- 23/11/2022
ՀԱՊԿ-ի համար երեւանյան գագաթաժողովը ճակատագրական է
Եվ այսպես, այսօր կայանալու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների երկար սպասված հանդիպումը: Սպասված, հաշվի առնելով, որ այս հանդիպմանը, ենթադրաբար, պետք է վերջապես որոշում կայացվի՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ:
ԱԼԻԵՎԻ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»
Նախօրեին Ալիեւը նման ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մենք այս կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ չենք: Հայաստանն անդամ է, եւ այդ կազմակերպության միջոցով նա անհիմն պահանջներ էր ուզում ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ ըստ էության՝ ցանկանալով այդ կազմակերպության անդամ երկրներին միմյանց դեմ հանել: Կազմակերպության մյուս անդամները չեն տրվել սադրանքին: Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ սա: Մենք այս կազմակերպությունում ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»:
Թե ինչ խաղերի մեջ էր Նիկոլը ՀԱՊԿ-ի ուղղությամբ սեպտեմբերին, առանց Ալիեւի էլ ի սկզբանե էր հասկանալի: Սակայն տվյալ դեպքում էականը դա չէ. սեպտեմբերից հետո շատ բան է փոխվել: Այսինքն, եթե այն ժամանակվա ադրբեջանական հարձակման ֆոնին Նիկոլը հայտարարում էր՝ գնում եմ ստորագրեմ, եւ վերջ, ու իրոք վազում էր ամերիկացիների կազմակերպած՝ Ալիեւի հետ հանդիպումների, ապա «Վալդայ» ակումբում Պուտինի հայտնի ելույթից հետո գոնե հրապարակավ դարձել է ռուսական առաջարկների ջերմ պաշտպանը, ու դեռ մի բան էլ հայաստանյան ընդդիմադիրներին է «կծում», թե ինչու կարծիք չեք հայտնում: Ըստ այդմ, նրա մոտ նկատելի երանգային փոփոխություններ կան նաեւ ՀԱՊԿ-ի հետ կապված, թեեւ այս ուղղությամբ փորձում է դեռ շատ աչքի չընկնել: Այսինքն, Ալիեւի ասած «անհիմն պահանջների» փուլը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, թեեւ ամեն պահի Նիկոլը կարող է նորից այդ դաշտում հայտնվել:
Այսինքն, այս պահին Ալիեւի հիշատակած հայտարարությունը հետաքրքիր է այլ տեսանկյունից, թե ինքը ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, քան Նիկոլը: Իհարկե, այդպես էլ կա. Կենտրոնական Ասիան ներկայացնող ՀԱՊԿ անդամների հետ Բաքվի կապերը, հաշվի առնելով նաեւ ընթացիկ զարգացումները, ոչ թե բարեկամական, այլ ռազմավարական են: Լուկաշենկոյին կարելի է համարել ալիեւների տան անդամը: Պուտինի հետ եւս, ոչինչ, կապերը վատ չեն: Իսկ Նիկոլի մասին կարելի է ասել, որ իր արած-չարածի արդյունքում ՀԱՊԿ անդամների հետ հարաբերություններում Ալիեւի ճիշտ հակապատկերն է:
Սակայն այս ամենին պետք է մեկ այլ կողմից մոտենալ. իսկ ինչո՞ւ հանկարծ Ալիեւը որոշեց համեմատել իր եւ Նիկոլի հարաբերությունները ՀԱՊԿ անդամների հետ: Ի՞նչ է, փորձում է ցույց տալ, որ թեեւ ՀԱՊԿ-ը կարող է այս նիստում կոնկրետ որոշում կայացնել, սակայն այնտեղ իր բարեկամությունն է եւ մտահոգվելու առիթ չկա՞: Բայց հենց դա է, որ մատնում է Ալիեւին. եթե ակնարկում է, որ վտանգ չի տեսնում, ուրեմն գոնե մտածել է, որ կարող է վտանգ լինել: Այսինքն, ՀԱՊԿ-ում բարեկամներ ունի, թե՝ ոչ, նրանց թիվը շատ է, թե՝ ոչ, իսկ Նիկոլի պարագայում, որ բոլորին այնտեղ «զզվեցրել» է, դա մեդալի մի երեսն է: Մյուս՝ հիմնական երեսն այն է, թե մեր տարածաշրջանից ՀԱՊԿ-ը, թեեւ ավելի տեղին կլիներ ասել՝ Ռուսաստանը եւ, որպես նրա հետ ընդհանուր պետության անդամ՝ Բելառուսն ի՞նչ շահեր կամ խնդիրներ ունեն: Ըստ այդմ՝ ո՞րն է այդ հարցում նրանց ակնկալիքն Ալիեւից ու Նիկոլից, եւ վերջիններս այդ համատեքստում ի՞նչ դիրք են զբաղեցրել: Նաեւ հաշվի առնելով, որ երբ այդ մակարդակներում խոսքը գնում է պետական շահերի մասին, բարեկամ լինել-չլինելը մղվում է երկրորդ պլան:
Իսկ Ալիեւը, չմոռանանք, վերջին ժամանակներս այնպիսի կուրս է վերցրել, որ մասնավորապես ՀԱՊԿ-ի այս նիստի հարցով կարող է մտահոգություններ ունենալ:
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՊԿ ՆԻՍՏՈՒՄ
Ալիեւի այդ կուրսին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, հասկանանք, թե բացի ընթացիկ թեմաներից, ի՞նչ այլ հնարավոր որոշումներ կարող են լինել ՀԱՊԿ-ի երեւանյան նիստում:
ՀԱՊԿ ղեկավարների վերջին նիստը (հեռակա), որն արտահերթ էր, կայացավ հոկտեմբերի վերջերին՝ հայ-ադրբեջանական սեպտեմբերյան բախումների թեմայով: Ընդ որում, Նիկոլը մի տեւական ժամանակ, որպես ՀԱՊԿ նախագահող, համառորեն այդ նիստը չէր հրավիրում, թեեւ երկար ժամանակ պատրաստ էր Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության կազմած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Եվ միայն Մոսկվայից եկած բավականին ծանր եւ տեսանելի մեսիջների արդյունքում, երբ Նիկոլը հերթական անգամ հասկացավ, թե որքան «շատ է սիրում ռուսներին», այդ օնլայն նիստը կայացավ: Այդ նիստում, ինչպես այն ժամանակ տեղեկացրեց Նիկոլի լրատվականը. «ՀՀ վարչապետը նշել է, որ Գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը եւ դրա կրկնության վտանգը, ինչպես նաեւ ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը»: Այսինքն նախ, ինչքան էլ որ դրանից առաջ, ասենք նաեւ այդ նիստից հետո հայաստանյան իշխանական շրջանակներն աղմկում էին, թե ՀԱՊԿ-ը բան չի արել, մեկ է, Նիկոլը դրանով արդեն ֆիքսել է, որ կազմակերպության առաքելության գործունեությունն ու դրա արդյունքում կազմված զեկույցն ընդհանուր առմամբ «մեծապես արտահայտում է առկա իրողությունները», այն է՝ Հայաստանի օգտին է:
Սակայն այդ փաստաթուղթը դեռ պետք է հաստատեր ՀԱՊԿ խորհուրդը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Իսկ մինչ այդ, ըստ Նիկոլի լրատվականի նույն հաղորդագրության. « Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական»: Այսպիսով, ենթադրաբար, հենց այդ համաձայնեցված տարբերակն էլ պետք է դրվի այսօրվա նիստի հաստատմանը: Թե կոնկրետ ի՞նչ են համաձայնեցրել կամ արդյոք ինչ-որ բան համաձայնեցրե՞լ են, որեւէ տեղեկատվական արտահոսք չկա: Իհարկե, ենթադրելի է, որ Ալիեւի լոբբին այս ուղղությամբ աշխատել է՝ փորձելով այդ հարցում ազդել «բարեկամների» քայլերի վրա: Սակայն, օրինակ, այս փաստը չմոռանանք. ի վերջո, անգամ Նիկոլի հավանություն ստացած հիշատակված զեկույցը պատրաստել է Գլխավոր քարտուղար Զաասը՝ Լուկաշենկոյի ներկայացուցիչը: Այսինքն, Բատկայի՝ Ալիեւի «տան անդամը» լինելու կարգավիճակն այս դեպքում միգուցե դեր խաղացել է, սակայն էլի Ալիեւը նման տեսքով որոշումից պետք է որ մտահոգվի:
Մյուս կողմից, չմոռանանք, որ Հայաստանի սահմանների թեման ինչքան էլ որ կազմակերպության ներսում շահերի բախում է առաջացնում, մեկ է՝ լուրջ փորձաքար է ընդհուպ՝ ՀԱՊԿ-ի լինել-չլինելու հարցով: Այսինքն, եթե Հայաստանի սահմաններ ներխուժելու փաստը ֆիքսվել է հատուկ պատվիրակության կողմից, եւ այդ հարցում որոշում չլինի, ապա դա բառացիորեն ոչնչացնում է այն գլխավոր սկզբունքը՝ կոլեկտիվ պաշտպանությունը, որի վրա կառուցված է ՀԱՊԿ-ը: Ընդ որում, անցած օնլայն նիստում Պուտինի ելույթը հենց այդ նեղ սահմանագծով է անցնում. մի կողմում փաստն է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ կան բազում հին կապեր, մյուս կողմում էլ, որ, ի վերջո, խոսքը ոչ թե միայն Հայաստանի, այլ՝ ՀԱՊԿ սահմանի մասին է, այն է՝ ՀԱՊԿ հեղինակության: Առաջարկն այն էր, որ լուծումը պետք է լինի քաղաքական հարթությունում՝ բանակցությունների միջոցով:
Սակայն դա Ալիեւը կարող էր նաեւ որպես ազդակ ընկալել. պետք է գնալ բանակցելու, քանի որ հակառակ կողմում ՀԱՊԿ հեղինակությանը հասցված հարվածն է, եւ այս դեպքում բարեկամները կարող է եւ չօգնեն: Կամ, եթե գնան Ալիեւին «ատամներով պաշտպանելու», ապա դա գործնականում դառնում է ՀԱՊԿ-ի փլուզում: Մոսկվային, միգուցե, դա նաեւ ձեռնտու լինի. վերջին հաշվով ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը, որպես մեխանիզմ, ոչնչով չի օգնում, եւ նույնիսկ կան ՀԱՊԿ անդամներ, որոնք այդ հարցով ընդգծված հակառուսական կուրսի մեջ են: Այսինքն, պե՞տք է նրան ՀԱՊԿ, որին, ի դեպ, դեմ են արտահայտվում նաեւ ռուսական մի շարք ազգային քաղաքագիտական ու քաղաքական ուժեր: Բայց դրանով հանդերձ, այս պահին ՀԱՊԿ-ի փլուզումը ռուսների համար քաղաքական հարված է, որը դրա մեղավորները կարող է եւ չմարսեն:
Կարճ ասած, առավել քան նուրբ իրավիճակ է, որը տանում է այն մտքին, որ երեւանյան նիստը կարող է մինչեւ իսկ ՀԱՊԿ-ը տանել փլուզման ուղղությամբ կամ հակառակը՝ այն վերածել իրական դաշինքի: Կախված, հասկանալի է, անդամների տրամադրություններից՝ դաշինքի անկյունաքարային սկզբունքը՝ փոխադարձ պաշտպանության մեխանիզմը պե՞տք է միանշանակ գործի, անկախ նրանից, թե ով է դրա դեմ ոտնձգություն կատարողը՝ անդամ երկրների բարեկա՞մը, թե՝ հակառակորդը: Եվ, իհարկե, մինչ այս նիստի կայանալը այդ բոլոր հարցերը պետք է որ քննարկված լինեն, այդ թվում՝ անդամ երկրների արտգործնախարարների կողմից՝ «որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական» պատրաստելու փուլում: Եվ չբացառենք, որ հենց այդ քննարկումներն էլ Ալիեւին մտահոգելու առիթ տվել են: Կամ միգուցե չափազանց վստա՞հ է, որ իր «բարեկամները» կգնան մինչեւ վերջ՝ ընդհուպ ՀԱՊԿ-ին՝ տապալելու ճանապարհով: Մի խոսքով, սպասենք նիստի արդյունքներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ