- 04/12/2022
G7-ում պայմանավորվել են ռուսական գնի առաստաղի շուրջ. նավթի շուկան կոլապսի շեմին. փորձագետներ
Յոթնյակի երկրները, ԵՄ-ն և Ավստրալիան պայմանավորվել են դեկտեմբերի 5-ից սահմանել 60 դոլար մեկ բարելի դիմաց նավթի առաստաղ՝ իրենց տարածքների և նավերի համար: Այս մասին ասվում է շաբաթ օրը տարածված Եվրահանձնաժողովի հայտարարության եւ բացատրական փաստաթղթերում։
«Մեծ յոթնյակն այսօր համաձայնեցրեց ռուսական նավթի գնի առաստաղի մասին, ԵՄ խորհուրդը հենց դրան զուգահեռ հաստատեց այս որոշումը: Առաստաղը կսահմանվի 60 դոլար` 1 բարելի դիմաց և կարգավորելի կլինի շուկայական փոփոխություններին համապատասխան»։
Գների առաստաղը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից հում նավթի և փետրվարի 5-ից նավթամթերքի համար (նավթամթերքի գինը կհաստատվի ավելի ուշ), հայտնում է Եվրահանձնաժողովը։ «Մինչև դեկտեմբերի 5-ը բեռնված և մինչև հունվարի 19-ը նշանակման նավահանգստում բեռնաթափված նավերի համար ծովով մատակարարվող ռուսական նավթի համար կգործի 45-օրյա արտոնյալ ժամկետ»:
Մյուս երկրներից, որոնք միացել են գների առաստաղ մտցնել ցանկացողներին, ԵՄ-ն նշել է միայն Ավստրալիային:
Այս որոշման հետ կապված փորձագիտական շրջանակներում գնահատականը գործնականում միանշանակ է: Ըստ այդմ, իրավիճակը ՌԴ-ին համար թեեւ տհաճ է, սակայն ունի բազում լուծումներ: Փոխարենը, եթե Մոսկվան, ինչպես ավելի վաղ խոստացել է, հրաժարվի «գնային առաստաղ» սահմանող երկրներին, այն է` Եվրոպային եւ ԱՄՆ-ին նավթ վաճառել, ապա դա «կարող է նավթի գլոբալ շուկայում այնպիսի գնային ցնցումների հանգեցնել, որպիսին մինչ այժմ չի տեսնվել: Գնարի կրկնակի, եռակի… հնգապատիկ թռիչք. այդ բոլոր տարբերակները հնարավոր են, չկա որեւէ տրամաբանություն: Ընդ որում, Ռուսաստանը կշարունակի իր դաշնակիցներին նավթ մատակարարել խելամիտ գների սահմաններում, նաեւ նրանց միջոցով կարող է նավթ արտագանել գլոբալ շուկաներ, դրանով եւս նվազեցնելով իր վնասները: Չնայած, գնային թռիչքների դեպքում Ռուսաստանը կարող է նույնիսկ քիչ վաճառելով, ավելի մեծ եկամուտներ ստանալ, ինչպես դա եղավ գազի դեպքում: Ինչ վերաբերում է պատժամիջոցներ սահմանողներին, ապա նրանցից ԱՄՆ-ն թեեւ ունի սեփական պաշարները, սակայն Բայդենը հասցրել է էապես հյուծել պետության ռազմավարական պաշարները, եւ դրանք համալրելու համար ստիպված կլինի մեծ ծավալներ ներմուծել գերբարձր գներով|: Սակայն հիմնական տուժողը լինելու է Եվրոպան: Որպես ամենախոշոր նավթի ներմուծող, հիմա արդեն Եվրոպան պետք է բազմապատկի իր ծախսերը: Այն դեպքում, երբ մրցակիցների, ու առաջին հերթին` Չինաստանի մոտ կլինի կայուն վիճակ: Սա նշանակում է, որ բացի բուն նավթի գներով պայմանավորված կորուստներից, Եվրոպան նաեւ դրանով ողջ տնտեսութայնն ուղղված «միջնորդավորված» հարված է ստանալու: Այսինքն, ինչպես միշտ, էլի հիմնական շահողը լինելու է Չինաստանը, իսկ Եվրոպան ռեցեսիայից ոչ մի դեպքում արդեն չի խուսափի. սա հենց այն դեպքն է, երբ նստել ես ճյուղին եւ այն կտրում ես: Չնայած, երեւի ԱՄՆ-ի այս օպերացիայի իմաստը ԱՄՆ-ի համար հենց դա էր. վերջնականապես ոչնչացնել եվրոպական տնտեսությունը: Թերեւս, բացառությամբ Բրիտանիայի, որը, ինչպես պարզվեց, զատուղի ճանապարհներով ռուսական նավթ է ներկրում»,- պնդում է փորձագետը: