- 20/01/2023
Կովկասում Էրդողանի կրկնակի խաղը Մոսկվան եւ Թեհրանը չեն հանդուրժում
Նախօրեին սպասվում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի այցը Մոսկվա: Իրանական աղբյուրներն ավելի վաղ հնարավոր էին համարում, որ Մոսկվա կմեկնի նաեւ Չավուշօղլուն, եւ բացի երկկողմ քննարկումներից, կանցկացվի նաեւ եռակողմ հանդիպում: Անգամ խոսում էին հնարավոր թեմաներից՝ Սիրիայից, Հարավային Կովկասից, հայտնի հացահատիկային գործարքից եւ այլն:
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ ՍԱՌԵՑՎԱ՞Ծ Է
Բայց ահա Աբդոլլահյանի այցը Մոսկվա չկայացավ: Այդ մասին նախօրեին հայտնել էր նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ բացատրելով, որ հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են «երկու դիվանագետների համաձայնությունից հետո»: Թե ինչու, բացատրություն տրված չէր: Իսկ Աբդոլլահյանն մեկնաբանեց, որ «տարածաշրջանային որոշ իրադարձությունների պատճառով Մոսկվա մեկնելը հետաձգվել է, եւ այցը կկայանա մի փոքր ավելի ուշ»:
Այսինքն, նաեւ մեզ համար բավականին կարեւոր՝ ՌԴ-Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ բանակցությունները ո՞ր «տարածաշրջանային որոշ իրադարձությունների պատճառով» են կանգ առել, շատ կարեւոր է հասկանալ:
Բանն այն է, որ առանձնահատուկ ինչ-որ ցնցումներ այս պահին տեսանելի չեն: Որոշակի խնդիրներ կան սիրիական ուղղությամբ, այդ թվում՝ Մոսկվայում այս օրերին ծրագրված Սիրիայի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը ՌԴ-ի միջնորդությամբ եւս տեղի չի ունենալու: Բայց նաեւ կան խոսակցություններ, թե դա հնարավոր է փետրվարի կեսերին, այսինքն՝ մնում է օրակարգում: «Տարածաշրջանային իրադարձություններից» մեկն էլ Արցախի շարունակվող շրջափակումն է, որը կարող էր չլինել, եթե Անկարան, ի պատասխան Սիրիայի հարցով ռուսների միջնորդության, իր փոքր եղբոր «գյամերը քաշեր»:
Եթե ընդունենք, որ պատճառը սա է, ապա մեկ է, կա նաեւ այն հարցը, թե Էրդողանն անգամ ցանկության դեպքում կարո՞ղ է Ալիեւի «գյամերը քաշել»: Թեկուզեւ հաշվի առնելով այս ամենին զուգահեռ հնչած Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի (որին, ի դեպ, վերագրվում է հայկական ծագում, թե նրա նախկինները Ցեղասպանությունից փրկվողներից են) հայտարարությունը՝ ադրբեջանական կառավարական ռեսուրսներից մեկին տված հարցազրույցում, թե. «Կարծում եմ, որ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընդլայնվել… Ամենակարեւոր իրադարձությունն այն էր, որ երբ Ադրբեջանը մտավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմ, մենք այստեղ էինք՝ ուս ուսի տված կանգնած մեր գործընկերոջ եւ ընկերոջ հետ…»:
Այն, որ Իսրայելն իրոք «ուս ուսի տված» պատերազմում կանգնած էր Ադրբեջանի կողքին, այն ժամանակ էլ հայտնի բան էր: Միայն թե պաշտոնապես դա չէին հաստատում, իսկ մեր տեղի դավաճաններն էլ գերադասում էին եւ գերադասում են այդ փաստը շրջանցել: Բայց երբ հիմա դեսպանի մակարդակով են դա խոստովանում, առաջ է գալիս պարզ հարցը՝ ինչո՞ւ:
Իհարկե՝ հասկանալի է, Իսրայելի համար Ադրբեջանն ընդամենը Իրանի վրա հարձակվելու տրամպլին է: Ընդ որում, հաշվի առնելով փաստը, որ Իրանը ռազմական տեխնիկայի առումով ներկայումս բառացիորեն թռիչքի մեջ է, մինչեւ իսկ հայտարարում է հիպերձայնային հրթիռներ ունենալու մասին, ուր որ է այնտեղ կտեղակայվեն ռուսական Սու-35-էր, ակնարկներ կան ընդհուպ՝ ռուսական միջուկային պաշտպանության մասին: Գումարած, արդեն անթաքույց խոսվում է նաեւ «Հյուսիս-Հարավ» նախաձեռնության գործնական մեկնարկի մասին, Ադրբեջանում տեղի են ունենում ԵՏՄ-ին միանալու քննարկումներ, որոնց կյանքի կոչվելու պարագայում Իսրայելը ստիպված կլինի լքել Ադրբեջանում իր դիրքերը: Արդյունքում, հենց ներկա փուլում Իսրայելի հակաիրանական տրամադրությունները կտրուկ սրվել են: Իսկ այն, որ Իսրայելի հիմնական լոբբիստի համարում ունեցող Բրիտանիան մինչեւ Mi6-ի մակարդակով այս օրերին կաշվից դուրս է գալիս, որ լուծի Արցախի, ասենք նաեւ Հայաստանը թյուրքական վերահսկողության տակ դնելու խնդիրը, դրանով էլ առաջ մղի Իրանի դեմ պատերազմի գործը, իր հերթին է ակնարկում, որ Թել Ավիվը հանգուցալուծման հասնելու խնդիր ունի:
Իսկ ահա մյուս կողմից, Իրանի պաշտոնյաներն օրերս հայտարարեցին, թե Ադրբեջանի հետ խնդիրները հարթվել են, այն է՝ Ալիեւին բացատրվել է, որ չփորձի ավելորդ խաղերի մեջ մտնել: Ընդ որում, Իրանն այդ մասին խոսեց Անկարայի եւ Բաքվի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումներից հետո, նաեւ դրանց շրջանակներում եւս մեկ անգամ ընդգծելով կովկասյան սահմանների անփոփոխության եւ արցախյան գոտում այլ զորքերի ներկայության անթույլատրելիության թեզը: Իսկ դա ակնարկ է, որ Անկարան նույնպես համամիտ է եղել, որ Բաքուն պետք է վերջ տա իր հակաիրանական խաղերին: Ու այս համատեքստում Իսրայելն իր դեսպանի միջոցով սկսեց Բաքվին հիշեցնել «ուս ուսի տվածի» մասին, որի հաշվին, ի դեպ, Ալիեւը մինչեւ իսկ Իրանին հյուսիսային հատվածն իրենով անելու հավակնություններ էր ցուցաբերում՝ բացահայտորեն աջակցելով Իրանում ներքին հեղաշրջում կազմակերպելու վերջին գործընթացին:
Եվ երբ այս իրավիճակում Ալիեւը դեռ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը, դրանով ցույց տալով, որ դեռ մնում է հակառուսական խաղի մեջ, ապա նաեւ Անկարան պետք է չսպասի իր օգտին Մոսկվայի քայլերին, որոնք, ի դեպ, միտված են նաեւ Թուրքիայում սպասվող ընտրություններում Էրդողանի վարկանիշի բարձրացմանը:
ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՊԵՏՔ
Ամեն դեպքում, Մոսկվայի փոխարեն Աբդոլլահյանը մեկնեց Թուրքիա: Իսկ դա նշանակում է, որ դեռ ինչպես Իրան-Թուրքիա, այնպես էլ ՌԴ-ի հետ եռակողմ ձեւաչափը արգելակումից հանելու խնդիր կա: Հաշվի առնելով, որ ըստ Իրանի ԱԳ նախարարի ակնարկի, այցի հիմքում ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Սիրիայում վերջին զարգացումների եւ Մոսկվայում Սիրիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին հանդիպումների թեմաներն են լինելու: Հաջողության դեպքում ծրագրված է նաեւ Էբրահիմ Ռայիսիի այցը, որը թուրքական կողմի հրավերով է, եւ բոլորն են հասկանում, որ դա եւս միտված է Էրդողանի նախընտրական վարկանիշին: Ընդ որում, իրանցի նախարարն ընդգծել է նաեւ, որ քննարկվելիք հարցերից են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնք «առաջնային նշանակություն ունեն»:
Ընդ որում, իրանական աղբյուրները նաեւ համոզված են, որ այս պահին, թուրքական ընտրությունների հետ կապված, Էրդողանի համար գնալով միայն սրվում է Իրանից, Ռուսաստանից եւ Սիրիայից եկող քարոզչական գործոնների կարեւորությունը: Բանն այն է, որ եթե Էրդողանը ծրագրում էր ընտրությունների ժամկետը ամառվանից տեղափոխել գարնան սկիզբ, դրանով ընդդիմադիր ուժերին հնարավորություն չտալով նախապատրաստվել, սակայն կարծես թե այդ ծրագիրը ձախողվում է: Նախօրեին Թուրքիայում ընդդիմության առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարություն, որով ցույց տվեցին, որ պատրաստ են միասնական ճակատով հանդես գալ, եթե անգամ ընտրություններն անցկացվեն ապրիլի 6-ին, ինչի մասին ռեալ խոսակցություններ կային: Միաժամանակ իրանական աղբյուրը նաեւ նկատում է. «Պատահական չէ, որ Էրդողանը ակտիվորեն քաղաքական միավորներ է հավաքում հացահատիկի գործարքով, գազային կենտրոնով, Իրաքում եւ Սիրիայում քրդերով, Դամասկոսի հետ եռակողմ բանակցություններով, ԱՄՆ-ի հետ ենթադրյալ «առճակատմամբ», Հունաստանի դեմ սպառնալիքներով եւ այլն»: Եվ նկատենք, որ թվարկված քայլերի զգալի մասն ուղղակիորեն կապված է Իրանի եւ Ռուսաստանի հետ, այսինքն՝ այն քաղաքական օժանդակության, որն այնտեղից կլինի կամ չի լինի:
Հայտարարությունը, որով հանդես եկավ Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման շրջանակներում, պետք է որ Անկարայի համար լավատեսական հնչի. «Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, եւ այսօր մենք կարող ենք Թուրքիան նշել որպես այն հարեւաններից մեկը, որը լավագույն հարաբերություններն ունի Իրանի հետ»:
Սակայն դա խնդրի մի կողմն է. լիակատար հարաբերությունների համար պետք է որ Անկարայի «փոքր եղբայրը»՝ Բաքուն, եւս նույն հունից չշեղվի, կամ եթե շեղվում է, ապա Անկարան պետք է կարողանա կարգի բերել: Կամ եթե չի կարողանում, այսինքն՝ Բաքվի համար ավելի «մեծ եղբայր» է Իսրայելը, ապա Անկարան պետք է այդ փաստն ընդունի՝ բխող հետեւանքներով հանդերձ: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ խնդիրը միայն Լաչինի միջանցքը բացել-չբացելը չէ: Իրանի համար այս խաղում դրված է սեփական գոյության հարցը, նույն կարգի անվտանգային հարցեր ունի Մոսկվան՝ էլի կապված կովկասյան ուղղության կայունության հետ: Իսկ դա նշանակում է, որ կովկասյան ուղղությամբ Էրդողանի կրկնակի խաղը Մոսկվան եւ Թեհրանը չեն հանդուրժի:
Քերոբ Սարգսյան