- 13/10/2022
Ռուսական հրթիռները կփոխեն Նիկոլի եւ Ալիեւի տրամադրությունները
Նախօրեին, երբ Ուկրաինան ենթարկվեց զանգվածային հրթիռակոծման, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «պատահաբար» կապվեց Նիկոլի եւ Ալիեւի հետ: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Բլինքենը հիմնականում հետաքրքրվում էր «խաղաղության» գործընթացով: Իհարկե, «հույժ մարդասիրական քայլ»: Միայն թե «չար լեզուները» այլ նպատակների մասին են խոսում…
«ՉԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ» ԿԱՐԾԻՔԸ
Չնայած, այդ զրույցներին հաջորդած «կոնտրոլնի» թվիթերյան գրառմամբ Բլինքենն արդեն իսկ ակնարկեց, թե ինչն իրեն դրդեց՝ հիշել Նիկոլի եւ Ալիեւի մասին հենց այն «նեղ պահին», երբ Զելենսկին իրեն էր կոտորում, բայց ամերիկացիների հետ կապվել չէր կարողանում: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ողջունել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը: Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը, դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է»,- գրել է պետքարտուղարը:
Փորձենք նայել տողատակերին: Նիկոլն առանց այդ էլ զահլա է տանում, թե՝ «կայուն խաղաղություն», եւ հիմա էլ Բլինքե՞նն է զանգել, որ այդ նույն բանը նրա հիշեցնի: Չնայած՝ ճիշտ է արել, թե չէ Նիկոլից ո՞վ գլուխ կհանի. այսօր բանակցում է, իսկ վաղը կարող է չբանակցել՝ անգամ իրեն նեղություն չտալով հոդաբաշխ բացատրություն գտնել: Պետք է չէ՞ աչքը վրան պահել: Եվ ահա հիշատակված «չար լեզուներն» էլ պնդում են, որ ռուսական հրթիռների նման հարվածից հետո պետք էր արագորեն ստուգել՝ հո դա Նիկոլի, ասենք նաեւ Ալիեւի վրա չի՞ ազդել: Այդ տրամաբանության տակ նույն «լեզուները» այս բացատրությունն են դնում.
Այն, որ Նիկոլն իր ողջ գործունեության ընթացքում արդեն «խասյաթ» էր սարքել՝ գնալով ամերիկացիների մոտ նրանց «դուդուկի տակ պարել», իսկ ռուսների մետ՝ նրանց, հայտնի բան է: Ինչո՞ւ, դա էլ է հասկանալի՝ կարող են «գլուխը ջարդել»: Բայց ահա սեպտեմբերի կեսերից սկսած, երբ ռուսները մի փոքր հետ քաշվեցին, Նիկոլի մոտ ամերիկացիների արածը եւ հատկապես՝ չարածը գովերգելու մեծ ջերմեռանդություն առաջացավ, որը, իհարկե, արագորեն տարածվեց նաեւ շրջապատողների վրա: Օրինակ, Ալենի մոտ դա հասավ այն ծայրահեղությանը, որ ռուսների կանգնեցրած սահմանային բախումները հրապարակավ սկսեց վերագրել ամերիկացիներին, երբ այդ նույն ամերիկացիները մատնանշում էին ռուսներին: Ու արագորեն ամեն ինչ զարգացավ՝ հասնելով ամերիկյան ցուցումներով Պրահայի պայմանավորվածությունների մակարդակի: Եվ ահա «չար լեզուներն» էլ պնդում են, որ դա հենց այնպես չէր: Այսինքն, ամերիկացիներն ու նրանց խամաճիկները տեղը տեղին Նիկոլին բացատրել էին, թե պետք չէ ռուսներից վախենալ: Այ, տեսնո՞ւմ ես, Խարկովից փախան, բոլոր ուղղություններում նահանջում են, գազատարը պայթեցվեց, Ղրիմի կամուրջ պայթեցվեց, հիմա կտեսնես, թե «փառապանծ ուկրաինական բանակը» նրանց ինչ օրն է գցելու: Եվ այդ ամենը կարծես թե Նիկոլին այնքան համոզիչ էր թվացել, որ մի կողմ թողնելով սովորական գերզգուշավորությունը, գնաց այնպիսի ծայրահեղ հակառուսական քայլի, ինչպիսին էր Պրահայի պայմանավորվածությունները: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան Պուտինի կազմակերպած «Եռակողմ ձեւաչափի», որի հաշվին կանգնեցվեց 44-օրյա պատերազմը, «գլխից թռնել»:
Եվ ոչ միայն անձամբ Պուտինի «գլխից թռավ»: Ինչպես ցույց է տալիս Պրահայի պայմանավորվածությունների հիմք դարձած փաստաթուղթը (համենայնդեպս, որպես այդպիսին է այն ներկայացվել հրապարակավ եւ ոչ մի հերքում գոնե երեկ կեսօրի դրությամբ չկար), նիկոլյան խունտան նաեւ ողջ հայ ժողովրդի «գլխից է թռել»: Այսինքն, պարզվում է, որ ծայրահեղ սորոսականի համարում ունեցող ոմն Արմեն Գրիգորյանին կարող են ուղարկել Վաշինգտոն, որ ամերիկացիների հովանու ներքո ազերիների հետ մի այնպիսի պայմանավորվածություն ձեռք բերի, որտեղ արցախցիները լավագույն դեպքում դառնալու են Ադրբեջանի հետնամասային «ազգային փոքրամասնություն», իսկ ավելի ռեալ՝ հեռանալու են իրենց հողից, ու դա փորձում են ինչ-որ արհեստական սոուսներով մատուցել ժողովրդին: Ու միայն դա արդեն իսկ ոչ այլ ինչ է, քան ողջ ժողովրդի «գլխից թռնել», եթե անգամ այդ ժողովրդի մի մասը դեռ չի հասկանում:
ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԹՂԹԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ
Չնայած, այս ընդհանրական պատկերի մեջ ոչ մի նոր բան չկա. թե քանի անգամ ենք կարծիք հայտնել, որ ամեն ինչ հենց այդ սցենարով է ընթանում, որ ամերիկացիները փորձում են Հայաստանը դարձնել սեփական շահի համար «գցված» եւ ոչնչացման շեմին հասցված հերթական երկիրը, արդեն դժվարանում ենք ասել: Բայց ամեն անգամ նաեւ հիշատակելով՝ դա ծրագիր է, բայց մեծ հարց է՝ կկարողանա՞ն այն ավարտին հասցնել: Ա՛յ, ռուսական վերջին մասշտաբային հարձակումը, որը շարունակվեց երեկ, հենց այն «կկարողանային» է վերաբերում: Մասնավորապես, որ Նիկոլի համար դրանից հետո մեծ հարց է՝ ռուսներն արդյոք այն թուլացած ո՞ւժն են, որին հնարավոր է Հարավային Կովկասից, այդ թվում՝ Արցախից եւ Հայաստանից դուրս քշել: Կա նաեւ պարզ թվաբանություն. նախօրեին ռուսներն օգտագործեցին 170-ի չափ հրթիռ, որը կոլապսի շեմին մոտեցրեց Ուկրաինայի պես պետությանը: Մինչդեռ փորձագիտական աղբյուրները միայն ռուսական ստրատեգիական ավիացիայի մեկ համազարկը գնահատում են 2000-ի չափ հրթիռ, եւ այդ մեկ համազարկը բավական է Ուկրաինայի ողջ կենսական համակարգը, այդ թվում՝ ողջ էներգետիկան, դրանով հանդերձ՝ ամեն ինչ կանգնեցնելու համար: Կլինի այդ համազարկը, թե՝ ոչ, այլ խոսակցության թեմա է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ կարող են, եւ Նիկոլը, ասենք նաեւ Ալիեւն այդ փաստը ոչ մի կերպ արդեն անտեսել չեն կարող:
Եվ ահա այս փաստի ֆոնին է, որ այլ հարցեր եւս սկսում են օրակարգային դառնալ: Օրինակ, իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ Ա.Գրիգորյանին վերագրվող այդ վաշինգտոնյան թղթի արտահոսքը: Խոսքը, չմոռանանք, գերգաղտնի եւ միգուցե ոմանց համար «մահացու վտանգավոր» փաստաթղթի մասին է, որը «ձեռքի վրա» ունեն հատուկենտ մարդիկ: Իսկ նման թղթերը, որպես կանոն, հենց այնպես չէ, որ արտահոսքի տեսքով հայտնվում են շրջանառության մեջ: Ուրեմն՝ ինչպե՞ս…
Կարելի է մտածել, որ ռուսական հատուկ ծառայություններն անմասն չեն դրանից, թեեւ դա քիչ հավանական տարբերակ է, ռուսներն այլ բան ի ցույց դրեցին:
Կարելի է մտածել, որ ազերիները կամ ամերիկացիներն այդ արտահոսքը կազմակերպեցին: Այսինքն, սպառնալու համար, թե, Նիկոլ, մտածիր, թե ուրիշ ինչ թղթեր կարող ենք բացահայտել, հանկարծ ուղուցդ չշեղվես, խոստացել ես:
Կարելի է մտածել, որ նիկոլամերձ «նեղ շրջանակում» մի փոքր ավելի նորմալ մարդ կա, որն այդպիսով ահազանգ է հնչեցնում՝ ժողովուրդ, ահա սա է քեզ սպասվում:
Կարելի է նաեւ մտածել, որ այդ արտահոսքը հենց Նիկոլին էր պետք: Ի վերջո, դժվար թե պատահական լիներ, որ այն տեղի ունեցավ ռուսական հարվածներից շատ չանցած: Իսկ այդ ժամանակ Նիկոլը, միգուցե, արդեն սկսեց հասկանալ, որ ռուսների թուլության մասին խոսակցություններին պետք չէ հավատալ: Իսկ այդ դեպքում պետք է արագորեն Պրահայի պայմանավորվածություններից հետ քաշվել: Դրա համար լավ պատճառ կարող է դառնալ, եթե վաշինգտոնյան փաստաթղթի տարածումը բերի ներհայաստանյան պայթյունի. Նիկոլն այդ դեպքում կարդարանա՝ տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, չեմ կարող ստորագրել այդ տարբերակը: Միգուցե նաեւ առաջարկի՝ ավելի լավ է առաջ շարժվենք Մոսկվայի առաջարկած «խաղաղության պայմանագրի» տարբերակով:
Նման սցենարի դեպքում Ալիեւը, իհարկե, կկատաղի: Բայց մյուս կողմից նա եւս տեսավ, թե ինչ կարող է անել ռուսական զանգվածային հրթիռակոծությունը: Մինչ այս պահը նա դեռ մանեւրելու տեղ ունի, անգամ Մոսկվայում կարող է բացատրել, թե ինչու գնաց Պրահայի պայմանավորվածություններին, կամ ծայրահեղ դեպքում Էրդողանը կմիջնորդի: Բայց եթե շարունակի մինչեւ վերջ համառել, առավել եւս՝ գնալ պատերազմական ուղղությամբ՝ ամերիկյան սցենարը պահելու համար, այս դեպքում պետք է նաեւ աչքի առաջ ունենա Կասպից ծովից դեպի Ուկրաինա թռչող «Կալիբրները»:
Այս իրավիճակում, հասկանալի է, ոչ մի կերպ չի կարող պատահական լինել, որ ռուսական հարձակումը սկսվելուց շատ չանցած, Բլինքենը շտապեց խոսել Նիկոլի եւ Ալիեւի հետ: Այսինքն, ամերիկացիները դեռ էն գլխից անգամ պաշտոնապես էին խոսում, թե մինչեւ այս ամսվա վերջ պետք է ստորագրել-վերջացնել: Թե ինչու, թերեւս վաղուց էր հասկանալի. ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունները կարող են այնպիսի վիճակ առաջ բերել, որ Վաշինգտոնը ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ ուկրաինական թեմայով չկարողանա զբաղվել:
Իսկ ահա Ալիեւը, հիշեցնենք, թերեւս առաջինն էր, որ հայտարարեց մինչեւ տարեվերջ ստորագրելու մասին, թերեւս լավ հասկանալով, որ քանի դեռ ուկրաինական խաղը չի ավարտվել, գլոբալ շրջադարձ ամեն պահի էլ կարող է լինել, որի դեպքում առաջ կգա նաեւ պատասխան տալու հարցը: Ու հիմա, եթե հանկարծ շատ ոգեւորվեցին, միգուցե արդեն Էրդողանն էլ չկարողանա բան փոխել:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա այս իրավիճակում նրան, կարծում ենք, մեկ տարբերակ է մնում՝ Պուտինի «գլխից թռնելը» չեղարկելու համար…
Քերոբ Սարգսյան