• 18/02/2022

Նիկոլականների եւ Արցախի ճամփաները բաժանվեցին

Նիկոլականների եւ Արցախի ճամփաները բաժանվեցին

Եվ այսպես, Արցախի ԱԺ-ն նախօրեին արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Արդեն այսօր այն ամբողջությամբ ընդունվեց գերհրատապության ռեժիմով:

ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ

Այս օրինագիծը վերջին ժամանակներս թեեւ քիչ տեսանելի, սակայն լուրջ կրքերի տեղիք է տվել: Այն պահից, երբ Արցախի ԱԺ-ի բոլոր խմբակցությունների, այսինքն՝ գործնականում ողջ քաղաքական սպեկտորի հեղինակմամբ օրինագիծը մտավ պաշտոնական շրջանառության մեջ, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ պաշտոնական Երեւանն ամեն ջանք գործադրում է նախագիծը չեզոքացնելու համար: Այն բացատրությամբ, թե դա խնդիրներ կառաջացնի Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում: Սակայն ակնհայտորեն այստեղ խնդիր պետք է այլ հարթության մեջ փնտրել:
Հասկանալի է, նման օրենքն իրոք Բաքվին նյարդային վիճակի մեջ կգցի, որի արտահայտումներից մեկն էլ եղավ այն, որ երբ արդեն ակնհայտ էր, որ անկախ պաշտոնական Երեւանի դիրքորոշումից, Արցախի ԱԺ-ն ընդունելու է այդ օրենքը, այն  է՝ ԱԺ-ում քննարկման նախօրեին ադրբեջանական դատախազությունը հանկարծ հիշեց, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը «սեպարատիստների առաջնորդ» է, եւ նրան կալանավորելու որոշում կայացրեց: Մի բան, որը մինչ այս չէր արել Արցախի եւ ոչ մի նախագահի նկատմամբ: Ավելին, չէր անում նաեւ 44-օրյա պատերազմից հետո անցած այս գրեթե մոտ մեկուկես տարվա ընթացքում: Ու միայն այս վերջին փաստը եկավ հիմնավորելու, որ պատճառը հենց այդ  օրենքն է:
Սակայն հասկանանք, թե ինչո՞վ կարող է նման օրենքը հունից հանել Բաքվին: Այստեղ նախ կրկնենք հիշատակված փաստը. օրենքը ներկայացվել է Արցախի ողջ քաղաքական ներկապնակի կողմից եւ, բնականաբար, ընդունվեց միաձայն: Այսինքն, այսպիսով գործնականում ողջ Արցախը ցույց տվեց, որ ԱՀ կարգավիճակի հետ կապված միակարծիք է: Մի բան, որն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ չէր նկատվում:
Երկրորդ կարեւորագույն հանգամանքը: Հիշեցնենք, դեռ անցած դեկտեմբերի կեսերից Նիկոլը հրապարակավ համառորեն առաջ  է տանում այն միտքը, թե իբր Ադրբեջանի կազմից դուրս Արցախի որեւէ կարգավիճակն անհնար է: Միեւնույն ժամանակ, հրապարակավ խոսում է հակամարտության վերջնական կարգավորման եւ Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» կնքման անհրաժեշտության եւ հրատապության մասին: Երբ այս երկու դրվագները միացնում ենք իրար, ապա ստանում ենք մի «խաղաղության համաձայնագիր», որն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:
Իսկ  ահա Արցախը, ավելի կոնկրետ՝ արցախցիների մի հատվածը, որը միգուցե 44-օրյա պատերազմի ժամանակ անգամ մտածում էր, կամ նրանց համոզել էին, որ պատերազմը կանգ կառնի որոշակի տարածքներ զիջելուց հետո, ապա խաղաղապահների վերահսկողությամբ հանգիստ ապրելու հնարավորություն կունենան, դեռ Նիկոլի դեկտեմբերյան հայտարարությունից հետո հասկացան, որ կանգնել են փաստի առաջ: Այն է, եթե Նիկոլը հանկարծ «գրչի մեկ հարվածով» Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ապա ներկայումս այնտեղ բնակվող հայությանը մնում է երկու տարբերակ՝  բոլորով հեռանալ հայրական օջախներից կամ զենք վերցնել՝ կռվելով մեռնելու համար: Եվ այն, որ Նիկոլի այդ հայտարարությունից հետո Արայիկ Հարությունյանն արագորեն արձագանքեց, թե Նիկոլը չէ, որ դա կարող է միանձնյա որոշել, արդեն իսկ եկավ հուշելու, որ իրավիճակ է փոխվել: Եվ ահա հիշատակված օրինագիծը դրա հաստատումն էր, որը, բացի միասնականության եւ Նիկոլի «կոնտրոլից» հրաժարվելուց, նաեւ աշխարհին եւ ՄԽ համանախագահներին էս գլխից ազդարարում է, որ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ չեն ընդունելու, եթե անգամ պաշտոնական Երեւանը նման փաստաթուղթ ստորագրի:
Նման իրավիճակը նախ խնդիր է Նիկոլի համար: Եթե ինչ-որ բան փորձի ստորագրել, ապա մի կողմից կա այն հարցը, թե որպես ո՞վ: Գումարած դրան, «երեսի զոռով» ստորագրելու դեպքում արդեն չի կարող օգտագործել իր ստանդարտ մանիպուլյացիաները, թե՝ նախկիններն են մեղավոր: Վերջապես, եթե Արցախը չճանաչի այդ ստորագրությունը, չի ճանաչի նաեւ ողջ հայ ժողովուրդը, իհարկե, հանած ամենամոլեռանդ նիկոլականներին, որոնք էլ ավելի կպակասեն այդ ստորագրությունից հետո:

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Բայց ամենաէականն այստեղ այն է, որ Նիկոլի ստորագրել-չստորագրելն Ալիեւին բան չի տալիս, եւ երեւի դա է, որ Հեյդարովիչին առավելագույնս կատաղեցնում է: Արցախյան թեման վերջնականապես փակելու համար մնում էր Նիկոլի ստորագրություն, եւ նա պատրաստ էր: Բայց չէ, արցախյան նման որոշումը «ձեռքին գտնվող» հաղթականը նորից վերածում է անորոշ հեռանկարով երազանքի: Այն պարզ պատճառով, որ եթե Նիկոլը ստորագրի, եւ արցախցիները դրան չենթարկվեն, էլի կանգնելու է զենքով Արցախը նվաճելու հեռանկարի առաջ:
Ընդ որում, այստեղ ամենաէական դետալը պետք է հաշվի առնել: Այն, որ Արայիկ Հարությունյանն այսպես «դուխ հավաքեց», ակնհայտորեն իրենից չէր:  Առավել եւս, երբ ադրբեջանական դատախազության կալանքի որոշումը եկավ հուշելու, որ հենց իրեն է Բաքուն թիվ 1 թշնամի հռչակելու: Բայց ահա, Արայիկը գնաց Մոսկվա, վերադարձավ, որից հետո հասկանալի է դառնում նաեւ նման «աննախադեպ դուխը»: Բանն այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Հայաստանի ստորագրությունը առաջին հերթին հենց Մոսկվայի հանդեպ է թշնամանք: Փոխարենը, այն աննախադեպ հաջողություն կլիներ թույրքիզմի համար: Եվ ահա, եթե Արցախը. ըստ էության, հայտարարում է, որ Հայաստանի որոշումից անկախ, ինքը շարունակում է մտածել ոչ թե միայն անկախ կարգավիճակի, այլ նաեւ կորցրած տարածքները հետ վերադարձնելու մասին, ապա նման քայլը, ինչ խոսք, միանգամայն համահունչ է նաեւ Մոսկվայի շահերին: Կգնա՞ նիկոլյան խունտան թուրքամետ խաղի, այդ դեպքում Մոսկվան հանգիստ կգործարկի զորքերն Արցախում պահելու «Բ» պլանը՝ Արցախի բնակչության անվտանգությունն ու ինքնորոշման միջազգային իրավունքը:
Գումարած, Ալիեւը պետք է նաեւ ուշադրություն դարձնի Ուկրաինայի հետ կապված այս օրերին արձանագրված մեկ կարեւորագույն դետալի եւս: Ամենածանր պահին Մոսկվան ի ցույց դրեց, որ ցանկացած պահի կարող է ճանաչել Դոնբասի հանրապետությունների անկախությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պահին, երբ այլ տարբերակ չլինի, նույն քայլը կարող է կատարել նաեւ Արցախում: Իսկ դրա համար պետք է որ նախ՝ Արցախի հայկական կազմը պահպանվի, եւ երկրորդը, որ այն շարունակի պահանջել անկախ կարգավիճակ եւ պատրաստ լինի պետք եղած պահին պաշտոնապես դիմել ՌԴ-ին: Իսկ դրա առաջին քայլերից մեկն է հենց այդ՝ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը:
Այսպիսով, Ալիեւի համար արդեն այս հարցն է առաջ գալիս. իսկ իրեն առհասարակ պե՞տք է Նիկոլի ստորագրությունը, եթե այն իրեն գործնականում ոչինչ չի տալիս: Ելքը մեկն է, փորձել խնդիրը լուծել Մոսկվայի հետ: Բայց այս դեպքում, ըստ տարածված վարկածի, Մոսկվան երկու հիմնական պայման ունի: Առաջին, Ալիեւը պետք է հրաժարվի ամեն տեսակ «Շուշիի հռչակագրերից», թյուրքական աշխարհներից եւ թյուրքական բանակներից, մի խոսքով՝ «մեծ եղբորից» եւ հանգրվանի ռուսական տանիքի տակ՝ որպես Միութենական պետության ապագա անդամ: Եվ երկրորդը. անգամ այդ իրավիճակում, ըստ ամենայնի, Մոսկվան իր ձեռքին կպահի Արցախի փաստացի կառավարումն ու անվտանգային հարցերը, քանի որ Բաքուն ցանկացած պահի կարող է նորից հիշել թուրքերի հետ «եղբայրության» մասին:
Ամեն դեպքում, պատկերը սա է. ժամանակին Արցախը Հայաստանի հետ պայքարում էր Ադրբեջանի դեմ, որի թիկունքին Թուրքիան է: Հիմա Արցախը, թիկունքին ունենալով Ռուսաստանին, առանց Հայաստանի է պայքարում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնց օգտին ճակատագրի հեգնանք խաղում է նաեւ Հայաստանը: Չէ, Հայաստանը չէ, ներկայիս պաշտոնական Երեւանը:

Քերոբ Սարգսյան