- 08/10/2022
Ինչ է կատարվում Ռուսաստանում
Այսպիսով, Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238328&l=am) եւս մեկ անգամ հիմնավորեցին, որ ամեն ինչ կախված է ուկրաինական պատերազմի ընթացքից եւ վերջնարդյունքից: Այդ տեսանկյունից փաստ է, որ թեեւ ավարտվեց 4 մարզը ՌԴ կազմ վերցնելու գործընթացը, սակայն ուկրաինական բանակը, որն արդեն կարելի է անվանել ՆԱՏՕաուկրաինական, այս պահին շարունակում է միաժամանակ երկու հիմնական ուղղությամբ հարձակվել, եւ դրան կարող է ավելանալ նաեւ երրորդ ուղղությունը: Մյուս կողմից էլ փաստ է նաեւ, որ ռուսների գործողություններն ավելի քան անհասկանալի են դառնում: Իհարկե, կան ներքին կազմակերպչական լուրջ հարցեր, կա 5-րդ շարասյուն եւ այլն:
Բայց սրանով հանդերձ էլ շատ հարցեր մնում են անհասկանալի: Օրինակ, ՌԴ-ն, ինչպես հայտնի է, մասնակի զորահավաք է հայտարարել: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ պետք է Ուկրաինայում ուժերի պակաս լիներ: Ռուսաստանն առանց դրա էլ ունի աշխարհի խոշորագույն բանակներից մեկը, դեռ ԽՍՀՄ-ից մնացած տասնյակ հազարավոր միավորներով զրահատեխնիկա, զինամթերք: Դրան գումարած՝ նորագույն զինտեխնիկա, որը մի քանի գլխով ավելի բարձր է, քան այն, որ ներկայումս տեսանելի է ուկրաինական ռազմաճակատներում: Այսինքն, այնպես չէ, որ ողջ հույսը պետք է մասնակի զորահավաքը լիներ: Մինչդեռ իրողությունն այն է, որ ուկրաինական ուժերը, օրինակ, Խերսոնում, հարձակվում են մի քանի տասնյակ տանկերով ու հանգիստ առաջ են գալիս: Ընդ որում, եթե դա մինչ վերջին փոփոխությունները հնարավոր էր բացատրել ՀՌՕ-ի կարգավիճակով, ապա դրանից հետո անբացատրելի է: Դրանք արդեն ռուսական տարածքներ են, ռուսական բանակը հենց նրա համար է, որ այդ տարածքները պաշտպանի, սակայն ՆԱՏՕաուկրաինական ուժերը դեռ հարձակվում են: Բացատրել, թե ռուսական բանակը սպասում էր, որ պաշտոնական զորքերը խաղի մեջ մտնեին միայն այն բանից հետո, երբ օրենքի տառով ավարտին կհասներ չորս մարզը ՌԴ-ին միացնելու գործընթացը, տեղին չէ. այդ գործընթացն ավարտված է:
Ընդ որում, այստեղ խնդիրը միայն որոշ տարածքներ հանձնելը չէ, որոնք միշտ էլ հնարավոր է հետ վերցնել: Շատ ավելի լուրջ է այն, որ այդպիսով ռուսական բանակը թուլության ազդակ է հղում: Իսկ այդ դեպքում, մեր տարածաշրջանի օրինակով, սկսած Էրդողանից, վերջացրած Ալիեւով եւ Նիկոլով, բոլորովին այլ խաղերի մեջ են սկսում մտնել:
Ամեն դեպքում, Մոսկվայում եւս կարծես թե պարզ հասկանում են, որ նման մոտեցումն արդեն դառնում է շատ վտանգավոր, եւ պետք է գալ բոլորովին այլ կարգի գործողությունների:
Մյուս կողմից էլ, թեեւ ամերիկացիները փորձում են բոլոր կողմերից գրոհել ռուսների վրա, սակայն միայն այն խնդիրը, որ արդեն մեկ ամսից ընտրություններ են, որոնք շատ բան կարող են փոխել, այդ բոլոր հարձակումներին տալիս է գոնե կասկածելի իմաստ: Խոշոր հաշվով, ինչքան էլ փորձում են այսպես բարձրացնել Բայդենի եւ դեմոկրատների վարկանիշը, էֆեկտը դեռ հակառակն է: Առավել եւս, որ ՌԴ-ն դեռ կոնկրետ քայլեր է կատարում, որոնք պայթեցնում են այդ բոլոր ջանքերը: Այդ թվում՝ նավթի համաշխարհային արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով նվազեցնելու մասին Սաուդյան Արաբիայի հետ՝ ՕՊԵԿ+ որոշումը Բայդենին կարծես իսկական նյարդային ցնցման հասցրեց: Դեռ Թրամփի օրոք կուտակած ամերիկյան նավթի ռազմավարական պաշարների մոտ կեսը վաճառեցին՝ ներքին գները մի փոքր կայունացնելու համար, եւ ահա այս մի որոշմամբ այդ ողջ աշխատանքը ջուրն ընկավ: Այն էլ՝ հենց ընտրությունների շեմին:
Կարճ ասած, աշխարհը մտել է ամենավճռական փուլ, որն այս ամսվա ընթացքում կարող է դեռ շատ անակնկալներ մատուցել: Բայց այն, որ արդեն հաջորդ ամիս շատ բան կարող է գլխիվայր շրջվել, դա էլ է սպասելի: Ու միգուցե ռուսական բանակը հենց այդ վճռական պահի՞ն է սպասում. դեռ կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ