- 21/01/2023
Արևմուտքը կզղջա Ուկրաինային զենք մատակարարելու համար. Պեսկով
ՆԱՏՕ-ի երկրները դեռ կզղջան ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը:
«Այն (հակամարտությունը) իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին:
Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար», – հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Պեսկովը նաև անդրադարձել է այն հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը դեռ շարունակում է գործել:
Պեսկովը հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում անհրաժեշտ թվով մարդ Է հավաքագրվել: Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է ԵՄ-ի առանձին երկրների՝ Ուկրաինային ծանր տանկեր և մարտական սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին:
«Կարծում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են մարտական սպառազինություն և ծանր տանկեր, որոնք նրանք խնդրել են, և առանձին եվրոպական երկրներ պատրաստ են դրանք տրամադրել», – մեջբերում է Reuters գործակալությունը Բորելի խոսքերը։
Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում մեկնարկել է արևմտյան պետությունների պաշտպանության նախարարների հերթական՝ 8-րդ հանդիպումը, որում քննարկվում է Կիևին ցուցաբերվող հետագա օգնությունը, առաջին հերթին՝ Leopard տանկերի մատակարարման հարցը։
Նման մատակարարումներ կարող են տեղի ունենալ միայն այդ տանկերն արտադրող երկրի՝ Գերմանիայի համաձայնությամբ, սակայն Բեռնլինն առայժմ համաձայնություն չի տալիս դրան: