- 05/10/2022
Էրդողանն ու Ալիեւը դեռ «եղբայրնե՞ր» են
Արցախյան եւ հայ-ադրբեջանական այս խառը իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238105&l=am) հայտնի դարձավ, որ Էրդողանը որոշել է հանդիպել Նիկոլի հետ: Ըստ նախնական վարկածի, հանդիպումը նախատեսված է վաղը՝ հոկտեմբերի 6-ին: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»,- տեղեկացրել է թուրքական «Sabah»-ը, նաեւ մի տեսակ «անհավես» ակնարկելով, որ կխոսեն նաեւ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին»:
Հասկանալի է, որ Ադրբեջանի հարցը չի կարող այդ հանդիպումը շրջանցել: Բայց մյուս կողմից էլ հարց է՝ այն բանից հետո, երբ Նիկոլը սկսեց Ադրբեջանի պահանջները ներկայացնել անթույլատրելիության լույսի ներքո, Էրդողանի հետ հանդիպումը տեղի կունենա՞: Հաշվի առնելով, որ դա արդեն ձեռք է բերում «ինդիկատորի» իմաստ:
Նկատի ունենք Թուրքիայի այն բազում հայտարարությունները, որ եթե «խաղաղության պայմանագրի» հարցը գնա փակուղի, ապա նաեւ հայ-թուրքական թեման, դրանով հանդերձ՝ բարձր մակարդակի հանդիպումն է կորցնում իմաստը: Եվ ահա մի կողմից, «խաղաղության պայմանագրի» հարցում նորից անորոշություններ կան: Եվ մյուս կողմից, եթե դրանցով հանդերձ Էրդողանի ու Նիկոլի հանդիպումը կայանա, դա արդեն հետաքրքիր մտորումների տեղիք կտա:
Բանն այն է, որ այս պահին կա մեկ մեծ հարցական, թե իրականում Էրդողանին պե՞տք է հենց այս պահին արցախյան հանգուցալուծումն այն տեսքով, որը բխում է ամերիկյան նմուշի «խաղաղության համաձայնագրից»: Այսինքն, եթե ամերիկյան ուլտրալիբերալ թեւը հասնի նման փաստաթղթի ստորագրման, ապա Էրդողանը կկարողանա՞ այն աստիճանի վերահսկողություն պահպանել «փոքր եղբոր» նկատմամբ, որ կարողանա այդ վերահսկողությունը ծավալել նաեւ ողջ Հարավային Կովկասում: Թե՞ Ալիեւը այդ իրավիճակում այլեւս չունենալով Թուրքիայի աջակցության կարիքը, ավելի կնախընտրի հանդես գալ ինքնուրույն խաղացողի դերով՝ փորձելով Թուրքիայի հետ ուղղահայացից անցնել հորիզոնական հարաբերությունների: Հաշվի առնելով նաեւ, որ Ադրբեջանում, խոշոր հաշվով, գերիշխողը բրիտանահրեական կապիտալն է, Ալիեւն իր հերթին արեւմտյան բանկային համակարգի ձեռքին է, իսկ ահա այդ համակարգը Էրդողանին այն աստիճան չի սիրում, որ պարբերական պայթյունային գոտում է պահում թուրքական լիրան եւ ողջ տնտեսությունը:
Կարճ ասած, քանի դեռ կա արցախյան խնդիրը, Ալիեւը Էրդողանին ընդունում է՝ որպես «մեծ եղբայր»: Չլինի այդ խնդիրը, Ալիեւն ինչպե՞ս իրեն կպահի, այս հարցի պատասխանն Էրդողանը հազիվ թե ունենա:
Մյուս կողմից, նաեւ Իրանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն են ակնարկում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ, այնուամենայնիվ, խորքային հակասություններ կան: Իսլամական Հանրապետության վերջին ներքին խժդժությունները թեեւ Թեհրանը ճնշում է, սակայն այս ֆոնին հետաքրքիր լուրեր կան: Այդ թվում, օրերս տեղեկատվություն եղավ, որ Իրանը բալիստիկ հրթիռներով գրոհել է իրաքյան Քուրդիստանը, այդ թվում՝ Էրբիլը: Թե ինչու, իրանական աղբյուրները այս մեսիջներն են հղում: Ըստ այդմ, որ ամերիկացիները Թեհրանի դեմ այս արշավում ակտիվ դեր էին հատկացրել իրաքյան Քուրդիստանին հարակից իրանական տարածքների քրդական զանգվածներին՝ դրանց սնուցելով հենց Էրբիլի միջոցով: Եթե ներիրանական ալիքը հասներ բավարար մակարդակի, ապա օրակարգ էր գալու նաեւ Էրբիլին ենթակա քրդական խոշոր խմբավորումների մուտքն Իրան:
Իսկ մյուս կողմից էլ ակտիվացել էին հյուսիսային Իրանի ադրբեջանական զանգվածները, ու միաժամանակ Բաքվում ցույցերր սկսվեցին Իրանի դեսպանատան մոտ՝ իրանյան ադրբեջանցիների անկախության պահանջով, ինչը, իհարկե, չէր կարող առանց Բաքվի վերնախավի «դաբրոյի» լինել: Կարճ ասած, խոսքը Իրանի տրոհման սցենարի մասին էր, որն առաջին հայացքից կարող էր Էրդողանի համար հրապուրիչ լինել, եթե միայն չլինեին մի շարք հարցականներ: Նախ, եթե հանկարծ Ալիեւին հաջողվեր իրենով անել նաեւ Իրանի հյուսիսը եւ դրանով բազմապատիկ հզորանալ, ապա էլ կցանկանա՞ր Էրդողանին անգամ բարեւ տալ: Հաշվի առնելով, որ այդ ամենին կհասներ ամերիկա-իսրայելյան աջակցությամբ: Երկրորդը, եթե քրդերին հաջողվեր իրենցով անել իրանական Քուրդիստանը, ապա գումարած դրան իրաքյան Քուրդիստանը, գումարած սիրիական Քուրդիստանը, եւ միասնական Քուրդիստան պետությունը դառնում էր գործնականում ստեղծված: Իսկ դրանից Մեծ Քուրդիստանին հասնելու համար պետք էր միայն Թուրքիայի քրդաբնակ տարածքներն իրենով անել: Վերջապես, թեեւ Իրանը Թուրքիայի համար մրցակից է, բայց դրանով հանդերձ՝ նաեւ կայունության երաշխիք եւ քրդական ուղղությամբ դաշնակից. սա աքսիոմ է: Իսկ ահա Ալիեւը բացահայտորեն հանդես եկավ այդ բարիկադների հակառակ թեւում՝ երեւի չափազանց մեծ ախորժակի եւ արցախյան պատերազմում վերջին հաղթանակի էյֆորիայի ֆոնին:
Մի խոսքով, մեծ տարածաշրջանում կարծես թե շատ բան է գլխիվայր շրջվել, ու, թերեւս, Հայաստանի ուղղությամբ Էրդողանի առաջիկա քայլերը կարող են նաեւ ստանդարտ տրամաբանությունից դուրս լինել: Բնականաբար՝ աչքի առաջ ունենալով նաեւ ռուսական գործոնը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ