- 10/01/2022
ՀԱՊԿ-ն կերպարանափոխվեց եւ լրջագույն գործառույթ է իրականացնում
Ի՞նչ է կատարվում իրականում Ղազախստանում, ովքեր են կանգնած տեղի ունեցող աղմկոտ իրադարձությունների հետեւում, որքանով էր նպատակահարմար ՀԱՊԿ անդամության շրջանակում խաղաղապահ զորք ուղարկել Հայաստանից այնտեղ եւ ինչ դերակատարություն ունի այս հարցում հայաստանյան իշխանությունը: Այս եւ մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ, ով եղել է ԱԺ վեցերորդ գումարման Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ եւ դեռեւս 5 տարի առաջ արժանացել Ղազախստանի պետական բարձր պարգեւի:
«ԴՈՒՔ ԱՊՈ՞ՒՇ ԵՔ, Թ՞Ե ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱՏՐՎԱԾ»
– Ինչպե՞ս կբացատրեք այն, որ իրեն, այսպես ասած, «հեղափոխական» համարող Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը մի քանի տարի առաջ ողջունելի էր համարում հայ ժողովրդի «ցասումը», հիմա էլ դարձել է հակահեղափոխական ու որոշել, թե Հայաստանը պետք է մասնակցություն ունենա ղազախ ժողովրդի, ինչպես սորոսականներն են ասում` «ցասումը ճնշելու գործում»:
– Նախ ղազախ ժողովրդի իրական ցասումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ դժգոհում են ահաբեկիչներից, ովքեր փորձում էին գրավել իրենց քաղաքները: Եվ երկրորդ՝ Նիկոլն այս ամենի մեջ փոքրիկ, աննկատ եւ անէական մի փշուր է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր թեեւ իբր քննադատում են, բայց իրականում Նիկոլին վերագրում են շատ մեծ դերակատարություն: Այդպիսի մարդկանց պետք է հարց տալ՝ դուք ապո՞ւշ եք, թ՞ե Նիկոլի կողմից վարձատրված, որովհետեւ ցանկացած քիչ, թե շատ ուղեղ ունեցող մարդը հասկանում է, որ Նիկոլն աննկատ դեր ունի այս մե՜ծ խաղի մեջ: Դրա համար եկեք խոսենք լուրջ գործընթացների մասին:
– Այդուհանդերձ, մեկ գիշերվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն, իբրեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հայտարարեց, որ որոշում է կայացվել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերում նման գերակտիվությանը, երբ անգամ մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների ժամանակ այդպես էլ չհաջողվեց ՀԱՊԿ–ից ստանալ անհրաժեշտ աջակցություն:
– Ինչ վերաբերում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող լինելուն, սա չի նշանակում, թե այդտեղ Նիկոլն ինչ-որ լուրջ դերակատարություն ունի: Ի վերջո, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ակտիվությամբ պայմանավորված հսկայական զորախումբ է տեղափոխվել Ղազախստան եւ ընդհանրապես լուծվում է բավականին լուրջ աշխարհաքաղաքական խնդիր: Իսկ խնդիրն, որն այնքան հիստերիկացրել է բացահայտ ու ծպտյալ սորոսականներին, ՀԱՊԿ-ի, ըստ էության, վերակենդանացումն է, որի ընթացքում կանխվեց սորոսա-թուրքական հեղաշրջումը Ղազախստանում: Ժամանակին բոլորս դժգոհում էինք, որ ՀԱՊԿ-ն անհասկանալի եւ անգործունակ կառույց է, որեւէ կոնկրետ գործառույթ չի իրականացնում, իսկ հիմա այն վերակերպարանափոխվեց եւ լրջագույն գործառույթներ է իրականացնում, ինչը նաեւ մեր օգտին է: Եվ մյուս կողմից էլ Ղազախստանի նախագահն, իհարկե, շատ պարզ, հստակ եւ բոլոր կանոնակարգերով պայմանավորված ձեւով դիմեց ՀԱՊԿ-ին՝ խնդրելով օգնություն: Մինչդեռ Հայաստանը՝ ոչ մի անգամ նման ձեւով ՀԱՊԿ-ին չի դիմել: Իսկ թե ինչու չի դիմել, այդ հարցը ոչ թե պետք է ուղղել ՀԱՊԿ-ին , այլ Հայաստանի ղեկավարությանը:
«ՍԿՍՈՒՄ ԵՍ ՏԽՐԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅՈՒՄ ԿԱ ԱՅԴՊԻՍԻ ԱՆՈՐԱԿ ՇԵՐՏ»
– Առերեւույթ տպավորություն է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են ներքին խնդիրներով: Մի՞թե այս դեպքում իրավունք եւ գործառույթ ունի այնտեղ անելու ՀԱՊԿ–ը:
– Ղազախստանի նախագահը հստակ գնահատել է իրավիճակը, որ խնդիրը կապված է երկրի վրա ահաբեկչական հարձակման հետ: Ուստի՝ պետք է հասկանալ, որ ներքաղաքական բողոքների իրավիճակը տարբերվում է ահաբեկչական հարձակումից, երբ սպանում են իրավապահներին, գրավում են ռազմական կայաններ, ոստիկանության բաժիններ, բաժանվում է զենք, ծեծի են ենթարկվում հազարավոր քաղաքացիներ, համատարած թալան է: Սա, իհարկե, արդեն դուրս է գալիս ներքաղաքական բողոքների դրսեւորումներից: Եվ վերջապես բոլորը պետք է հասկանան, որ այն ժամանակաշրջանն անցել է, երբ գեղեցիկ փաթեթավորումներով ՀԱՊԿ այս կամ այն երկրում իրականացվում էին նարնջագույն հեղաշրջումներ՝ դրա անունը դնելով դեմոկրատիայի համար պայքար, գազի, կամ էլեկտրաէներգիայի, կամ 50 դրամով տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքար: Նախորդ տարվա վերջում Ռուսաստանն արեց բավականին խիստ հայտարարություն, որ այլեւս չի հանդուրժի կարմիր գծերի անցում: Իսկ այդ կարմիր գիծը ոչ միայն ՌԴ սահմաններն են, այլեւ այն պետությունների սահմանները, որոնց հետ Ռուսաստանն ինտեգրացիոն գործընթացներ է իրականացնում: Սա նշանակում է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի այդ տարածքներում իրականացվեն նարնջագույն հեղաշրջումներ, իսլամիստական գործողություններ, ահաբեկչական խմբերի ներթափանցումներ եւ այլն:
– Ղազախստանը արցախյան 44 օրյա պատերազմում կրավորական դիրք ընդունեց մեր հանդեպ, իսկ հետագայում շնորհավորել էր Ադրբեջանին: Հիմա քննադատություն կա, որ պետք չէր խաղաղապահ զորքեր ուղարկել այնտեղ, այլ նույն կերպ պետք է վարվեինք իրենց հետ…
– Թե ինչպիսին էր Ղազախստանի վերաբերմունքը պատերազմի օրերին եւ դրանից հետո, պետք է նշել, որ սա Նիկոլի եւ իր վարչակազմի թուլության արձանագրումն է: Չմոռանանք, որ Նիկոլը իր «նախորդ կյանքում» ` մինչեւ հեղաշրումը, բազմիցս վիրավորական ու հեգնական էր արտահայտվում Ղազախստանի նկանմամբ: Համենայնդեպս, այն ժամանակ երբ մենք էինք զբաղվում հայ-ղազախական հարաբերություններով, Ղազախստանի այդպիսի վերաբերմունք ուղղակի չէր կարող լինել: Ինչ վերաբերում է ձեր նշած քննադատություններին, երբ այդ մասին խոսում են 3-րդ դասարանի կրթությամբ մարդիկ, հասկանում եմ, որ գուցե ինչ-որ վիրավորվածություն կա, բայց երբ դրա մասին ասում են իրենց բավականին լուրջ մարդու տեղ դնողները, որոնք իրենց անվանում են քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, արդեն սկսում ես տխրել, որ Հայաստանի քաղաքական էլիտայում կա այդպիսի անորակ, պարզապես, դատարկ շերտ: Նախ մենք այդտեղ ոչ թե ինքնուրույն ենք գործում, այլ որպես ՀԱՊԿ անդամ եւ կատարում ենք մեր պարտականությունները: Եթե չես ուզում կատարել պարտականություններդ, պարզապես, պետք է դուրս գաս այդ կազմակերպությունից: Հետեւաբար, ի՞նչ են առաջարկում այդ դատարկամիտները: Եթե առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա հասկանալի է, որ ուզում են տրվենք Թուրքիային: Այդ տեսակետը վաղուց գիտենք, եւ հիմա էլ թուրքական լոբիստների որոշ շրջանակներ են տարածում այն:
«ԵՐԲ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՊԿ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼԸ ՂԱԶԱԽՍՏԱՆ, ՄՏԱԾԵ՞Լ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ»
– Պարոն Բաբուխանյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ էր կատարվում Ղազախստանի իշխանության ներսում եւ ինչո՞ւ հայտնվեցին նման իրավիճակում:
– Վերջին ժամանակներս Ղազախստանում, ըստ էության, երկիշխանություն էր. կար Նազարբաեւը, որն ավտանգության խորհրդի նախագահն էր եւ ազգի առաջնորդի կարգավիճակն ուներ եւ կար Տոկաեւը, որը նախագահն էր, բայց բավականին սահմանափակ լիազորություններով: Նազարբաեւի եւ Տոկաեւի քաղաքական գծերի մեջ վերջին շրջանում բավականին նկատելի էր, որ լուրջ տարաձայնություններ կան, մասնավորապես՝ Ղազախստանի ապագա աշխարհաքաղաքական զարգացման առումով: Ղազախստանի ազգի առաջնորդ Նազարբաեւը ավելի շատ ձգտում էր դեպի Արեւմուտք եւ թուրքական աշխարհ: Ինչպես գիտեք, նա թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնողներից էր, որոշվել էր անցում կատարել կիրիլիցայից դեպի լատիներեն այբուբենի եւ երկրում վերջին տարիներին բավականին ակտիվացել են հակառուսական շարժումները: Բացի այդ, մենք տեսանք Թուրքիայի հետ Ղազախստանի մերձեցումը մի շարք դրսեւորումներով, այդ թվում՝ Ադրբեջանի հանդեպ, այսպես ասած, բարեհաճությամբ: Ի դեպ, կարեւոր է նաեւ նշել, որ Նազարբաեւի դուստրը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ նախագահ, անգլիական շահերի սպասարկող Արմեն Սարգսյանի հետ: Այդ հարաբերությունները պայմանավորված են նրանց ընդհանուր բիզնեսով, որի արմատները տանում են Մեծ Բրիտանիա: Իսկ Տոկաեւը առավել եվրասիականամետ գործիչ է եւ ավելի շատ ուղղված է նրա հայացքը ոչ թե դեպի Լոնդոն, այլ՝ Մոսկվա: Ըստ էության, պետք է հասկանալ, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Տոկաեւը Նազարբաեւին դուրս մղեց իշխանությունից՝ հանելով այն պաշտոններից, որով վերջինս ուղորդում էր Ղազախստանի աշխարհաքաղաքական զարգացումը դեպի Արեւմուտք եւ թուրքական աշխարհ:
– Իսկ ովքե՞ր էին փորձում զինված ուժի կիրառմամբ վերցնել իշխանությունը Ղազախստանում:
– Դա բազմաշերտ հարձակում էր: Նախ`«Ալահ ագբար» գոռացողներն են, ովքեր ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչներ են: Հասկանալի է, որ այդ ուղղությունը տանում է դեպի Թուրքիա, որովհետեւ թուրքական գործողությունները Ղազախստանում շատ վաղուց ունեն հեռավոր նպատակներ: Իսկ Թուրքիայի թիկունքում, ինչպես բոլորս գիտենք, կանգնած է Լոնդոնը: Բրիտանական, ամերիկյան եւ եվրոպական հարյուրավոր կազմակերպություններ էին տարիներ շարունակ արմատավորվել Ղազախստանում: Նրանք, ինչպես հայտնի է, զբաղված էին միլիոնավոր դոլարներ բաժանելով` խթանելով, այսպես կոչված, «ժողովրդավարական արժեքներ»: Այդ դրամաշնորհներից օգտվում էին շուրջ 30 հազար ղազախական հ/կ-ներ: Հասկանալի է, որ այդ հսկայական բանակը նույնպես գործադրվեց հեղաշրջում իրականացնելու համար: Պարզ է, որ եթե «Ալահ ագբար»-ները վերցնեին իշխանություն Ղազախստանում, ապա դրանից հետո այս երկիրը ոչ թե կսահմանափակվեր միայն շնորհավորանքներ հղելով Ադրբեջանին, այլ, անհրաժեշտության դեպքում, կսկսեր մատակարարել զորք, զինամթերք: Այդկերպ էին վարվում «Ալահ ագբար»-ները Սիրիայում եւ պատկերացրեք, թե այդ ժամանակ ինչ կլիներ նաեւ հայ համայնքի վիճակը նույն Ղազախստանում: Իսկ այնտեղ ունենք մոտ 20 հազարանոց հայ համայնք: Հիշեք, թե ինչ էին անում իսլամիստները Սիրիայում, երբ գրավում էին հայկական գյուղերը կամ շրջանները: Երբ դատարկախոսները քննադատում են ՀԱՊԿ զորք ուղարկելը Ղազախստան, մտածե՞լ են հետեւանքների մասին:
«ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՇԱՏ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԳՆԱ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՌԴ–Ի ՀԵՏ»
– Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ ՀԱՊԿ զորքերի մուտք գործելով Ղազախստան՝ կասեցվում է պանթուրքիզմի ծրագիրը Ղազախստանում:
– Անկասկած: Ռուսաստանը պարզապես կտրուկ կանխում է պանթուրքիզմի, պանիսլամիզմի, իսլամական տեռորիզմի փորձը: Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի, այդ թվում՝ Սփյուռքի տեսակետից, միայն դրական երեւույթ է: Այս իրադարձությունների նախապատմությունը սա է. Անգլիայից Կիեւ տեղափոխվեցին մի շարք հեղաշրջում նախապատրաստող գործիչներ, ապա Կիեւից Ալմաթա ձեւավորվեց շատ մեծ տրանսպորտային հոսք՝ օրական 4 թռիչք էր իրականացվում: Արդյունքում Ալմաթայում, որը գտնվում է Ղազախստանի հարավում, կամաց-կամաց կուտակվեցին այն ղազախ գրոհայինները, ովքեր կռվում էին Սիրիայում, Աֆղանստանում: Նրանք նախապատրաստվել էին եւ իրենց խնդիրն էր գրավել Ալմաթան, այդտեղ բերել Ուկրաինայից (ինչպես հայտնի է այն պրոթուրքական եւ պրոադրբեջանական շատ ակտիվ պետություն է) ժամանակավոր կառավարություն եւ ռազմական գործողություններով, քաղաքացիական պատերազմով գրավել ամբողջ Ղազախստանը: Մի պահ անգամ գրավեցին Ալմաթայի միջազգային օդանավակայանը, սակայն այս ծրագիրը կանխվեց: Եվ բոլորը պետք է հասկանան, որ այլեւս Ռուսաստանը հանգիստ չի դիտելու, թե ինչպես են իր հարեւան եւ իր հետ դաշնակից պետություններում իրականացնում նարնջագույն կամ իսլամական հեղաշրջումներ, որից պետք է օգտվի Թուրքիան, Մեծ Բրիտանիան: Նույնը նաեւ Չինաստանը չի պատրաստվում հանգիստ դիտել, թե ինչպես է Ղազախստանը, որն իր հարեւանն է, դառնում թուրքական կամ իսլամական ծայրահեղականների որջ:
– Ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակից Ղազախստանը կկարողանա՞ դուրս գալ՝ պահպանելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
– Իհարկե, կան վտանգներ: Ղազախստանում տարիներ շարունակ, մանավանդ վերջին շրջանում աճեցվում էին պրոթուրքական, պրոիսլամական տրամադրություններ, որոնք տանում էին դեպի քաղաքացիական պատերազմի: Շատ կարեւոր է նշել, որ վերջին շրջանում, երբ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում գնում էին ինտեգրացիոն բնույթի գործընթացներ, Նազարբաեւը ինչ-որ գիծ էր գծել եւ թույլ չէր տալիս, որ այդ գծից այն կողմ ինտեգրացիան անցնի: Հավանաբար, այդ գիծը նրան խորհուրդ էին տալիս իր անգլիական, գուցե թուրքական գործընկերները: Այդ գիծը վերաբերում էր ՌԴ-ի հետ քաղաքական համագործակցությանը, նույն ՀԱՊԿ-ի ավելի արդյունավետ գործունեությանը: Իմ վերլուծությունը բերում է նրան, որ Տոկաեւը կհանի այդ կարմիր գծերը, եւ կբացի ճանապարհ դեպի էլ ավելի լայն ինտեգրում ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ղազախստանը ԵԱՏՄ-ի մեծությամբ երկրորդ պետությունն է եւ երկրորդ տնտեսությունը, որի ապագան, ըստ իս, չի կարող լինել թուրքական: Վերջիվերջո, Ղազախստանի կեսը ռուսախոս բնակչություն է՝ սովետական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակված: Ինտերնացիոնալիզմի մեջ է իր ուժը: Այնպես որ, եթե փորձի շեղվել դեպի թուրքական աշխարհ, Ղազախստանի վերջն է լինելու: Այս դեպքում Ղազախստանի փրկությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ է: Հակառակ դեպքում՝ պետք է լինի Թուրքիայի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ: Գիտեք, արդեն ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ չի լինելու երկու աթոռի վրա նստել, այսինքն՝ ստանալ օգուտներ Ռուսաստանի հետ ընկերությունից, բայց, միեւնույն ժամանակ, խոչընդոտել, որպեսզի ՌԴ-ի շուրջ ձեւավորվի ամուր ինտեգրացիոն միավորում: Ուստի՝ կարծում եմ, որ Ղազախստանը շատ մոտ ապագայում կգնա դեպի քաղաքական ինտեգրացիայի Ռուսաստանի հետ եւ դրանից հետո խոսք կգնա ՌԴ-Բելառուս Միութենական պետության մեջ Ղազախստանի ընդգրկման մասին: Ըստ իս, սա շատ լավ ճանապարհ է՝ ե՛ւ Ղազախստանի, ե՛ւ Հայաստանի համար, հակառակը՝ շատ տխուր է լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ