- 28/12/2022
ՆԻԿՈԼԸ 2022Թ.-Ը ԴԱՐՁՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Այսպիսով, արդեն տարեվերջ է, սակայն անգամ Ամանորի շեմին հնարավոր չէ ամփոփել անցնող տարին: Գործընթացները նույն ակտիվությամբ դեռ շարունակվում են, ինչի ապացույցն է Լաչինի միջանցքը, դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ երկրների գագաթաժողովը, ավելի կոնկրետ՝ Պուտինի, Ալիեւի եւ Նիկոլի ներկայությունն այնտեղ: Գումարենք նաեւ այս վերջին իրադարձությունները, եւ տարեվերջյան թեժությունը հիմնավորելու կարիք այլեւս չի լինի:
ԾԱՆՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԿԱՅԻՆ ԴԵՌ ԱՆՑԱԾ ՏԱՐԵՎԵՐՋԻՑ
Այնուամենայնիվ, փորձենք նաեւ հասկանալ, թե ընդհանրական առումով ի՞նչ տվեց մեզ 2022թ.-ը: Առաջին հայացքից մեկ բան ակնհայտ է՝ տարին մեղմ կլիներ անգամ գերլարված համարելը: Կարելի է նաեւ այպես ասել՝ անգամ 44-օրյա պատերազմին հաջորդած 2021թ.-ը քաղաքական առումով նկատելիորեն ավելի հանդարտ եւ կանխատեսելի էր, քան 2022թ.-ը: Ընդ որում, նման կտրուկ լարվածությունը տեսանելի էր դեռ անցած տարեվերջից, եւ ամենեւին էլ պետք չէ կապել Ռուսաստանի՝ Ուկրաինայում պատերազմի մեջ ներգրավվելու հետ: Սա, իհարկե, էլ ավելի սրեց իրավիճակը, սակայն ներկա սրացումների խորքում այլ, թերեւս ավելի որոշիչ դետալներ կան: Նկատի ունենք հետեւյալը:
Այսպես, 2021թ.-ին հայ-ադրբեջանական գործընթացները հիմնականում զարգանում էին «Եռակողմ ձեւաչափի» շրջանակներում՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի, ապա Մոսկվայում եւ Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների: Բայց ահա տարեվերջին մոտ, երբ այն տպավորությունը կար, որ եռակողմ պայմանավորվածությունները մոտենում են հանգուցալուծման «խաղաղության պայմանագրի» տեսքով (որը հետագայում սկսեց կոչվել ռուսական տարբերակ), տեղի ունեցավ իրավիճակի կտրուկ փոփոխություն: Մակրոնը հանդես եկավ Շառլ Միշելի միջոցով Բրյուսելում Ալիեւի եւ Նիկոլի հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: Խոսքը՝ «Եռակողմ ձեւաչափին» զուգահեռ, ավելի ճիշտ՝ այդ ձեւաչափին փոխարինելու միտված «Բրյուսելի ձեւաչափի» մասին է, եւ դեռ այդ պահին ակնհայտ էր, որ նախաձեռնության իրական տերը Վաշինգտոնն էր: Նիկոլն արագորեն նետվեց այդ նախաձեռնության ուղղությամբ, թեեւ արդեն այդ պահին էր ակնհայտ, որ դա Հայաստանին աշխարհաքաղաքական կռվախնձոր դարձնելու ամենակարճ ուղին է, ընդ որում, մեր երկրի համար որեւէ դրական հեռանկար չնախատեսող խաղի մեջ ներքաշող:
Անցած տարեվերջին մեկ բան եւս ակնհայտ էր, որ մեր ուղղությամբ սպասվող գերսրացումներում թեեւ խաղարկվում էր հայ-ադրբեջանական թեման, սակայն իրականում պայքարը ծավալվելու էր ՌԴ-ԱՄՆ հարթությունում, ընդ որում, ոչ թե այն մակարդակով, որը մինչ այդ տեսել էինք, այլ որ այստեղ սպասվում էին գերշիկացումներ: Իսկ դա պարզ ցույց տվեց այն, որ անցած տարեվերջին Մոսկվայի առաջարկած՝ ՌԴ-ին անվտանգության երաշխիքները տալու հարցը Վաշինգտոնը կոպտորեն մերժեց, որն արդեն իսկ հուշում էր, որ հետագա զարգացումները գնալու են ընդհուպ՝ ռազմական բախումների տեսքով: Այդ պահից արդեն ակնհայտ էր, որ խոսքն այն մասին չէ, թե ով հանգուցալուծման կտանի հայ-ադրբեջանական թեման՝ դրանից ստանալով որոշակի քաղաքական դիվիդենտներ: Այլ, թե ում ամբողջական վերահսկողության տակ կմնա Հարավային Կովկասը: Իսկ այն, որ Նիկոլն արագորեն նետվեց դեպի «Բրյուսելի ձեւաչափ», արդեն իսկ հուշում էր, որ դա, ըստ էության, աշխարհաքաղաքական կողմնորոշում է: Եվ դա այն դեպքում, երբ դրանից դեռ ընդամենը մեկ տարի առաջ էր, որ ռուսները թույլ չտվեցին Ստեփանակերտի անկումը, այն է՝ Արցախի ամբողջական հայաթափման տեսքով ցեղասպանությունը, ինչն ընթանում էր Վաշինգտոնի դրական թեքմամբ լռության ներքո:
«ԲՐՅՈՒՍԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Այսպիսով այն, որ «Բրյուսելի ձեւաչափ» կոչվածը Հայաստանին հասցնելու էր այս ողջ տարվա ընթացքում արձանագրված ծայրահեղ վիճակին, ակնհայտ էր ի սկզբանե, որի մասին դեռ անցած տարեվերջին քանիցս գրելու առիթներ ունեցել ենք: Ուրեմն՝ գիտակցվա՞ծ Նիկոլը գնաց այդ ուղղությամբ, թե՝ չհասկանալով, անգամ դա չէ արդեն ամենաէականը: Շատ ավելի կարեւոր է այն, որ Ալիեւը եւս, հասկանալով, որ կարող է այդկերպ շրջանցել ռուսական «խաղաղության պայմանագրի» այն նախնական պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին Արցախի կարգավիճակի որոշման հետաձգում անորոշ ժամկետով եւ դրանով նաեւ խաղաղապահ առաքելության ժամկետներն անորոշ չափով հետաձգելով, Նիկոլը նման քայլի արդյունքում անցավ շատ ավելի կոշտ պայմանների: Ընդ որում, առ այսօր պահպանելով ռուսական եւ ամերիկյան թեւերի միջեւ մանեւրելու հնարավորությունը, ինչից գործնականում իրնքն իրեն զրկել է Նիկոլը:
Ընդ որում, արդեն անցած տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած առաջին նման հանդիպումը նաեւ ֆիքսեց, թե որն է ռուս-ամերիկյան հիմնական կռվախնձորը: Այսպես, հանդիպումից հետո Նիկոլը նման ֆեյսբուքյան գրառում կատարեց. «ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը: Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո: Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն»:
Ու հիմա մի քանի պարզ հարց՝ իսկ ո՞ւր է այդ գործարկված երկաթուղին: Ավելին, եթե պայմանավորվել են, ինչո՞ւ է մինչ օրես երկաթուղու թեմայով Նիկոլն ինչ ասես խոսում: Հաջորդը, ինչո՞ւ դրանից հետո, արդեն աշնանը Ալիեւը մինչեւ իսկ Հայաստանի սահմաններն օկուպացրեց՝ այդ ողջ գործընթացի տակ դնելով այն միտքը, թե Նիկոլի ասած՝ «երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը» այդպես էլ կյանքի կոչված չէ: Վերջապես, ինչո՞ւ այդ երկաթուղու գործարկման փոխարեն այսօր ունենք Լաչինի փակ միջանցք, եւ նորից ակնհայտորեն դրա տակ Ալիեւը նույն միտքն է դնում՝ «երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը» կատարված չէ:
Ընդ որում, որ հենց երկաթուղու խնդիրն է, որ կանգնեցնում է «խաղաղության պայմանագիրը», եւ ոչ թե Արցախի կարգավիճակը, հաստատվեց աշնան սկզբներին Պրահայում տեղի ունեցած Ալիեւի ու Նիկոլի՝ «Բրյուսելյան ձեւաչափով» վերջին հանդիպմանը: Այդ հանդիպման առանցքային դետալն էր Նիկոլի համաձայնությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Փաստաթուղթ, որն անգամ խորհրդարանական վավերացում չի ստացել, եւ երբ հենց դրա վրա են շեշտը դնում, դա մեկ բան է նշանակում՝ դրանով Նիկոլն Արցախն ընդունում է՝ որպես Ադրբեջանի մաս: Այսինքն, երբ անգամ դրան է համաձայնություն տվել, սակայն չկա «խաղաղության պայմանագիր», ապա նման իրավիճակը մեկ բանի մասին է վկայում, որ այդ պայմանագրի բացակայությունը պետք է կապել միայն երկաթուղու՝ կոմունիկացիաների թեմայի հետ:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԳԵՐԽՆԴԻՐԸ
Այնուամենայնիվ, եթե երկաթուղու մասին ամեն ինչ դեռ մեկ տարի առաջ էին պայմանավորվել, ինչո՞ւ խնդիրը չի լուծվում: Կապել դա տեխնիկական դետալների հետ, թե այստեղից կամ այնտեղից կարող է ճանապարհը դեպի Նախիջեւան գնալ, միամտություն կլիներ: Եվ այստեղ մեկ էական դետալ նկատենք. փաստ է, որ քանի դեռ հանդիպումները «Բրյուսելի ձեւաչափով» են, ճանապարհների հարցն էլ է դառնում պարզ: Այսինքն, եթե երկաթուղին պետք է գործի «մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո», ապա Ալիեւը պարզ հարց է տալու՝ իսկ ինչո՞ւ պետք է Լաչինի միջանցքն այլ կերպ գործի: Եվ ահա նրբությունը. «Բրյուսելի ձեւաչափով» «խաղաղության պայմանագրի» պարագայում այդ հարցն առհասարակ է վերանում: Այսինքն, եթե այդ ձեւաչափը սահմանում է, որ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», ու ստորագրվում է նման փաստաթուղթ, դրանով ֆիքսվում է, որ գոնե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա հակամարտություն, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը դառնում է առ ոչինչ՝ Լաչինի միջանցքով եւ խաղաղապահներով հանդերձ: Իսկ այս դեպքում, բնականաբար, բոլոր ճանապարհներն էլ կգործեն «միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն»:
Այլ բան, որ ռուսական «խաղաղության պայմանագիրը» չի նախատեսում արցախյան հակամարտության ավարտ: Այդ դեպքում արդեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մնում է ուժի մեջ, եւ այն սահմանում է, որ Նախիջեւան տանող ճանապարհը պետք է վերահսկեն ռուսները: Եվ եթե դա ֆիքսվում է նաեւ «խաղաղության պայմանագրի» միջոցով, ապա Վաշինգտոնը պարզապես պարտվում է այս մեծ խաղում:
ՎԵՐՋԱԲԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
Բայց ահա, «Բրյուսելի ձեւաչափով» վերջին՝ Պրահայի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այս մոդելը չի աշխատում: Այսինքն, ինչքան էլ որ Նիկոլը համաձայն է Ալմա Աթայի հռչակագրով սահմանազատման հետ, սակայն Արցախն է միասնաբար պնդում, որ եթե անգամ այդ հիմքով «խաղաղության համաձայնագիր» կնքվի, դա չի նշանակում, որ արցախյան հակամարտությունը վերջացել է: Այս դեպքում Ռուսաստանը, եթե անգամ եռակողմ պայմանավորվածությունները դառնան առ ոչինչ, խաղաղապահներին Արցախում պահելու այլ հիմք կունենա՝ Արցախի բնակչության պաշտպանությունը: Ու թեեւ Պրահայից հետո Նիկոլն ու Ալիեւը միասին Սոչիում, ինչպես բացահայտեց Լավրովը, Պուտինին ներկայացրին, թե՝ Ալմա Աթայի հռչակագիր ենք ուզում, սակայն երեւի նրանց տեղը տեղին բացատրվեց, որ դա խաղաղապահների առումով ոչինչ չի տալու: Արդյունքում, հենց Ալիեւն էր, որ հետ քաշվեց «Բրյուսելի ձեւաչափից», թեեւ Նիկոլը համառորեն խոսում էր այդ բացահայտ հակահայկական գործընթացի շրջանակներում նոր հանդիպման մասին:
Թերեւս նաեւ այն պատճառով, որ գործընթացը նորից «եռակողմ ձեւաչափ» էր վերադառնում, ինչի պարագայում նաեւ կոմունիկացիաների հարցով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մնում էին ուժի մեջ՝ ամերիկացիների համար հիշատակված սպասվող իրողություններով հանդերձ:
Եվ այն, որ այս ֆոնին ներհայաստանյան դաշտում ծայրահեղության հասցվեց հակառուսական եւ այդ թվում՝ խաղաղապահների դեմ ուղղված քարոզչությունը, իհարկե, պատահական չէր: Նախ, ՀԱՊԿ-ի հետ կապված հայտնի գործընթացն էր, որի արդյունքում, սակայն պարզվեց, որ Նիկոլն «անհասկանալիորեն» ինքն է հրաժարվել Դաշինքի կողմից Հայաստանին տրվող օգնությունից: Դրան էլ գումարվեց Լաչինի միջանցքի հետ կապված այս պատմությունը, որի շրջանակներում խաղաղապահներին ուղղված Նիկոլի քննադատությունը հասավ աբսուրդի աստիճան, եւ այն դեպքում, երբ ինքը գործնականում ոչ մի բան չի անում ճանապարհը բացելու համար:
Ինչեւէ, ինչպես նշեցինք, այս ամբողջական գործընթացը դեռ շարունակվում է, հնարավոր չէ ամփոփել տարին: Սակայն մեկ բան կարելի է ֆիքսել: 2022թ.-ը դարձավ Հայաստանի պատմության ամենածանր տարիներից մեկը ու մեկ շատ պարզ պատճառով՝ նիկոլյան խունտայի գործունեության արդյունքում:
ԷՐԴՈՂԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ ԲԱՑԵՑ
Լաչինի միջանցքի հետ կապված այդպես էլ որոշակիություն չստացող այս պատմության ֆոնին բավականին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանը: «Ադրբեջանի հետ միասին մենք տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմք ենք դնում: Իրադարձությունները կարագանան, քանի որ Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության, անվտանգության եւ հանգստության կայունացման համար»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նաեւ ավելացրել է, թե Թուրքիան պատրաստվում է տարածաշրջանում իր հազարամյա պատմության ամենակարեւոր ճեղքմանը, որը համահունչ է «Թուրքիայի դար» նախաձեռնության տեսլականին:
Իհարկե, ներթուրքական այն բարդ իրավիճակում, որում այսօր հայտնվել է Էրդողանը, նրանից «Թուրքիայի դարի» բնույթի հայտարարություններ դեռ շատ ենք լսելու: Միգուցե մասամբ ուղղված ներքին սպառմանը: Սակայն կոնկրետ այս դեպքում հետաքրքիր մեկ դետալ աչքաթող չանենք:
Այսինքն, այդ ի՞նչ «պատրաստակամություն է ցույց տալիս Հայաստանը», որ պետք է «արագացնի իրադարձությունները»: Ընդ որում, եթե խոսքը տարածաշրջանային «խաղաղության, անվտանգության եւ հանգստության մասին է», ապա էլ ի՞նչ «ամենակարեւոր ճեղքման» մասին է նա հայտարարում:
Ամենապարզ մեկնաբանությունը, որ Էրդողանի խոսքից բխում է, հետեւյալն է. նա պարզ խոսում է պանթյուրքիզմի մասին, քանի որ միայն դա կարելի է հասկանալ «հազարամյա պատմության ամենակարեւոր ճեղքմանը» եւ «Թուրքիայի դար» արտահայտությունների տակ: Ու նշանակում է, որ հենց դրան էլ նպաստելու «պատրաստակամություն է ցույց տալիս Հայաստանը», ինչքան էլ որ այդ ամենը ներկայացվի «տարածաշրջանային խաղաղություն» գեղեցիկ փաթեթավորմամբ:
Ու ստանում ենք, որ Էրդողանը, ըստ էության, հաստատում է այն կարծիքը, որը Հայաստանում շրջանառվում է 44-օրյա պատերազմից, եթե ոչ Նիկոլի իշխանության գալուց ի վեր: Ընդ որում, այստեղ խնդիրն անգամ արդեն Նիկոլը չէ, ում արած-չարածը բոլորի աչքի առաջ է: Նկատի ունենք, որ պանթյուրքիստական գաղափարախոսության ուղղությամբ «հազարամյա ճեղքման» պատրաստվող Էրդողանը դա անելու համար պետք է ոչ միայն թուրքացնի Հայաստանը, որը մեր երկրի խղճուկ վիճակի պարագայում բարդ բան չէ, այլ լուծի շատ ավելի կարեւոր խնդիր՝ տարածաշրջանը խլի ռուսներից, ավելի կոնկրետ՝ ռուս-իրանական դաշինքից: Ընդ որում, այս իրավիճակում, որ Թուրքիան արդեն անգամ ծրագրերը չի թաքցնում, երբ նիկոլյան խունտան ողջ քարոզչությունն ուղղել է ռուսների դեմ, պատկերը շատ ավելի հստակ է դառնում: Այդ թվում նաեւ՝ Լաչինի միջանցքը փակելու հետ կապված:
Իհարկե, դեռ հարց է՝ կստացվի՞ դա Էրդողանի մոտ, թե՞ մի քանի ամսից ստիպված կլինի աթոռը լքել: Բայց որ նա այսպիսով փակագծեր է բացում, դա էլ է կարեւոր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ