- 21/12/2022
Ումի՞ց պետք է ավելի շատ վախենալ. Նիկոլը ստիպված է կողմնորոշվել
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Ռուբեն Վարդանյանն ազդարարեց, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, եւ որ մեծ հավանականությամբ օրվա ընթացքում նաեւ կբացվի Լաչինի միջանցքը: Սակայն երեկվա դրությամբ միջանցքը շարունակում էր փակ մնալ: Առաջին հարցը, որ դրանից բխում է, հետեւյալն է՝ մի՞թե Վարդանյանը սխալվել էր եւ ցանկալին ներկայացրեց իրականության տեղ:
ԵՐԵՔ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Նման է, որ Վարդանյանը ճանապարհը բացելու մասին նա հստակ տեղեկություն ուներ եւ, ըստ ամենայնի, առնվազն ռուսական խաղաղապահներից, եթե ոչ նրանց վերադասներից: Այսինքն, որ կար նման պայմանավորվածություն, եւ դրա վկայությունն էլ գազամատակարարման վերականգնումն էր: Ավելին, տեղի աղբյուրներից կա նաեւ տեղեկություն, որ ազերի «բնապահպանները» իրոք այդ օրվա առավոտյան «վեշ-մեշոկները» հավաքել եւ պատրաստվում էին հեռանալ: Բայց ահա ամեն ինչ միանգամից կանգ առավ, եւ ճանապարհը մնում է փակ: Այսինքն, եթե նախնական պայմանավորվածության մասին այդ քիչ կասկածներ հարուցող վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա նշանակում է, որ դեկտեմբերի 16-ի կեսօրից հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, դրա արդյունքում ինչ-որ բան փոխվեց, նախնական պայմանավորվածությունն էլ չեղարկվեց կամ հետաձգվեց:
Այդ ժամանակահատվածի աչքի ընկնող թերեւս միակ իրադարձությունը, որը կարող էր ցանկացած բնույթի եւ մակարդակի գործընթացի վրա իր էական ազդեցությունը թողնել, թերեւս միայն Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ Mi 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցն էր Հայաստան:
Հասկանալու համար, թե խոսքն ինչի մասին է, նախ հիշեցնենք այս պարզ փաստը: Աշխարհում գոյություն ունեն մի քանի երկրների հետախուզական ծառայություններ, որոնցից համաշխարհային քաղաքականությունում շատ բան է կախված: Դրանցից ամենաառաջին պլանում են, նաեւ ի հաշիվ հսկայական փորձի եւ տեղեկատվության հզոր բազայի, ամերիկյան, ռուսական արտաքին հեռախուզությունները, եւ, իհարկե, նաեւ բրիտանական Mi 6-ը: Համեմատության համար նշենք, որ,
օրինակ, չինական կամ իսրայելյան հետախուզությունները, որոնք էլի լինելով միանգամայն հզոր, այնուամենայնիվ, նշված եռյակից մի փոքր հետ են ընկած՝ չունենալով նշված եռյակի դարավոր փորձը:
Այսպիսով, կարող ենք նախ ֆիքսել մեկ պարզ փաստ. մինչ այս, եթե չենք սխալվում, Mi 6-ի եւ ոչ մի ղեկավար Հայաստան չի այցելել, եւ եթե Մուրը այցելեց, ապա միայն այդ փաստը նշանակում է, որ այդ այցը, գլոբալ տեսանկյունից, ուներ արտակարգ մեծ կարեւորություն: Համեմատության համար հիշեցնենք, որ ամռանն էլ, նույնպես պատմության մեջ առաջին անգամ, Հայաստան այցելեց ամերիկյան հետախուզության ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բերնսը, իսկ դրանից հաշված օրեր անց՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Այսինքն, այս կարճ ժամանակահատվածում Հայաստան են այցելել համաշխարհային հետախուզական էլիտայի եռյակի ղեկավարները: Սա արդեն ոչ թե պարզապես արտառոց է, այլ պարզ խոսում է միգուցե մեզ համար ծայրահեղ վտանգավոր մեկ փաստի մասին. Հայաստանը, բնականաբար, աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, ներառված է այնպիսի մասշտաբային խաղերի, հաշվարկների մեջ, որ առանցքային հետախուզական ծառայությունները ոչ թե նույնիսկ ակտիվ գործում են այս ուղղությամբ, այլ գործում են նաեւ առաջին դեմքերի մակարդակով:
Թե ինչի մասին է խոսքը, ընդհանրական իմաստով, իհարկե, հասկանալի է. Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական վերահսկողության: Սակայն դա դետալային ի՞նչ տեսք ունի, դա արդեն հասկանալ է պետք:
MI6-Ի ԱԿԱՆՋՆԵՐԸ
Այն, որ հենց Ռիչարդ Մուրի այցն էր, որ Լաչինում իրավիճակ փոխեց, թերեւս կասկածի տեղիք չի տալիս: Իսկ դա նշանակում է, որ Լաչինի միջանցքի շուրջ այս պահին ստեղծվել է մի ֆոն, որն ուղղակիորեն կարող էր ազդել հիշատակված գլոբալ նպատակի՝ Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական վերահսկողության հարցի վրա:
Նկատենք նաեւ, որ այս տրամաբանությունն էր դրված նաեւ հեղինակավոր քաղաքագետ Եվգենի Սատանովսկու մեկնաբանության հիմքում՝ կապված Լաչինի միջանցքի իրադարձությունների հետ: Սկսելով փաստից, որ միջանցքը փակած «բնապահպաններից» ոմանք կրել եւ ցուցադրել են «Գորշ գայլերի՝ դե ֆակտո նացիստական կազմակերպության տարբերանշանները», Սատանովսկին հիշեցնում է, որ Թուրքիայի տարբեր օղակների ֆինանսավորմամբ այդ կազմակերպությունը այսօր տարածված է նաեւ Ադրբեջանում: Դրան էլ գումարած, փաստը, որ. «Թուրքերը վերջապես իրենց թեւի տակ առան Ադրբեջանը: Այստեղ պատրանքներ չպետք է լինեն, օրինակ՝ բանակն այսօր վերակազմավորվելու է թուրքական ձեւով՝ կոնկրետ կենսագրությամբ թուրք գեներալի կողմից»: Այսպիսով ակնարկելով, որ Լաչինի միջանցքի միջադեպը հազիվ թե տեղի ունենար առանց Անկարայի «դաբրոյի», Սատանովսկին նաեւ հիշեցնում է, որ մի շարք կոնկրետ դեպքերում, օրինակ՝ Ղազախստանում այս տարեսկզբին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետեւում «կանգնած էին ոչ միայն թուրքական, այլ նաեւ բրիտանական հետախուզական ծառայությունները: Mi 6 – մեծ բարեւ»: Իսկ սա պարզ ակնարկ է, որ Հայաստանի շուրջ զարգացող ներկա իրադարձությունների համատեքստում եւս պետք է թուրքականից զատ, փնտրել նաեւ Mi6-ի հետքը, եւ, հաշվի առնելով նաեւ Մուրի անձնական սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, ասվածն էլ ավելի իրատեսական է դառնում: Իհարկե, նաեւ հաշվի առնելով ինչպես Մուրի այս այցը, այնպես էլ այն, որ նույն Mi6-ի ղեկավարը միջանցքը փակվելու հենց հաջորդ օրն ընդունեց Նիկոլի ԱԽՔ Արմեն Գրիգորյանին:
Բայց եթե ընդունենք, որ Լաչինի միջանցքը փակելը Բաքու-Անկարա- Mi6 համատեղ օպերացիայի շրջանակներում էր՝ միտված Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելուն եւ դրանով ռուսական զորքերի դուրսմղմանը, ապա Մուրի ինչի՞ն էր պետք Հայաստան գալը. միջանցքը փակ էր, օպերացիան զարգանում էր, մնում էր Լոնդոնում հանգիստ նստել եւ սպասել արդյունքներին: Չնայած՝ չմոռանանք, որ Մուրը եկավ այն պահին, երբ նախ՝ ազերիները գազը բացեցին, ապա տարածվեց խոսակցությունը, որ բացվում է նաեւ ճանապարհը: Իսկ դա նշանակում էր, որ օպերացիան սկսել էր ձախողվել, եւ պետք էր Մուրի անձնական միջամտությունը:
Ելնելով նրանից, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվեց, եւ Վարդանյանի մակարդակով խոսվում էր նաեւ ճանապարհը բացելու մասին, իրոք նման է, որ օպերացիան ձախողմանը մոտ էր, եւ այս տեսանկյունից Մուրի միջամտությունը տրամաբանական էր: Բայց այդ դեպքում նա պետք է Ալիեւին հետ պահեր ռուսների հետ համաձայնությունից, եւ այստեղ Նիկոլը պետք է որ դեր չունենար: Այդ դեպքում ինչո՞ւ Մուրն այցելեց Նիկոլին եւ ոչ թե Ալիեւին:
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՊԱՀԸ
Բայց արդյոք տեղի՞ն է տարածված այն տեսակետը, թե միջանցքի հարցը միայն ռուս-ազերիական բանակցությունների օբյեկտ է, ու այստեղ Նիկոլը դեր չունի: Նախ, Լաչինի միջանցքի փակելը Ալիեւն ակնհայտորեն կապում է Նախիջեւանի հետ կապի ուղիների գործարկման գործընթացի ձախողումների հետ: Ընդ որում, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, թեեւ Նախիջեւանի հետ կոմունիկացիաների առնչությամբ օգտագործված չէ «միջանցք» տերմինը, սակայն հիմնական շարադրանքը իմաստային տեսանկյունից շատ նման է Լաչինի միջանցքի մեխանիզմին: Այդ թվում, որ գործելու է ռուսական վերահսկողություն: Նիկոլն այս հարցում իր մեկնաբանությունն ունի, ու հարցը տեղից այդպես էլ չի շարժվում: Այն տպավորությունն է, որ Ալիեւը հենց այդ հանգամանքն էլ դրել է միջանցքը փակելու ներկա բանակցությունների հիմքում, այսինքն՝ Մոսկվա, ապահովիր, որ Նիկոլն իր իսկ ստորագրած փաստաթղթի համաձայն՝ համաձայնի Մեղրիում ռուսական վերահսկողության այնպիսի մեխանիզմի, որը գործում է նաեւ Լաչինի միջանցքում, հակառակ դեպքում մենք ճանապարհը չենք բացի: Եվ եթե Նիկոլն այդ տարբերակն ընդունի, ապա դա էապես կթուլացնի Ալիեւի դիրքերը՝ Պուտինի հետ բանակցություններում:
Մյուս կողմից էլ, հին խոսակցություններ չեն, որ հենց Մեղրիի ճանապարհների ռուսական վերահսկողությունն է, որ անգլոամերիկացիների ամենաանցանկալի սցենարն է: Եվ եթե ընդունենք, որ Նիկոլն այս փուլում այլ տարբերակ չի տեսնում, քան այդ դրույթի հետ համաձայնելը, ապա Մուրի այս այցը դրանով իր տրամաբանության մեջ կընկնի. պետք է Նիկոլին հետ պահել նման համաձայնություն տալուց: Առավել եւս, որ այդ խնդրի լուծումը նկատելիորեն կազդի նաեւ «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի առաջընթացի վրա: Այսինքն, նման փաստաթուղթը կարող է նաեւ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ծրագրված ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովում, ավելի կոնկրետ՝ այդ առիթով հնարավոր Պուտին-Ալիեւ-Փաշինյան նոր եռակողմ հանդիպման օրակարգում դրվել:
Դա կանխելու համար Մուրը կարող էր Երեւան հասնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ