- 01/11/2022
Սոչիի հանդիպման արցախյան սպասված անակնկալը
Ահա նկարագրված ֆոնին էլ (Տե´ս https://iravunk.com/?p=240307&l=am) տեղի ունեցավ Սոչիի հանդիպումը: Ինչքանով դրա արդյունքներն արդարացրին Հայաստանի կամ Ադրբեջանի ակնկալիքները, դեռ մինչեւ վերջ հասկանալ է պետք: Սակայն այստեղ եւս մեկ դրվագ նախորդեց, որն արդեն իսկ շատ հարցերի պատասխանները տալիս է:
Խոսքը նախ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոսկովյան այցի, դրան հաջորդած ԱՀ ԱԺ ընդունած հայտարարության եւ այն հանրահավաքում Արցախի բնակչության կողմից հաստատելու մասին է: Այսպիսով, ի՞նչ հուշեց այդ ամենը:
Այն, որ այս ողջ նախաձեռնությունը գալիս է Մոսկվայից, երեւի հասկանում են բոլորը: Ամեն դեպքում, այսկերպ Մոսկվան լուծեց այս խնդիրը: Հայտարարության առանցքային կետերից մեկը հետեւյալն է. «Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում եւ, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական եւ գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական եւ ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»: Հասկանանք իմաստը: Սա, գործնականում, Արցախի ժողովրդի որոշումն է՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու խնդրանքով դիմել ՌԴ-ին: Ըստ այդմ, ՌԴ-ն արդեն կարող է զբաղվել արցախահայության անվտանգային հարցերով ոչ թե միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, այլ նաեւ Արցախի ողջ ժողովրդի ուղիղ խնդրանքով. այն «Բ» պլանն է, որի մասին մեր վերջին հրապարակումներում խոսելու առիթ ունեցել ենք:
Ընդ որում, խոսքը միայն Արցախի ժողովրդի մասին չէ: «Խաղաղության պայմանագրի» ամերիկյան կամ ռուսական տարբերակների օգտին արտահայտվելու մասին՝ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հրապարակային հորդորին հաջորդեց զարգացում՝ տասնյակից ավել կուսակցություններ արտահայտվեցին ռուսական առաջարկի օգտին: Ակնհայտորեն, այդ տերբերակը գերիշխող է նաեւ ներհայաստանյան ողջ դաշտում: Գումարած, զանգվածային արձագանքներ են շարունակում գալ նաեւ Սփյուռքից: Այսինքն, հայ ժողովրդի երեք հատվածներն այսկերպ արձագանքեցին Պուտինի առաջարկին, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը, նաեւ խոստմամբ, որ ՌԴ-ն կաջակցի այդ դիրքորոշմանը: Իսկ սա նաեւ Նիկոլին էր տանում փակուղի, ու մնում էր միայն համաձայնել ռուսական տարբերակի հետ: Առավել եւս, երբ արցախյան նշված հայտարարության մեջ ֆիքսվում էր, որ ցանկացած որոշում, ՀՀ-ի պաշտոնյանի խոսք, որն Արցախը կդիտարկի Ադրբեջանի կազմ, հենց ՀՀ օրեիսդրությամբ աօպրինություն է:
Այս ամենի արդյունքում, եթե Ալիեւը, անգամ Նիկոլի հետ միասին հանկարծ որոշեն հրաժարվել նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից, ապա ՌԴ-ն ունի լրացուցիչ հիմք՝ զորքերն Արցախում պահելու համար: Եվ սա, ըստ էության, զրոյացնում է ամեն մի «Բրյուսելի գործընթաց», որի հիմնական իմաստը, չմոռանանք, Արցախից, ապա նաեւ Հայաստանից ռուսական զորքերի վտարումն էր:
Այսպիսով, հենց այս փաստն էլ Սոչիի բանակցությունների միգուցե չերեւացող, բայց հիմնական փաստարկներից մեկը դարձավ: Այսինքն, արդեն Ալիեւն (Էրդողանին չմոռանանք) ունի կողմնորոշվելու խնդիր. գնա՞լ արցախյան ուղղությամբ սրացման, երբ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, եւ բախումը նրա հետ է լինելու: Գումարած, Իրանի գործոնը: Եթե գնալ, ապա հետեւանքները կարող են բառացիորեն կործանարար լինել Ադրբեջանի համար, իսկ Թուրքիան պետք է բախման մեջ մտնի մի պետության հետ, որն ունի հազարավոր միջուկային մարտագլխիկներ: Եթե որոշումը բախման չգնալու օգտին է, ապա դրա այլընտրանքը ռուսների առաջարկած «խաղաղության պայմանագրի» հետ համաձայնելն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ