• 10/01/2023

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում․ Փաշինյան

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան։

«Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց նա։

Փաշինյանը, հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև հանդիպումը Պրահայում, նկատեց․ «Կարևոր է դինամիկա ունենալ հարաբերություններում։ Հույս ունեմ, որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք սահմանի բացում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»։

Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև տեղի ունեցող միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխությունների համատեքստում։ «Կարծում եմ՝ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։ Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվելու այս ճանապարհով։ Պետք է արձանագրեմ պատրաստակամությունը նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ կա շահագրգռվածություն Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների իրականացման, արևելք-արևմուտք ուղղություններով ավտոճանապարհների բացման, նաև նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ։

«Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին։ Մենք պատրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը։ Նաև հասկանում ենք, որ ձեզ հայտնի հանգամքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության, խաղաղության, այլ ոչ թե հակառակը»,- նշեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ այդ պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումների իրականացումը։ «Այս պարագայում մենք խոսում ենք նաև Հայաստանի և Նախիջևանի Ինքնիշխան Հանրապետության, այսինքն Ադրբեջանի տարածքով Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան և Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե առաջիկայում  Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև հանդիպումների շրջանակում արդյոք հնարավոր են երկրների ղեկավարների փոխայցելություններ՝ Փաշինյանն ասաց․ «Դա կախված է, իհարկե, ընդհանուր իրավիճակից և երկու կողմերի քաղաքական կամքից։ Կարծում ենք՝ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»։

Նա հավելեց, որ եթե ցանկանում ենք, որ Հայաստանն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է մտածենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին։ «Մենք նաև կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագրում նոր դիտակետ ենք ներկայացնում՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն, և մենք այդ կարևոր ուղղությունը պայմանականորեն անվանում ենք «տարածաշրջանացում»։ Պատմականորեն մենք մեր տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան տեսել ենք հնարավորություններ։ Կարծում ենք՝ գուցե ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը»,- ասաց Փաշինյանը։