- 01/02/2023
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի սպառնալիք լինել դաշինքի համար նույնիսկ Ուկրաինայում պարտության դեպքում
Ռուսաստանը կշարունակի սպառնալիք մնալ ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե նրա ուժերը պարտություն կրեն Ուկրաինայում, ասել է Արեւմտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ինչպիսին էլ, որ լինի պատերազմի արդյունքը, Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, նման ձգտումներ կունենա, հետեւաբար սպառնալիքը չի վերանա», – դաշինքի բրյուսելյան գլխավոր գրասենյակում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:
Թեեւ պատերազմը սպառել է ռուսական զորքերին, տեխնիկան եւ զինամթերքը, ՆԱՏՕ-ի երկրներն ակնկալում են, որ Մոսկվան կփորձի վերականգնել եւ անգամ ուժեղացնել իր ռազմկաան ներուժը, ասել է Բաուերը։
«Ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ ռուսները կվերականգնեն այն, ինչ ունեին, որ նրանք դասեր կքաղեն այս հակամարտությունից եւ կփորձեն բարելավել այն, ինչ ունեին», – ասել է Բաուերը։
«Այնպես որ, դա, հետագայում, ամենայն հավանականությամբ, կազդի մեր ծրագրերի վրա», – հավելել է նա:
Բաուերի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ժամանակ է պետք՝ գնահատելու, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից՝ իր ուժերը վերականգնելու եւ կատարելագործելու համար։