- 11/01/2023
Արցախում կայունությունն անցնում է Ուկրաինայով
Միայն այն փաստը, որ Արցախի շուրջ իրավիճակն այս կարգի սրվեց (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=245782&l=am), առաջ եկան տարաբնույթ «Բրյուսելի տարբերակներ», ազերիական հարձակումներ, միջանցքի շրջափակում անցած տարվա ընթացքում, երբ ռուսներն Ուկրաինայում մտան պատերազմի մեջ, ի սկզբանե էր հուշում, որ այս ամենը փոխկապակցված է: Ավելին, որ հանգուցալուծումն Արցախում գործնականում կախված է մեկ գործընթացից՝ ինչ ավարտ կունենա ուկրաինական պատերազմը եւ ինչ ժամկետներում:
Այսպիսով, ինչ է ներկայումս կատարվում Ուկրաինայում: Տեւական ժամանակ, այն բանից հետո, երբ ռուսական ուժերը հետ քաշվեցին Դնեպրի աջափնյա հատվածից, այդ թվում՝ Խերսոն քաղաքից, ռազմաճակատը հիմնականում կայուն է՝ փոքր տեղաշարժերով: Թե ինչու, կարելի է հասկանալ:
Այսպես, այն համեմատաբար փոքրաքանակ ուժերը եւ տեխնիկական միջոցները, որով ռուսական բանակը մտավ ուկրաինական պատերազմի մեջ, ակնհայտորեն անբավարար էր պատերազմում հաղթելու համար: Եթե ռուսները գործ ունենային միայն ուկրաինական բանակի հետ, ապա վաղուց էր ամեն ինչ վերջացել: Բայց փաստը հետեւյալն է. այն մասշտաբային օգնությունը, որն Արեւմուտքից սկսեց հոսել դեպի Ուկրաինա, ակնհայտորեն այլ իրողություններ ձեւավորեց, եւ հիմա խոսքը գնում է ողջ արեւմտյան աշխարհի հետ ՌԴ-ի պայքարի մասին: Արդյունքում, Մոսկվան պետք է պատերազմին զուգահեռ մի շարք խնդիրներ լուծեր, որոնցով էլ զբաղված էր Խերսոնից նահանջելուց հետո:
Առաջինը՝ լրացուցիչ ուժերի կուտակումն էր, որն իրականացվեց զորակոչի միջոցով:
Երկրորդը՝ տնտեսությունը մասամբ ռազմական ռելսերի տեղափոխումն էր: Այն իմաստով, որ ունենալով մի շարք առաջատար զինատեսակներ, ՌԴ-ն չուներ դրանց անհրաժեշտ քանակությունը:
Երրորդը՝ Ռուսաստանի համար խոցելի ուղղության էր վերածվել Բելառուսը, որն ակտիվորեն թիրախավորվում էր Արեւմուտքի կողմից: Դրա լուծումը նույնպես կախված էր հավելյալ ուժերի եւ ժամանակակից սպառազինության հետ, որը եւս այս մի քանի ամիսներին ակտիվ ընթացքի մեջ էր:
Սրանց էլ, ինչ խոսքը, պետք է ավելացնել գլոբալ եւ ներքին քաղաքական մթնոլորտը, տնտեսությունը եւ այլն:
Աշուն-ձմեռ ժամանակահատվածը, երբ ուկրաինական ռազմական գործողությունների գոտիները վերածվել են անգամ ծանր զրահատեխնիկայի համար անանցանելի տեղանքի, հենց այդ խնդիրների վրա էլ հիմնականում կենտրոնացած էր Մոսկվան: Բայց ահա գետինը սառել է, եւ բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ սկսվելու է ռազմական գործողությունների կտրուկ շիկացում: Ու հիմա հարցերի հարցը հետեւյալն է՝ ինչքանով են ռուսները հասցրել համալրել ուժերն ու տեխնիկան, ինչ վիճակում է ուկրաինական բանակը՝ հաշվի առնելով արեւմտյան ռազմական հոսքերը: Այս ամենը, հասկանալի է, ռազմական գաղտնիության տակ է եւ պարզ կդառնա միայն ռազմական գործողությունների ընթացքում: Սակայն որոշակի տեսանելի փաստեր կան:
Այսպես, ՌԴ-ն այս ողջ ընթացքում պահպանում էր ակտիվությունը մի քանի առանցքային ուղղություններում, որտեղ փորձում էր «աղալ» ուկրաինական ռեզերվները: Ըստ ամենայնի, դա բավականին հաջողվել է, հաշվի առնելով ուկրաինական ուժերի կորուստների մասին արեւմտյան տվյալները: Միաժամանակ ակնհայտորեն ուժեղացվել է բելառուսական ուղղությունը, որտեղ, ըստ տարբեր գնահատումների, գործում է ռուս-բելառուսական մոտ 200 հազարանոց խմբավորում՝ զինված ժամանակակից զինատեսակներով: Դրանից զատ, կան նաեւ գրեթե պաշտոնական հաստատումներ Բելառուսում տակտիկական միջուկային զենքի տեղակայման մասին: Հաջորդը, ամանորյա ուղերձում Պուտինը հայտարարեց, որ զորակոչվածներից մոտ 150 հազարն արդեն ռազմական գոտում են: Դա նշանակում է, որ նրանք զինված են ժամանակակից զինատեսակներով, եւ մյուս 150 հազարը եւս սպասում է նման զինման:
Վերջապես, վերջին օրերին որոշ առանցքային ուղղություններում, այդ թվում՝ Բախմուտ-Սոլիդար ամենաթեժ հատվածում նկատվում է ռուսական ուժերի կտրուկ առաջխաղացում: Սոլիդարը գրեթե գրավված է, որը ռուսական զորքերին դուրս է բերում Բախմուտի թիկունք՝ այդտեղի ողջ ուկրաինական խմբավորմանը շրջապատելու ռիսկով հանդերձ: Զուգահեռաբար, կա նաեւ Բելառուսի ուղղությունից Կիեւին հարվածելու հնարավորությունը, նաեւ ռուսական մեծ ուժեր կան Զապորոժիեի հատվածում, որտեղից եւս կարող է մասշտաբային հարձակում լինել:
Ուկրաինական բանակը պատրա՞ստ է այս իրավիճակին, որքանո՞վ է ռեզերվներ պահել, կբավարարե՞ն դրանք ռուսական միաժամանակյա մի քանի ճեղքումները կասեցնելու համար: Ահա, հենց այս հարցերի պատասխաններն էլ կտա Ուկրաինայում պատերազմի հետագա ընթացքի հնարավոր պատկերը:
Մեկ բան է հստակ. կուլմինացիան մոտ է, միգուցե նաեւ օրերի խնդիր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ