- 18/11/2022
Զելենսկուն շտապ Երկրորդ համաշխարհային պատերազմ է պետք
Ամեն դեպքում, թե դեպի որ ուղղությամբ կգնա մեր տարածաշրջանում իրավիճակը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=241679&l=am), գոնե այս փուլում մեծապես կախված է նրանից, թե իրականում կա՞ն Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ, դրանք վերաբերո՞ւմ են նաեւ մեր մեծ տարածաշրջանին եւ, մասնավորապես, Իրանի խնդրին: Թե՞ ներկա խոսակցությունները սովորական բլեֆի դաշտում են:
Անկարայում կայացած ռուսական արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի եւ ԿՀՎ ղեկավար Բերնսի հանդիպումը, թերեւս, հրապարակային ակնարկներից մեկն էր, որ առնվազն փորձում են ինչ-որ բան պայմանավորվել: Այն, որ հանդիպումից հետո Նարիշկինը մեկնեց Թեհրան, դա էլ ակնարկ է, որ Իրանի հարցը եւս քննարկումների թեմա է, հաշվի առնելով, որ Իրանի կողմից հիպերձայնային հրթիռ արձակելու փաստն արդեն իսկ ԱՄՆ-ին եւ Իսրայելին պետք է շահագրգռեր այդ քննարկումների հարցով:
Իսկ ահա Բերնսը եւս, պարզվում է, տուն վերադառնալիս իր հերթին է ճանապարհը «կորցրել» ու հայտնվել է Կիեւում, եւ դա հերթական ակնարկն է, որ Նարիշկինի հետ նա Անկարայում քննարկում էր հենց Ուկրաինայի ճակատագիրը:
Իսկ ահա դրան հաջորդած զարգացումները էլ ավելի խորը մտորումների տեղիք են տալիս: Կարելի է նաեւ ենթադրել, որ այն տեղեկությունները, որոնք Բերնսը հաղորդել է Կիեւին, այնքան էլ Զելենսկու սրտովը չեն, ով այդ այցից հետո G20-ի «ուղիղ եթերում» բանակցային այնպիսի ճոխ պահանջներ ներկայացրեց Մոսկվային, որ դա մեկ բան էր նշանակում` ոչ մի բանակցություն: Նաեւ պատահական չէր, որ այդ հայտարարությունից հետո ռուսներն ուկրաինական էներգետիկայի մի զգալի մասն էլ ոչնչացրին, որի համար ամերիկացիները մի հասարակ ցավակցություն անգամ Զելենսկուն չհայտնեցին:
Զելենսկին էլ երեւի որոշեց խորամանկել` C-300-ի հրթիռն ուղղելով Լեհաստանի դեմ (վարկածը, թե այն «պատահաբար է թռել», մասնագետները ծիծաղելի են համարում)՝ անմիջապես էլ դրա համար մեղադրելով Ռուսաստանին` ՆԱՏՕ-ի դեմ հարձակման իմիտացիա ստեղծելու համար: Նաեւ կարելի է ենթադրել, որ Բայդենը հենց այնպես չէ, որ սառը նախնական արձագանք ցուցաբերեց այդ ամենին` դրանով ուկրաինական կլոունին թույլ չտալով Երրորդ համաշխարհային սանձազերծել…
Սա, թերեւս, Զելենսկու կողմից կոպիտ քաղաքական սխալ էր: Այսպես, այն պահին, երբ անգամ Ուկրաինայի ԳՇ-ն է ընդունել, որ դա իրենց հրթիռն էր, այդ մասին հայտնել էին Վաշինգտոնին, սակայն Զելենսկու գրասենյակում հիստերիան դեռ ակտիվորեն շարունակվում էր, թե ինչ եք ասում, ռուսներն էին: Միգուցե հույս ուներ, որ կկարողանա Երրորդ աշխարհամա՞րտ սարքել՝ դրանով խուսափելով ամերիկացիների հանձնարարած բանակցային սեղանից, թե՞ որոշեց այդ ավանտյուրային գնալ՝ այլ ելք չտեսնելով: Էականն արդեն անգամ դա չէ, քանի որ այս պատմությունն իրականում սկսել է Զելենսկու համար «խարակիրիի» ընթացք ընդունել: Բանն այն է, որ Զելենսկու թիմն անգամ ամերիկացիների պաշտոնական հայտարարություններից հետո, թե դա ուկրաինական հրթիռ էր, շարունակում էր իր «էշը քշել», թե՝ պատրաստ է ապացույցներ ներկայացնել «ռուսական հետքի»: Սրան արդեն Վաշինգտոնում պետք է որ ուշադրություն դարձնեն, քանի որ այդպիսով, փաստորեն, Բայդենին է մեղադրում ստախոսության մեջ: Իսկ դա Վաշինգտոնը կարող է ընկալել՝ որպես ապստամբություն: Նախ, եթե դրա դեմը չառնեն, ապա Վաշինգտոնի թիմակիցները կսկսեն մտածել, որ Բայդենը որեւէ վերահսկողություն Զելենսկու նկատմամբ չունի: Նաեւ հաշվի առնելով, որ իրոք այդ ավանտյուրայով Զելենսկին փորձում էր ամերիկացիների «գլխից թռնել»՝ փորձելով տապալել նրանց բանակցային սխեման: Վերջապես, սա իրոք բացահայտ փորձ էր՝ ամերիկացիներին ներքաշել միջուկային պատերազմի մեջ:
Ամեն դեպքում, եթե Զելենսկին գնում է նման ծայրահեղ քայլերի, նշանակում է՝ այլ ելք պարզապես չի տեսնում: Սա հերթական ակնարկն է այն մասին, որ իրոք կան նրա թիկունքում ձեռքբերված այնպիսի պայմանավորվածություններ, որոնք եթե կատարի, ուկրաինական նացիստները գլուխը կջարդեն: Եթե չկատարի՝ ամերիկացիները: Այլ խաղեր տալու դեպքում էլ ռուսական հրթիռները կան ու կան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ