- 05/10/2022
Նիկոլը կստորագրի՞, թե՞ «պատահաբար հասկացավ», որ Ալիեւը շատ բան է պահանջում
ՔՊ-ական կարկառուն պատգամավոր Վիգեն Խաչատրյանը բացեց փակագծերը, թե Արցախի հետ կապված ինչ մոտեցում ունեն ՌԴ-ն եւ Արեւմուտքը: Չէ, այստեղ նոր բան չկար, պարոն Խաչատրյանը հաստատեց այն, ինչը երկար ժամանակ պնդում ենք: Այստեղ էականն այն է, որ ի դեմս Խաչատրյանի, իշխանություններն այդ պնդումներն ընդունեցին:
«ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ»
Այսպես, Վ.Խաչատրյանն «Իրավունքին» տված հարցազրույցում հաստատեց, որ Արցախի հետ կապված ռուսների տեսակետն այն է, որ՝ «Կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում»: Իսկ ահա Արեւմուտքի կամ, ըստ պարոն Խաչատրյանի՝ «միջազգային հանրությունը» այն մտքին է, որ՝ «Արցախը՝ Ադրբեջանի մաս է, բայց պնդում են, որ կարգավիճակի հարցը հիմա պիտի լուծվի»: Ու միաժամանակ պարոն Խաչատրյանը ֆիքսեց նաեւ, թե՝ ծրագրում են «մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել»:
Այս ամենից հետեւությունը մեկն է: Այն, որ այս պահին Նիկոլն ու Ալիեւը գնում են Արեւմուտքի առաջարկած «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ, անհերքելի փաստ է: Իսկ ահա Արեւմուտքի տեսլականը, որը հնչեցրեց պարոն Խաչատրյանը,նախատեսում է բոլոր հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի խնդիրը լուծել հենց «հիմա», այն է՝ այդ «խաղաղության համաձայնագրի» համատեքստում: Կարո՞ղ է այլ կարծիք լինել, որը նշանակում է Արցախը վերջնականապես հանձնել Ադրբեջանին, իսկ կարգավիճակը կլինի սա՝ ադրբեջանական սովորական սուբյեկտ, ինչպես մյուս տարածքները: Միաժամանակ, կարո՞ղ է այլ կարծիք լինել, որ նման փաստաթուղթ ստորագրելը կլինի Հայաստանի առնվազն վերջին 100 տարվա պատմության մեջ նախադեպը չունեցող դավաճանություն:
Միգուցե այլ տարբերակ չունենալով, Հայաստանը ստիպված լիներ գնալ դրան, ինչը փորձում էր Նիկոլի «կնքահայր» ԼՏՊ-ն բացատրել, թե ճար չունենք, պետք է կապիտուլացվենք: Միայն թե հենց նույն Խաչատրյանն է «բերանից փախցնում», որ այլընտրանք Հայաստանն ունի: Մոսկվան, ինչպես 2020թ. նոյեմբերին, հիմա էլ այն կարծիքին է, որ «կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում»: Ընդ որում, հենց դա է բխում ողջ եռակողմ գործընթացից, որի հիմքում դրված է երեք պայմանավորվածություն: Ու հաշվի առնելով փաստը, որ իշխանության ներկայացուցիչը միանշանակ խոսում է այդ մասին, կարելի է հասկանալ, որ այդ առաջարկն իշխանություններին ներկայացվել է, քննարկում է եղել, բայց չնայած դրան, նախընտրել են գնալ Արեւմուտքի սցենարով, որը, կրկնենք, Հայաստանի եւ Արցախի համար վատթարագույնն է: Պարոն Խաչատրյանը հայաստանյան իշխանական խունտայի այդ ընտրությունը փորձում է բացատրել հայտնի քարոզչական մոտեցմամբ, թե՝ «Հիմա կարեւորը՝ անվտանգության խնդիրները եւ իրավունքները, որ իրենք ստանձնել են, որ կերաշխավորեն, բայց, ինչպես տեսնում եք, այնքան էլ չի ստացվում»: Սակայն սա այս ողջ կեղտոտ խաղի ամենագարշահոտ դրվագներից մեկն է՝ քարոզել, թե ռուսները բան չեն անում, ընդ որում, դիմելով բացահայտ ստի: Օրինակ, այդպես էլ Ալեն Սիմոնյանը չհիմնավորեց, թե այդ ինչի՞ հիման վրա էր հայտարարում, որ վերջին բախումները ամերիկացիներն են կանգնեցրել, այն դեպքում, երբ նույն ամերիկացիներն են ընդունում, որ չէ, ռուսներն են, իրենք մի փոքր օգնել են: Արդյունքում, այդ չհիմնավորված հայտարարության վրա մի ամբողջ քարոզ սարքեցին, թե՝ ռուսների մոտ «այնքան էլ չի ստացվում», եւ դա դարձրել են Արեւմուտքի սցենարով Արցախը վերջնականապես «ծախելու» դրոշ: Մինչդեռ այդ «աֆյորան» հերքելը շատ հեշտ է: Այդ թվում հիշեցնելով, որ վերջին բախումները որեւէ կերպ Արցախի վրա չազդեցին այն պատճառով, որ այնտեղ ռուսներն են: Նաեւ, որ Արցախն այս պահին գոյություն ունի այն նույն պարզ պատճառով, որ ռուսական բանակը 2020թ.-ին մտավ այնտեղ, եւ այն ժամանակ չկարողացան ավարտին հասցնել միանգամից ամեն ինչ ազերիներին հանձնելու ծրագիրը:
ԱՐՑԱԽԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Այսպիսով, հիմա ամեն ինչ դարձել է անթաքույց: Երեւի ՔՊ-ական վերնախավն այն մտքին է, թե մտել են անշրջելի գործընթացի մեջ, ոչինչ չի կարող խանգարել դրան, ուստիեւ՝ կարելի է նաեւ բաց խաղալ…
Կամ միգուցե պատահական չէ՞, որ Նիկոլի ներկայացուցիչները սկսել են փակագծեր բացել: Ավելին, անգամ Նիկոլն է իր «տնական լրատվամիջոցով» շրջանառության մեջ դնում այն թեզը, թե՝ Ադրբեջանն Արցախի համար «0 կարգավիճակ» է նախատեսել, որը, կրկնենք, ուղղակիորեն բխում է ամերիկյան ձեւաչափով «խաղաղության պայմանագրից»: Ու անմիջապես նիկոլյան դրանիկների, այսպես ասենք, «ոչ մաքուր սորոսական» թեւը լծվեց քարոզի, թե ինչ 0 կարգավիճակ, «այդպիսի փաստաթուղթն անընդունելի է ամենաքիչը»: Չէ, մի տեսակն լավ չի ստացվում. «խեղճ» ԱԽՔ-ը հասնում է ամերիկաները, այնտեղից՝ բրյուսելները, «խաղաղություն» է դզում-փչում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում, իսկ այստեղ, օրինակ, ինչ-որ Հովիկ Աղազարյան վեր է կենում, թե՝ «նե՞տ»:
Չնայած՝ այն տպավորությունն է, որ այս անգամ էլ Արցախն ամեն բան փչացրեց: Այսպես, Նիկոլը նախօրեին խոսելով ԱԳ նախարարների կողմից «խաղաղության պայմանագրի» տեքստ պատրաստելուց, իր համար մեկ էական «ձիու քայլ» էր մտածել, թե՝ կհրաժարվի Արցախի փոխարեն բանակցելուց (բացատրելով, որ Արցախն ուզում է ինքնուրույն Ադրբեջանի հետ բանակցել), եւ եթե «խաղաղության պայմանագրում» Արցախի անունը չլինի, այսինքն՝ Արցախով հանդերձ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես կկարողանա արդարանալ՝ բա ես ի՞նչ անեմ, Արցախն առանձին է բանակցում Ադրբեջանի հետ:
Բայց ահա Ստեփանակերտն արագորեն դրա դեմն առավ՝ Նիկոլի այդ ելույթի հիման վրա հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հայտարարությունով, որտեղ ֆիքսվում են հետեւյալ դրույթները.
Ա- Արցախը չի հրաժարվում իր ինքնորոշման իրավունքից:
Բ- Արցախի անվտանգությունը պետք է ապահովվի «թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով… Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը»:
Գ- Անընդունելի համարեց «որեւէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը», եւ ակնհայտորեն խոսքը ամերիկյան մոդելով «խաղաղության համաձայնագրի» մասին է:
Դ- Քանի դեռ Արցախը հակամարտության կարգավորման բանակցություններում լիիրավ կողմ չէ, ապա «Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու եւ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում»:
ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ
Կարճ ասած, նշված շրջանակներում Նիկոլը ՊԱՐՏԱՎՈՐ է բանակցել Արցախի անունից, այսինքն, նրա հիշատակված մանիպուլյացիան չստացվեց: Ու հիմա, իհարկե, Նիկոլը կարող է պաշտոնապես հրաժարվել Արցախի անունից բանակցել, կարող է գնալ ու ամերիկացիների եւ ազերիների պահանջած «խաղաղության պայմանագիրը» ստորագրել: Բայց միայն պարզ գիտակցելով, որ ինքն անձամբ է դառնալու Հայաստանի առնվազն վերջին 100 տարվա այն ղեկավարը, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի սովորական տարածք՝ դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Նաեւ պարզ հասկանալով, որ ԼՏՊ-ն այն միամիտը չէ, որ նրա հետ պատասխանատվություն կիսի:
Թերեւս, այդ ամենը հասկանալով, Նիկոլը որոշեց բացել ազերիների պահանջները՝ տողատակերում ցույց տալով նաեւ դեպի ամերիկյան «խաղաղության պայմանագիր» տանող կապերը, զուգահեռաբար ակնարկելով նաեւ, որ ռուսների դիրքորոշումն Արցախի կարգավիճակը հեռու ապագայում որոշելու հետ կապված օրակարգում է: Կարճ ասած, Նիկոլը, թերեւս գիտակցված, իրեն թակարդ տարավ՝ ոչ միայն ի ցույց դնելով լիակատար անընդունելիությունը, այլ նաեւ, որ կա այլընտրանք: Այսինքն, եթե հիմա գնա անընդունելի տարբերակով, պետք է նաեւ բացատրի՝ ինչո՞ւ:
Սակայն սա նրա համար ելք չէ: Թե ինչու է գնում ամերիկյան սցենարով, կարելի է հասկանալ՝ տեղը տեղին այնտեղից «խնդրել» են՝ դա համեմելով մեր տեղական «ոտից-գլուխ սորոսածինների» գործողություններով եւ պետք եղած պահին՝ Ալիեւի գրոհներով: Ու երբ դա դառնում է գերիշխող, գալիս է «ստորագրելու» պահը: Ապա սկսվում են այդ «ստորագրելու» դեմ այլ ուղղություններից ճնշումները, ու հիմա էլ գալիս է «չեմ ստորագրելու» պահը: Միայն թե այդ տատանումների միջակայքը գնալով նվազում է, վերջնական որոշում է պետք, որը Նիկոլն այդպես էլ չի գտնում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ