ծնողներն ասեին՝ բա մեր տղայի անունն ինչո՞ւ չկա: Այսօր չեն հրապարակում զոհերի քանակը, որովհետեւ շատ է, վիրավորները` եւս: Ունենք լուրջ մարտական հենակետերի կորուստ: Հակառակորդը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա է, ու դրա մասին չի ասվում: Կորցրել ենք լրջագույն զինտեխնիկա` ՀՕՊ եւ ՌԵՊ համակարգեր, հրետանի եւ այլն: Կարեւոր հենակետերի մեծ մասը` Վարդենիսից մինչեւ Կապան վերցված է: Այսինքն` իրենց հաջորդ քայլն այդտեղից է լինելու եւ նաեւ Նախիջեւանի կողմից: Իհարկե, դիմադրություն կլինի, ով հասցրեց փախեփախ անելով կգա Արարատ եւ Երեւան, իսկ մնացածը մինչեւ վերջ կռվելով այդտեղ էլ կմնան… Սխալ է հարցազրույցում այս ամենի մասին բարձրաձայնելը, որովհետեւ այն կարող է որոշակի խուճապ առաջացնել: Բայց ես այլ ձեւ չունեմ` ընդդիմադիր դաշտի ռեսուրս ունեցող լիդերներին եւ նույնիսկ իշխանություններին ասելու, որ վիճակը սա է: Վաղն այսքան կորուստներից հետո, որեւիցե կուսակցական կառույցի ղեկավար, որեւիցե ՔՊ-ական ու իշխանավոր երաշխավորված չէ իր եւ իր ընտանիքի անդամների ֆիզիական անվտանգությունն ապահովելու հարցում: Չեն պատկերացնում, թե ինչ է լինելու այստեղ: Այսքան կորոստներից հետո՝ մարդիկ, երբ այլեւս անիմաստ են տեսնում իրենց ապրելը, պատրաստ են ամեն ինչի: Այսպիսի մարդիկ տեղով սուր են. մեկը կողքից հուշեց, թե մեղավորը ով է, ասենք, ՔՊ-ից այսինչ պատգամավորը, որը բացառապես մեղավոր էլ չէ, նա գնալու է այդ ՔՊ-ականի հետեւից:
«ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱՆԵԼԻ ԹՎԱԼ»
— Բայց չէ՞ որ իշխանությունը վստահաբար պնդում էր, թե «խաղաղության դարաշրջան» են բացելու: Ի՞նչ եղավ այդ գործընթացը:
— Ամեն հիմարություն ես չեմ մեկնաբանեմ: Պարտված երկիր ենք, մարդիկ վախենում են պատերազմից, որ արյուն կթափվի, էլի զոհեր կլինեն, իսկ երբ Փաշինյան Նիկոլն ասում է` խաղաղություն…Սկսում են մտածել, թե Փաշինյանին պաշտպանեմ, որ խաղաղություն լինի: Իսկ ես ասում եմ, թե ինչ է մեզ սպասվում, ավելի մեծ արհավիրք է գալիս, ցունամի է լինելու մեր երկրի վրա: 2018-ից սկսած` քայլ առ քայլ ասել եմ, թե ինչ է լինելու: Ու ինձ հարցնում են` որտեղի՞ց գիտես, որ ինչ ասում ես, մի քանի ամիս հետո լինում է: Պարզապես, այս տարածաշրջանում ԱՄՆ գործողությունների ռազմավարական նպատակը գիտեմ: Ավելին ասեմ` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատահական չէր Ավարայրի ճակատամարտի նկարի դիմաց կանգնել ու ելութ ունենում: Պարզ ասում են, թաքցնելու խնդիր էլ չունեն, որ իրենց նպատակն Իրանն է, որի դեմ պատերազմում Հայաստանը պետք է սատարի Միացյալ Նահանգներին: Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Եթե չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն` պատերազմով կվերցնեն»: Գուցե բառացի չեմ մեջբերում, բայց ասվածի էությունը սա էր: Նա որեւիցե մեկի անունը չէր տալիս, բայց Մեղրին տվողը ո՞վ է, ժողովո՞ւրդն է տալու: Մեղրիում ազդեցություն ունի ՌԴ զինուժը` 102-րդ ռազմաբազայի եւ սահմանապահ ուղեկալների միջոցով: Հետեւապես, Փաշինյան Նիկոլի ասածը վերաբերում էր նրան, որ եթե ռուսները չտան, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կռվով կվերցնեն: Հիմա հենց սա է տեղի ունենում, ի՞նչ խաղաղություն: Զգուշացնում եմ` Իրանի դեմ ամերիկյան կռվում Հայաստանի տարածքը դառնալու է ռազմական գործողությունների թատերաբեմ, ինչը բերելու է ավեր, զոհեր ու կործանում: Իսկ դրանից հետո` Հայաստանն ԱՄՆ-ին էլ պետք չէ: Թուրք-ադրբեջանական բանակը կմտնի այստեղ, եւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեզ համար երանելի կթվա, որովհետեւ հիմա կարող է նույնիսկ 9 հազ. քառ կմ մեզ չմնալ:
— Կարողանալո՞ւ ենք Ռուսաստանին համոզել, վստահեցնել, որ այս սցենարի հետ հանրությունը համաձայն չէ:
— Ռուսաստանը պետք է տեսնի` ո՞վ է այդ հանրությունը: Եթե լիներ նման հանրություն, ապա Նենսի Փելոսիի այցի դեմ 20 հազար հոգանոց հանրահավաք կլիներ` սկսած օդանավակայանից: Չէ որ այդ տիկինն այստեղ էր գալիս այս ավերի համար: Թեպետ, ի աջակցություն Նենսի Փելոսիի էլ, այդքան փողեր ներարկելուց, գործակալների, կոմպրոմատների, թմրամոլների, «պեդառաստների», քաղաքական գաստրալյորների հավաքելով` ընդամենը մի քանի 100 հոգի մարդ էին հավաքել: Ամեն դեպքում, եթե 20 հազար հոգի կանգներ ու ասեր` այստեղ իշխանություն չկա, բայց կա հանրություն, որը դեմ է այս այցին, նոր կարելի էր խոսել Ձեր նշած հարցի մասին: Այդ 20 հազար հոգին, իհարկե, կա, բայց նրանց կազմակերպել եւ այնտեղ տանել էր պետք, իսկ կազմակերպողը պետք է քաղաքական ուժերը լինեին, ինչո՞ւ չարվեց: Եթե չեն գիտակցում այս ամենը, ուրեմն` ընդհանրապես քաղաքականության մեջ չպետք է մտնեն, չասեն` մենք քաղաքական ուժերի ղեկավար ենք, հայտ ենք ներակայացնում` իշխանություն վերցնելու: Տարրական գիտելիք է պետք հասկանալու համար, որ այս ավերի դեմը ռուսն է առնելու` առաջին հերթին` մեր չէ, իր շահերից ելնելով: Ռուսին ձեռք չի տալիս 80 միլիոնանոց իրանական շուկան կորցնել: Իրանն իր համար շատ կարեւոր է տնտեսական առումով, եթե չասեմ ռազմականը: Իրանը` որպես շիա մահմեդականության ավանգարդ դրոշակակիր պետություն, շատ երկրներում ազդեցություն ունի, որտեղ կան շիամահմեդականներ: Ռուսաստանն այդ գործոնը կարող է ի շահ իր պետության օգտագործել: Այսինքն` Իրանը Ռուսաստանի համար ստրատեգիական գործընկեր է դառնում` հայտ է ներկայացրել` ԵԱՏՄ-ին անդամակցելու, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու: Այստեղ շահերի բավականին լուրջ համադրում կա, եւ եթե այս ամենն էլ դնենք մի կողմ, ապա կա ընդհանուր թշնամի` ի դեմս ԱՄՆ-ի: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կռվում են Ուկրաինայում, իսկ այստեղ էլ Իրանի դեմ են սկսում: Մի քիչ գռեհիկ ձեւով ասեմ, բայց Հայաստանը «քացու տակ է ընկնելու» եւ դառնալու է պատերազմի թատերաբեմ: Մեր տարածքով գնալու են ու գան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.