• 04/02/2022

Ինչ կտա Պուտինի սպասվող այցը Թուրքիա

Ինչ կտա Պուտինի սպասվող այցը Թուրքիա

Այսպիսով, կարծես սկսում է տեսանելի դառնալ, թե ինչ հունով կզարգանա ռուս-ամերիկյան հակամարտությունը (Տես նաեւ https://iravunk.com/?p=224396&l=am): Հաշվի առնելով, որ եթե անգամ ԱՄՆ-ն 2-3 հազարանոց նոր զորակազմ է ուղարկում Եվրոպա, ապա դրա մասշտաբայնությունը հաշվի առնելով, այն չնչին ցուցանիշն է, որ իրավիճակի վրա էական ազդեցություն պարզապես չի կարող  թողնել: Պետք է ուղարկի 100-200 անգամ շատ, բայց այդ դեպքում էլ «չինական ֆրոնտը» կմնա դատարկ:
Ահա արագորեն զարգացող այս իրավիճակի ֆոնին մեզ համար թիվ 1 հարցն է՝ իսկ ի՞նչ է սպասում Հարավային Կովկասին՝ Հայաստանով եւ Արցախով հանդերձ:
Թուրքիան ակնհայտորեն փորձում է նման խառը իրավիճակում պահպանել կամուրջներն ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Համենայնդեպս, Անկարայի վերջին
հայտարարությունները դա են հուշում: Այսինքն, մի կողմից ասում են, թե, որպես ՆԱՏՕ-ի
անդամ, պատրաստ են մասնավորապես Ուկրաինայի հարցում կատարել իրենց
պարտականությունները, ինչը Վաշինգտոնի աչքին հավատարիմ գործընկեր ներկայանալու քայլ է: Միայն թե Էրդողանն էն գլխից էր վստահաբար պնդում, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի որեւէ ռազմական գործողության չի սպասում: Իսկ դա  նշանակում է, որ իր դերը կատարելու պատրաստ Թուրքիան վստահ է, որ նման դեր, այն է՝ ռուսների հետ ռազմական հակամարտության մեջ մտնելու խնդիր չի ունենալու: Եվ մյուս կողմից էլ նախ՝ իր միջնորդությունն առաջարկեց Ուկրաինայի եւ ՌԴ-ի հարաբերությունների հարցում, եւ նախօրեին էլ, թերեւս երբ նրան բացատրեցին, որ հավասարություն պետք է դնի  ոչ թե ՌԴ-ի եւ Ուկրաինայի, այլ՝ Ուկրաինայի եւ Դոնբասի միջեւ, հնչեցրեց նման միջնորդության առաջարկ:
Կաշխատի դա, թե՝ ոչ, դեռ կտեսնենք, միգուցե ինչ-որ պահի Մոսկվան նման միջնորդական առաքելության կարիքն ունենա: Ամեն դեպքում, երեկ թուրքական աղբյուրները շրջանառության մեջ դրեցին տեղեկություն, որ փետրվարի կեսերին, այսինքն՝ Պեկինից վերադառնալուց հետո Պուտինը հնարավոր է, որ այցելի Անկարա: Ու դրա հավանականությունը բավականին մեծ է, հաշվի առնելով, որ մինչ այդ ՌԴ  նախագահի խոսնակ Պեսկովը եւս հայտնել էր, որ Թուրքիա այց նախատեսվում է, երբ դա թույլ կտա համաճարակն ու Պուտինի աշխատանքային գրաֆիկը:
Ամեն դեպքում, արդեն այն, որ ՌԴ նախագահի ծրագրերում նման այց, այնուամենայնիվ, կա, արդեն իսկ հետեւությունների տեղիք տալիս է: Նախ, այն ազդակները, որոնք աշխարհին կհղվեն Պեկին այցելության արդյունքում, թերեւս էլ ավելի կխորացնեն այն գործընթացները,  որոնք ներկայումս թեեւ թույլ, բայց նկատվում են: Նկատի ունենք, ոչ թե Արեւմուտքի հետ գլոբալ հակասությունները եւ ռուսներին չբավարարող ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հայտնի պատասխանները, այլ որ այս ամենի տակ նկատվում է բանակցային բուռն ընթացք: Մի կողմից, ամերիկացիների հետ, եւ մոտ օրերս էլ սպասվում է արտգործնախարարների հերթական հանդիպումը:
Գումարած, թեեւ Լոնդոնը ՌԴ-ի դեմ հիմնական սուր ճոճողներից մեկն է, սակայն Ջոնսոնի հետ Պուտինի հեռախոսազրույցի այն բովանդակությունը, որը ներկայացրել էր Կրեմլը, միանգամայն հետաքրքիր մտքեր է առաջ բերում՝ կապված նրա հետ, թե ով է իրեն համարում դրության տերը: Վերջապես, Մոսկվայում պատրաստվում են ընդունել նաեւ կորոնավիրուսի պատրվակով Ուկրաինա մեկնել չցանկացած բրիտանական արտգործնախարարին: Եվ այստեղ էլ այն տեսքն է, թե՝ երկար խնդրեց, չկարողացանք մերժել: Մակրոնի հետ Պուտինի անձնական շփումներն ակտիվ ռեժիմով են, եւ այն տպավորությունն է, որ հերթական զրույցից հետո Ֆրանսիայի նախագահը կապվում է Բայդենի հետ, երեւի ինչ-որ նյուանսներ քննարկելու համար: Կանցլեր Օլաֆ Շոլցը եւս հայտնեց, որ «մոտ ժամանակներս Մոսկվայում» կկարողանա հանդիպել Պուտինի հետ: Բայց մինչ այդ՝ փետրվարի 7-ին նա Վաշինգտոնում կհանդիպի Բայդենի հետ, թեեւ ամենաթեժ փուլում հրաժարվել էր նման հանդիպումից: Վերջապես, Պետքարտուղարությունը, որ առաջ օր էր նշանակում, թե երբ է ռուսական բանակը
ներխուժելու Ուկրաինա, իր հերթին է տոնայնությունը փոխել, թե գիտեք, կարող է եւ
չներխուժեն. լավ, բա այդ դեպքում ինչո՞ւ էին դիվանագետներին հանում Ուկրաինայից:
Թե ինչ են քննարկում, ինչ պայմանավորվածությունների կգան, ժամանակը ցույց կտա:
Նկարագրված փաստերն ընդամենը ցույց են տալիս, որ ընթանում է առավել քան ակտիվ
բանակցային գործընթաց: Եվ հենց միայն դա, որ «աշխարհի տեր» ԱՄՆ-ն բարեհաճում է ծանր ու մեծ բանակցությունների մեջ մտնել ռուսների հետ, փոխանակ բազմիցս խոստացած «կործանարար, ամենավճռական, ամենակործանարար պատժամիջոցները» կիրառի, արդեն իսկ վկայում է, որ աշխարհում արդեն իսկ շատ բան է փոխվել:
Եվ ահա, այս նոր իրավիճակում Էրդողանի հետ հանդիպումն ու նոր իրավիճակին
համապատասխան հարաբերությունները հստակեցնելը Մոսկվայի համար դառնում է
առաջնային խնդիր: Ընդ որում, եթե արտաքին այցերից ներկա փուլում խուսափելով, Պուտինը Չինաստանից հետո անձամբ այցելի Թուրքիա, ապա դա եւս ազդանշան է, որ թուրքական ուղղությանը Մոսկվան նայում է մի փոքր այլ ձեւով, քան, ասենք, Եվրոպայի ՆԱՏՕ-ական երկրներին:
Ու մյուս կողմից էլ, չմոռանանք, որ Մոսկվայի հայտնի վերջնագրում ֆիքսվում էր, որ
հետխորհրդային տիրույթ ՆԱՏՕ-ի  զորքերի մուտքը այն «կարմիր գծերից» է, որոնց հատելը ՌԴ-ն համարում է իր հանդեպ թշնամանք եւ պատասխանի ենթակա: Մինչդեռ Թուրքիան եւս, չմոռանանք, ՆԱՏՕ է, եւ նրա համար մոսկովյան «կարմիր գիծ» է առաջին հերթին Հարավային Կովկասը՝ իր «փոքր եղբայր» Ադրբեջանով հանդերձ: Այն դեպքում, երբ անգամ ԱՄՆ-ն է բարեհաճում այդ «կարմիր գծերի» հարցով բանակցել Մոսկվայի հետ, Անկարան ի՞նչ պետք է անի: Ինչքն էլ որ Հայաստանում Նիկոլ կա, իսկ Անկարան էլ շտապեց վավերացնել «Շուշիի համաձայնագիրը»::
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ