- 27/12/2021
Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում
Այսօր, Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ մենք դիմեցինք ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանին:
– Պարոն Բաբուխանյան, Դուք քաղաքականության մեջ եք 1988 թվականից: Եղել եք Արցախյան պայքարի ակունքներում: Ձեր մասնակցությամբ ընդունվել են բազմաթիվ որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախին: Ի՞նչ կասեք ասյօր: Ինչո՞ւ այսօր մենք չունենք տոնական տրամադրություն:
– Ինձ համար եւ մեր կուսակցության համար տոն է եղել ոչ թե Արցախի անկախության հռչկաումը, այլ դեկտեմբերի 1-ը` Արցախի Հայաստանին վերամիավորման օրը: Ի սզվբանե 1988-ից խնդիրը դրված էր վերամիավորման նպատակով: Այո՛, մեր կուսակցության ջանքերով 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց վերամիավորման որոշումը, որը հետագայում, կրկին մեր կուսակցության ջանքերով, վերահաստատվեց Հայաստանի անկախության մասին հռչակագրով եւ այդուհանդերձ դարձավ եւ մինչ օրս էլ մնում է Հայաստանի սահմանադրության դրույթ: Ցավոք, 1991-ին ՀՀՇ-ականներին հաջողվեց փոխել արցախյան շարժման տրամաբանության հունը եւ վերամիավորումից անցում կատարվեց դեպի Արցախի անկախություն: Սակայն թե՛ Արցախի անկախության հռչակման պահին, թե՛ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ չճանաչեց Արցախի Հանարպետության անկախությունը: Դա բերեց անորոշության, երկիմաստության եւ ճողվածության, ինչպես աշխարհում հարցի ընակլման առումով, այդպես էլ մեր երկրի ռազմավարության եւ հայ ժողովրդի ինքնաընկալման տեսակետից: Այդ ամենի բացասական հետեւանքները մենք տեսանք նաեւ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Մի խոսքով, կիսատ-պռատ որոշումների արդյունքում, երբ ասվում էր «ա»-ն, բայց չէր ասվում «բ»-ն, մենք այսօր չենք կարող լիաթոք նշել Արցախի անկախությունը: Այս 30 տարիների մեջ մենք ունեցանք մեր ազգի համար կատաստրոֆիկ կորուստներ սկսած Շահումյանից ու Գետաշենից, վերջացրած Հադրութով ու Շուշիով: Բայց մենք այս ընթացքում ունեցել ենք վերամիավորման որոշում եւ զգալի չափով այն իրականացրել ենք: Այնպես որ մենք տոնելու ենք դեկտեմբերի 1-ին Արցախի Հայաստանին վերամիավորման 32-ամյակը:
– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի վերաբերյալ մեր քաղաքականությունը ներկայումս:
– Մեր բազմաթիվ ռազմավարական ու մարտավարական սխալների արդյունքում եկել-հասել ենք շատ բարդ իրավիճակի: Այսօր Արցախը չորս կողմից շրջապատված է թշնամիներով եւ Հայաստանի հետ կապված է մի նեղ միջանցքով, որը ցանկացած պահի կարող է փակվել թշնամու կողմից: Հաշվի առնելով մեր բանակի վիճակը, ժողովրդի ոգին ու տրամադրությունները, տնտեսության հնարավորությունները եւ այլ գործոններ պետք է հասկանալ, որ ռազմական ուժով ինքնուրույն մենք չենք կարող ոչ միայն ապահովել Արցախի անվտանգությունը, այլեւ` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Մեր միակ ճիշտ ճանապարհն է ամրապնդել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանի, որն այսօր հանդիսանում է Արցախի անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը: Մեր կուսակցությունը նախաձեռնեց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որի նպատակն է ձեւավորել Ռուսաստանի հետ նոր մակարդակի հարաբերություններ, ընդհուպ միավորվել միութենական պետության շրջանակերում: Մենք այստեղ ենք տեսնում նաեւ Արցախի հարցի լուծումը: Այսինքն` Արցախը ԽՍՀՄ կազմում եղել է սահմանադրական սուբյեկտ` ԼՂԻՄ, իր սահմաններով, ինքնակառավարման մարմիններով եւ այլն: Մենք գտնում ենք, որ այժմ էլ Արցախի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի սահմաններով պետք է դառնա միութենական պետության սուբյեկտ: Այդտեղ պետք է անցկացնել հանրաքվե այդ նպատակով: Ընդ որում, դա պետք է անել մոտակա 4 տարիներին, մինչեւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մանդատի ժամկետի լրանալը: Մենք կմիավորվենք Արցախի հետ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պետության շրջանակներում:
– Այո՛, ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ-ի սահմանադրությամբ սահմանված ինքնավարություն էր, սակայն չէ՞ որ 1923 թվականին այն տրվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Արյդո՞ք այս անգամ էլ այդպես չի լինի:
-Նախ նշենք, որ Արցախի ինքնավարությունը, թեկուզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, թույլ տվեց 66 տարիների ընթացքում պահպանել այդտեղ հայությունը եւ անհրաշեժտ պահին ձեւավորել Արցախի Հանարպետություն: Ցավոք, այսօր Արցախի փաստացի տարածքը ավելի փոքր է, քան ԼՂԻՄ-ը եւ մենք ունենք խնդիր վերականգնելու Արցախի տարածքային աբողջականությունը ԼՂԻՄ-ի սահմաններում եւ ազատագրելու Արցախի օկուպացված տարածքները: Իսկ ինչ վերաբերվում է պատմական անդրադարձին, ապա խոշորագույն սխալն այն էր, որ 1920-ական թվականներին հույսներս դրել էինք Անգլիայի ու Ֆրանսիայի վրա ու վերջիններիս դրդմամբ հակադրվում էինք Ռուսաստանին: Ադրբեջանում սովետական կարգերը հաստատվեցին 1920 թվականի ապրիլին: Հայաստանում դրանք կարող էին հաստատվել մայիսին, սակայն դա տեղի ունեցավ միայն նույն թվականի դեկտեմբերին: Այդ ընթացքում մենք կորցրեցինք Կարսը, Սարիղամիշը, Իգդիրը, օկուպացվեց Շիրակի մարզը: Թուրքերը գրավեցին Սյունիքը, Արցախը, Գանձակը: Ստորագրվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի վիլայեթ: Այդ ամենն իր հետեւանքներն ունեցավ հետագա տարիների տարածքային վեճերի լուծումների տրամաբանության վրա: Հույսով եմ, որ Հայաստանի վերնախավում գոնե այժմ, երբ մեր սխալների հետեւանքով կորցրեցինք տարածքներ թե՛ 20-րդ , թե՛ 21-րդ դարում, այսքանից հետո կգտնվեն հեռատես մարդիկ եւ Հայաստանը կգնա մեր նախանշած ճանապարհով:
– Իսկ եթե Ադրբեջանը փորձի խոչընդոտել այդ ծրագրի՞ն:
– Անկասկած, փորձելու է: Բայց մենք պետք է գոնե այս անգամ առաջանցիկ քայլեր կատարենք եւ կարողանանք Ռուսաստանի հետ ձեւավորենք միութենական պետություն: Միաժամանակ պետք է հզորացնենք մեր բանակը, զարգացնենք տնտեսությունը եւ Լոս Անջելես կամ Գերմանիա կամ Կրասնոդար փախնելու փոխարեն մնանք եւ պայքարենք մեր երկրի համար: Եթե այդպես լինի, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը կոնֆլիկտի չի գնա, իսկ եթե անգամ սկսի երրորդ արցախյան պատերազմը, ապա կկրի ծանր պարտություն: Այլ ճանապարհ մենք չունենք:
ՍԻՄ լրատվական ծառայություն