- 26/10/2022
Սաուդյան գահաժառանգը կասկածի տակ է դնում Բայդենի հոգեկան վիճակը. Wall Street Journal
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը մասնավոր զրույցներում ծաղրում է ԱՄՆ 79-ամյա նախագահ Ջո Բայդենին` կոպիտ սխալ քայլերի համար և կասկածի տակ է դնում նրա հոգեկան վճակը, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սաուդյան կառավարության աղբյուրները:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնն ասել է իր խորհրդականներին, որ Բայդենը «չի տպավորել իրեն», երբ նա դեռ Բարաք Օբամայի փոխնախագահն էր, ասել են աղբյուրները: Բացի այդ, արքայազն Մուհամեդը նշել է, որ նախընտրել է կապ հաստատել Բայդենի նախորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ։
«Բայդենը հրաժարվում էր շփվել արքայազն Մուհամմեդի հետ ավելի քան մեկ տարի, և երբ նրանք վերջապես հանդիպեցին հուլիսին Ջիդայում, ներկա Սաուդյան պաշտոնյաները զգացին, որ պարոն Բայդենը չի ցանկանում այնտեղ լինել և հետաքրքրված չէ քաղաքական քննարկումներով»,-ասում են թերթի աղբյուրները։
Իր հերթին, հեղինակավոր փորձագետ Էրոն Դեյվիդ Միլլերը, ով մասնագիտանում է Մերձավոր Արևելքի հարցերում, թերթին ասել է, որ այսօր Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև «գործնականում վստահություն չկա»։
Բայդենի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի միջև անձնական թշնամանքը կատալիզատոր է դարձել երկու երբեմնի մտերիմ գործընկերների միջև լարվածության աճի համար, ասում է վերլուծաբանը, և այդ միտումը, ամենայն հավանականությամբ, միայն կսրվի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հոդվածում ներկայացված մեղադրանքները «ծիծաղելի» է անվանել։ Նա նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է վերանայել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, և մինչ այժմ Վաշինգտոնը ոչինչ չունի հայտարարելու այդ գործընթացի հնարավոր արդյունքների մասին։