«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման հայտարարությունը

«Հզոր Հայաստան  Ռուսաստանի հետ»  շարժման հայտարարությունը

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժումը խստորեն դատապարտում է Բերձորի (Լաչինի) միջանցքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները՝ Արցախի  շրջափակումը և գազամատակարարման դադարեցումը։ Այս բարբարոսական գործողություններն ուղղված են Արցախի Հանրապետության շուրջ իրավիճակի ապակայունացմանը և  ռուսական խաղաղապահ կոնտինգենտին հակամարտության մեջ ներքաշելուն։

Բաքվի սադրիչների և նրանց թուրք խորհրդականների հիմնական նպատակը Արցախի հայ բնակչության ցեղասպանությունն է։ Ահա թե ինչպես է Ադրբեջանը տեսնում Ղարաբաղի հարցի «լուծումը»: Չէ՞ որ նրանց ավագ եղբայրները նման մեթոդներով գործել են 1915թ. Օսմանյան կայսրությունում, իսկ իրենք՝ ադրբեջանցիները, հայ խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանության մեծ «փորձ» ունեն՝ սկսած 80-ականների վերջից մինչև մեր օրերը։ Ադրբեջանի իշխանությունների ներկայիս գործողություններն ուղղված են Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն՝ նպատակ ունենալով Արցախի բնիկ բնակչությանը վտարել իրենց պատմական հայրենիքից։ Այսօր ադրբեջանցի նացիստները վտանգի տակ են դրել 120 հազար արցախահայերի կյանքը՝ իրենց դիվային ծրագրերին հասնելու համար։

Միևնույն ժամանակ, Ալիևի նացիստական ​​ռեժիմը լուծում է  իր արևմտյան և ուկրաինական գաղափարական գործընկերների և համախոհների կողմից իր առջեւ դրված խնդիրը՝ Ռուսաստանին ներքաշել Հարավային Կովկասի հակամարտության մեջ, բացել Ռուսաստանի համար երկրորդ ճակատ, վարկաբեկել ռուս խաղաղապահներին և հետագայում պահանջել նրանց դուրս հանել Արցախից։ Պատահական չէ, որ Արցախի շրջափակմանը մասնակցում են «Գորշ գայլեր» նացիստական ​​կազմակերպության անդամները, որը նաեւ մասնակցում է Դոնբասի բնակչության դեմ ռազմական գործողություններին։

Իհարկե, Ադրբեջանի սադրիչ գործողությունները Բերձորի (Լաչինի) միջանցքում ամենալկտի կերպով խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանով իսկ խարխլելով մեր տարածաշրջանում փխրուն զինադադարի հիմքերը՝ անհնարին դարձնելով ցանկացած բանակցություն։ Ներկայիս էսկալացիայի բոլոր հետեւանքների պատասխանատվությունը կրում է Ալիևի նացիստական ​​ռեժիմը։

Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵՄ-ի նվաստացուցիչ և մեղմ արձագանքը իրենց ցինիզմով աղաղակող վերոհիշյալ իրադարձություններին։ Նրանց հայտարարություններում իսպառ բացակայում է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների դատապարտումը,  նույնիսկ հիմա Արևմուտքը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ։ Ըստ ամենայնի, Ռուսաստանին շրջանցելով Եվրոպա գազ մատակարարելու Բաքվի խոստումները Հայաստանի արեւմտյան «բարեկամներին» ստիպում են արմատապես վերանայել հումանիզմի, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների վերաբերյալ իրենց մոտեցումները։

Այս հարցում միջազգային, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը ակնհայտորեն ցույց է տալիս նրանց հավատարմությունը երկակի ստանդարտներին։ Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ընդունել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտող և արցախահայության միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանող բանաձեւ։

Այս իրավիճակում մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների անդրդվելի դիրքորոշումը, որոնք թույլ չեն տալիս ադրբեջանական նացիստական ​​գումարտակին (խառնամբոխի քողի տակ) մուտք գործել Արցախ, ինչը կհանգեցնի արյունահեղության։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ ռուսական կողմին կհաջողվի ստիպել Բաքվի իշխանություններին դադարեցնել սադրիչ գործողությունները։

Վրդովմունքով արձանագրում ենք Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ դիրքորոշումը, որոնք գործնականում հետ են քաշվել այս հարցից և փաստացի հակված են Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու ադրբեջանա-արևմտյան դիրքորոշմանը։

Մենք շարունակում ենք հավատալ, որ Արցախի՝ որպես ԽՍՀՄ սահմանադրական սուբյեկտի ապահով ապագան կարող է լինել միայն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում կամ հովանավորության ներքո։

Մենք զորակցություն և համերաշխություն ենք հայտնում Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցներին, վստահ ենք, որ տոկունությունը, դիմադրողականությունը և հաղթանակի հանդեպ հավատը երբեք չեն լքի ձեզ։

 

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտե.