• 12/02/2022

Պուտինի այցը Թուրքիա մեզ համար բախտորոշ կդառնա

Պուտինի այցը Թուրքիա մեզ համար բախտորոշ կդառնա

Թե ինչքանով կհաջողվի մեր խունտային՝ Հայաստանը սկուտեղի վրա մատուցել թուրքին, դեռ մեծ հարցականի տակ է (Տես նաեւ https://iravunk.com/?p=224899&l=am): Քանի որ կա նաեւ այն խնդիրը, թե մեծ ցանկություն ունենալով հանդերձ, Անկարան իրատեսակա՞ն է համարում այդ սկուտեղը վերցնելը:
Օրերս Չավուշօղլուն հետաքրքիր փաստ բացահայտեց, որը լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այն է. որ եթե Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը Մոսկվայում էր, ապա երկրորդն այնտեղ չի լինի, կլինի Եվրոպայում, ընդ որում՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: Իմաստը կարելի է հասկանալ. եթե այդ գործընթացն ընթանա Մոսկվայում, ապա լիովին կլինի ռուսների աչքի առաջ եւ վերահսկելի: Իսկ ահա Վիեննա տեղափոխելը նաեւ ռուսական միջնորդությունից հրաժարվելու թափանցիկ ակնարկ է, թեեւ չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ Նիկոլն էր Մոսկվայից միջնորդություն խնդրում՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Նաեւ այն պարզ պատճառով, որ դիմեց վրացիների միջոցով Վաշինգտոնի միջնորդությանը, որին Էրդողանը պատասխանեց, որ Նիկոլի հետ հանդիպելու երեւի միտք չունի: Եվ հիմա, երբ գործընթացը սկսել են, համարում են, որ էլ Մոսկվան պետք  չէ՞…
Չնայած, Չավուշօղլուի ասածի տողատակը տեսնենք: Թեեւ ժամանակին Անկարան  էր ասում, թե՝ պարտադիր չէ, որ միջնորդների հանդիպումները Մոսկվայում լինեն, բայց հիմա, մատնանշելով, որ այլ վայրում հանդիպելու առաջարկը հայկական կողմից է գնացել, Չավուշօղլուն տողատակերում այս միտքն է առաջ տանում՝ Մոսկվա ջան, ես չեմ քեզ «գցել», ցանկացողը՝ քո դաշնակից Հայաստանն է:
Կրկնենք, Անկարան շատ կցանկանար վերահսկողության տակ վերցնել Հայաստանը, այս ուղղությամբ դուրս գալով Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիա: Սակայն ինչպես  44-օրյա պատերազմը, ապա նաեւ ղազախական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, դրա համար Անկարան պետք է ուղիղ բախման մեջ մտնի ռուսների հետ, որից Էրդողանը համառորեն խուսափում էր եւ պետք է որ շատ ավելի խուսափի Պուտինի վերջին չինական այցից եւ նախագահ Սիի հետ ընդունած համատեղ հայտարարությունից հետո: Բայց ահա փոխարենը գլոբալ սորոսները շատ կցանկանային, որ վերջապես Թուրքիային մղեն ՌԴ-ի հետ բախման, եւ այս  առումով մեծ հարց է՝ մեր տեղական կատարածուները թուրք-ազերիական տանդեմի՞, թե այդ գլոբալ սորոսների թելադրանքով են Հայաստանին մղում դեպի Թուրքիա: Այսինքն, Հայաստանով հրապուրում Անկարային, թե ինչ ես մտածում, հարվածիր ռուսներին:
Վերադառնանք Չավուշօղլուի հայտարարությանը: Այս օրերին թեեւ ամերիկացիներն ակտիվորեն հայաստանյան թեմայով ինչ-որ քննարկումների մեջ են Անկարայի հետ, եւ կարելի է ենթադրել, որ իրենց խողովակներով են փորձում Անկարային Հայաստանով հրապուրել եւ ռուսների դեմ հանել, սակայն Չավուշօղլուի հայտարարությունն այն տեսքն ունի, թե ոչ, իրենք չեն ցանկանում այդ ինտրիգին գնալ, ինչպես որ Էրդողանի՝ օրերս Կիեւ կատարած այցի ընթացքում այն երանգները նկատվեցին, որ Ուկրաինայի հարցում եւս Թուրքիան ռուսների հետ ուղիղ բախման գնալ համառորեն չի ցանկանում: Առավել եւս, երբ շպիոնաժի գծով Թուրքիայի հիմնական գործընկեր Բրիտանիան ակտիվ շփումների մեջ է Մոսկվայի հետ: Նախ, երկար ձգձգումից հետո Մոսկվան վերջապես ընդունեց բրիտանական արտգործնախարար Լիզ Թրասին, որին, ի դեպ, սկսած օդանավակայանից, արժանացրին միանգամայն սառը ընդունելության: Ապա գրեթե միաժամանակ Շոյգուն ընդունեց իր բրիտանական գործընկերոջը: ՌԴ-ում էր Մակրոնը, մեկնել պատրաստվում է գերմանական կանցլերը, իսկ պետքարտուղարը քիչ է մնում Մոսկվայում աշխատասենյակ բացի, որ գնալ-գալու վրա շատ ժամանակ չկորցնի, եւ այսպես շարունակ: Ու ՌԴ-Արեւմուտք այս գերակտիվ շփումների ֆոնին աղվես Էրդողանը կցանկանա՞ Արեւմուտքի համար «կրակից շագանակ հանող» դառնալ:
Արդյունքում, եթե մինչ այդ խոսվում էր, որ Պուտինը պատրաստվում է մեկնել Թուրքիա, սակայն այդպես էլ հստակ ժամկետներ չէին նշվում, բայց ահա Անկարայից հղված այս եւ նման մի շարք ազդակների արդյունքում ի հայտ եկավ տեղեկություն, որ այդ այցը տեղի կունենա եւ ամենամոտ օրերին՝ փետրվարի 14-ին: Եվ այդ այցը, ինչ խոսք, մեզ համար ակտուալ շատ հարցերի պատասխանները կտա, ինչքան էլ որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարի, թե. «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա»: Ի՞նչ է, Հայաստանն արդեն, բացի ունեցածը թուրքին նվիրելուց, քաղաքական օրակարգ է՞լ ունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ