• 07/01/2023

Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն. այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական

Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն. այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականը վերահաստատել է Թեհրանի բացահայտ դեմ լինելը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության: Այդ մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Նիկոլաևիչ Բաբուրինի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը:

Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Վելայաթին, կրկնելով այաթոլլահ Խամենեիի խոսքերը, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։ Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի»։

Նա նաև մատնանշել է Ուկրաինայի պատերազմը՝ ասելով, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բախումների տարածման գլխավոր մեղավորներն են։

«Ժամանակակից աշխարհն այլևս միաբևեռ չէ։ Անկախ պետությունների համար չափազանց կարևոր է զգույշ լինել տարածաշրջան իրենց (արևմտյան) ներթափանցման հարցում», – ասել է նա:

2022 թվականի հուլիսին Թեհրանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ այաթոլլահ Խամենեին ընդգծել էր, որ Արևմուտքը դեմ է ուժեղ, անկախ Ռուսաստանի գոյությանը: