- 12/10/2022
Ռուսական հրթիռները կազդե՞ն Նիկոլի ու Ալիեւի վրա
Չնայած, մասնավորապես մեր տարածաշրջանի ապագայի հետ կապված ամբողջ հարցը եղել եւ մնում է այն, թե Ռուսաստանն ինչպե՞ս է դուրս գալու ուկրաինական պատերազմից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238595&l=am):
Այս տեսանկյունից, չնայած առերեւույթ դժվարություններին, ինչպես քանիցս պնդել ենք, Ռուսաստանը ճիշտ պահին ցույց է տալու իրերի իրական վիճակը: Այս առումով երեկվա զանգվածային գործողությունները, իհարկե, շատ լուրջ մեսիջ էին բոլորի համար:
Թե ինչ շարունակություն դա կունենա ռազմաճակատում, թերեւս պարզ կդառնա միայն առաջիկա օրերին: Սակայն այս հարվածները արդեն իսկ մի քանի հստակ փաստեր ֆիքսեցին բոլորի համար:
Առաջինը՝ որքան էլ Արեւմուտքը զինել եւ զինում է Ուկրաինային, սակայն բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանին հաշված ժամեր են պետք՝ ուկրաինական կենսական ողջ ենթակառուցվածքային համակարգերը շարքից դուրս բերելու համար: Իսկ սրանք այն համակարգերն են, որոնք ամենաուղղակի առնչությունն ունեն ռազմաճակատի իրավիճակի վրա:
Երկրորդը, որ Ռուսաստանն ունի բավարար միջոցներ, որ նաեւ նույն հարվածը հասցնի բուն ռազմաճակատին: Այդ թվում, դեռ խաղի մեջ չեն դրված մի շարք զինատեսակներ (խոսքը միջուկային զենքի մասին չէ), որոնք կարող են արմատապես փոխել ռազմաճակատային պատկերը: Իհարկե, առանձին հարց է, թե ինչու այսքան ժամանակ դրանք չեն գործադրվում: Սակայն անկախ այդ հարցի իրական պատասխանից, երեկվա հարձակումը ցույց տվեց, որ մի «գեղեցիկ առավոտ» դրանք կարող են գործադրվել, այսինքն՝ այդ հնարավորությունը Ռուսաստանն ունի:
Թե երբ կգա այդ «գեղեցիկ առավոտը», անգամ երեկվա հարվածից հետո դժվար է ասել: Չնայած, կան լուրջ խոսակցություններ, որ Ռուսաստանը ուժերի կուտակում է իրականացնում: Գումարած, որ խաղի մեջ մտնել է պատրաստվում նաեւ Բելառուսը: Այսինքն, որ այդ X պահն արդեն սարերի հետեւում չէ: Կիեւի որոշ աղբյուրներ կարծում են, որ 1-15 օրվա ընթացքում ռուսները կանցնեն մասշտաբային հարձակման, այլ աղբյուրներ, որ՝ 1-3 ամսում: Իհարկե, անուղղակի ակնարկներ էլ եղան, որոնք թույլ տալիս են որոշ պատկերացումներ կազմել հնարավոր ժամկետների մասին: Նախ, սա արդեն իսկ շատ ծանր հարված էր ուկրաինական ենթակառույցներին, գումարած, երկրի ներսում միանգամից խուճապային տրամադրություններ սկսվեցին, որը, իհարկե, մասշտաբային հարձակման համար առավել քան բարենպաստ առիթ է:
Չնայած, կա նաեւ այն հարցը, թե նման մասշտաբային հարձակում իրականում կլինի՞: Բանն այն է, որ մի շարք լուրջ աղբյուրներ փորձում են այն գաղափարն առաջ տանել, որ իրականում այս հարվածի համար առիթ դարձած Ղրիմի կամրջի ահաբեկչությունը բրիտանա-ուկրաինական հետախուզության ծրագիրն էր՝ ՌԴ-ին նման գործողությունների դրդելու համար: Մի վարկածով, որ դեռ Մոսկվան պատրաստ չէ: Բայց ահա մյուս վարկածն այն մասին է, որ կան ամերիկյան որոշ շրջանակների հետ «ստորջրյա» բանակցություններ, եւ դրանք ընթացքում կարող են «մանրադրամի» վերածել ոչ միայն Ուկրաինան, այլ նաեւ՝ Բրիտանիան: Ու դա ավելի ռեալ տեսքի կգա արդեն մեկ ամսից ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքում: Իսկ նման ահաբեկչությունները, ըստ վարկածի, ռուսներին նյարդային քայլերի դրդելու, ամերիկյան այդ շրջանակներին փաստի առաջ կանգնեցնելու եւ բանակցությունները տապալելու իմաստ ունեն:
Սակայն այս պահին ռուսական հարձակման լինել-չլինելու կամ դրա ժամկետների մասին չէ խոսքը: Այս պահին հիմնականն այն էր, որ այս հարվածով ցրվեց այն միֆը, թե Ռուսաստանն այնքան է թուլացել, որ չի կարողանում Ուկրաինայի հարցը լուծել, էլ ուր մնաց, որ ԱՄՆ-ի հետ ոտք մեկնի, եւ այս պահին, թերեւս, հենց դա էր Մոսկվայի հիմնական խնդիրը, որը լուծվեց:
Եվ վերադառնալով մեր տարածաշրջանին՝ նկատենք, որ Նիկոլի եւ թերեւս Ալիեւի մոտ ավելի քիչ կային այն տրամադրությունները, թե Մոսկվան այն չէ, ինչպիսին պատկերացնում էին: Համենայնդեպս, Պրահայում ՌԴ-ի «գլխից թռնելու» փորձը հենց այդ մասին էր ակնարկում՝ ի՞նչ կարող է անել Մոսկվան: Ու հիմա, երբ ցույց տվեց, որ պետք եղած պահին կարող է եւ կանի շատ սարսափելի բաներ, Մոսկվայի «գլխից թռնելու» տրամադրություններն էլ պետք է որ որոշակիորեն նվազեն. բա որ հանկարծ այստեղ էլ որոշեց ինչ-որ բան անել: Իսկ դա առավել քան լուրջ է Բաքվի համար, քանի որ երեկ Ուկրաինային հարվածող հրթիռները նաեւ Կասպից ծովից էին թռչում:
Մի խոսքով, երբ ռուսները հուշում են, որ իրենց չշտապեն Հարավային Կովկասի խաղատախտակից «դուրս գրել», դա այսօր շատ ավելի ծանրակշիռ տեսք ստացավ, քան Պրահայում ջան-ջիգարություն անելու ժամանակ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ