- 23/02/2022
Ո՞ւր կտանի Դոնբասի ճանաչումը
Բայց իհարկե, այս պահին հարցերի հարցը մնում է այն, թե հայտարարելով Դոնբասը ճանաչելու մասին, Ռուսաստանն ի զորու կլինի՞ այն պաշտպանել (Տե;ս նաեւ https://iravunk.com/?p=225812&l=am): Եվ, առհասարակ, ի՞նչ է խոստանում այս նոր իրավիճակը, ի՞նչ հնարավոր հետեւանքների պետք է սպասել:
Սկսենք նաեւ այս փաստի հիշեցումից: Ժամանակին Դոնեցկը եւ Լուգանսկը ինքնահռչակվել են Ուկրաինայի՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի սահմաններում, ինչի մասին խոսեցին նաեւ ռուսական իշխանությունները: Այսինքն, այդ տարածքներն են դրված ինքնահռչակման հիմքում, թեեւ վերահսկում են դրանց մի մասին միայն: Մնացած հատվածները, ըստ այդ հանրապետությունների օրենսդրության, համարվում է օկուպացված: Եվ ահա ՌԴ-ն ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչել է հենց այդ հանրապետությունների օրենսդրական բազայի հիման վրա, այսինքն՝ Մոսկվայի համար եւս այն մնացած հատվածները ընկալվում են՝ որպես Ուկրաինայի կողմից օկուպացված: Իսկ դա նշանակում է, որ պետք եղած պահին կարող է օրակարգ գալ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «տարածքային ամբողջականության վերականգնման» թեման: Առավել եւս, երբ արդեն իսկ կան խոսակցություններ, որ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն պետք է ներառել ՌԴ կազմ: Ընդ որում, դոնբասյան տարաբնույթ, այդ թվում՝ իշխանական աղբյուրներ դա ներկայացնում են, որպես հանրային պահանջ, եւ միանգաման հավանական է, որ ամենամոտ ապագայում ՌԴ կազմ մտնելու հարցով նոր հանրաքվե կանցկացվի: Այսինքն, եթե դա հասնի իր տրամաբանական ավարտին, ապա Դոնեցք-Լուգանսկի սահմանադրական տարածքային ամբողջականության հարցը կդառնա ՌԴ-ի տարածքային ամբողջականության հարց, որը, հասկանալի է, արդեն շատ լուրջ թեմա կդառնա:
Գումարած դրան, արդեն երեկ հայտարարվեց Դոնեցկ-Լուգանսկի ներկա սահմանները ռուսական բանակի հետ համատեղ պաշտպանության մասին: Դա նշանակում է, որ հակառակ կողմից արձակված ցանկացած կրակոց կարող է ընկալվել ռուսական բանակի դեմ ուղղված՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Այսինքն, թեեւ երեկ համընդհանուր հիստերիային հաջորդեցին հայտարարությունները, թե՝ պատերազմ չի լինի, բայց մեկ է, բախումների հիմքերն առավել քան շատ են:
Եվ մյուս կողմից, այս իրավիճակում ի՞նչ է անելու Զելենսկին: Կոչերը, հասկանալի է, պետք է լինեին, թե՝ «Մենք մեր հողը ոչ մեկին չենք տա»: Սակայն ի՞նչ կոնկրետ քայլեր են սպասելի: Մի կողմից, նրա համար այս սցենարը ձեռնտու էր. «Մինսկի համաձայնագիր», որը նա չէր կարողանում ո´չ ընդունել եւ ո´չ էլ՝ հրաժարվել, փաստացի արդեն անցյալ է: Սակայն եթե քայլ չանի Դոնեցկ-Լուգանսկի ուղղությամբ, ապա ուկրաինական լավ զինված ծայրահեղականների աչքին կդառնա այն նախագահը, որը փաստացի կորցրեց այդ կարեւորագույն տարածաշրջանը, այն էլ՝ առանց «կրակոց արձակելու»: Առավել եւս, որ Ուկրաինայում Ռադայի պատգամավորների մակարդակով է բացահայտ խոսվում Զելենսկուն եւ նրա մերձավորներին արագորեն վտարելու եւ տեսանելի ապագայում բանտ նստեցնելու մասին: Ու սրա տակից ինչպե՞ս է դուրս գալու: Առավել եւս, որ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, ապա Դոնեցք-Լուգանսկի ճանաչման հետեւանքը կդառնա այն, որ արագորեն Լեհաստանը, Հունգարիան եւ Ռումինիան եւս տարածքային պահանջներ կներկայացնեն Ուկրաինային: Այն հողերի նկատմամբ, որոնք 1939թ.-ին Ստալինը վերցրեց եւ նվիրեց Ուկրաինային, եւ որի համար ներկա Ուկրաինան շնորհակալության փոխարեն հայհոյում է կոմունիստական վարչակարգը: Կարճ ասած, պետք է անհապաղ ինչ-որ բան անել, բայց ի՞նչ, երբ ամեն քայլ ենթական է ձախողման:
Բայց ամենակարեւորը, Դոնեցկ-Լուգանսկի ճանաչումն ամենեւին էլ օրակարգից չի հանում ռուս-ամերիկյան հակամարտության թեման: Այսինքն, Վաշինգտոնը համառորեն պատերազմի էր մղում՝ սպառնալով Ուկրաինա «ռուսական ներխուժմամբ»: Սակայն այդ ներխուժումը չկա, եւ հնարավոր չէ նաեւ Դոնեցկ-Լուգանսկ ռուսական բանակի պաշտոնական մուտքը դրա տակ գրանցել: Կարելի է մի քանի նոր պատժամիջոց սահմանել, սակայն դրա էֆեկտիվությունը վաղուց է կորել: Իսկ մյուս կողմից, այդ ճանաչմամբ Մոսկվան ոչ թե մեղմացրեց, այլ էլ ավելի սրեց Վաշինգտոնին ուղղված մեղադրանքները, թե՝ մեզ սպառնում եք, եւ դա կանխելու ենք: Ընդ որում, ի ցույց դրեց այդ ուղղությամբ կոնկրետ գործնական քայլ՝ Դոնեցկ-Լուգանսկի ճանաչումը: Մինչդեռ ԱՄՆ-ն, եթե ռեալ պատասխան դրան չտա, ապա դա կդառնա հեղինակությանն ուղղված լուրջ հարված:
Այսպիսով, բուն հակամարտության հիմքը Դոնեցկ-Լուգանսկի ճանաչումից հետո էլ պահպանվում է: Այն է՝ ռուսներին պետք է չեզոքացնել իր համար վտանգավոր ուկրաինական պլացդարմը: Իսկ ԱՄՆ-ին պետք է կա´մ այդ պլացդարմը դարձնել այնքան վտանգավոր, որ Մոսկվան քայլ կատարելու հնարավորություն չունենա, եւ հնարավոր դառնա լուծել չինական խնդիրը, կա´մ Մոսկվայի չեզոքությանը հասնել Ուկրաինայով հրապուրելով, եւ էլի անցնել Չինաստանին: Երկու տարբերակն էլ այս իրավիճակում չի աշխատում:
Մնում է շարունակել Ուկրաինային մղել պատերազմի, թեեւ այս անգամ ամենավերջին բանդերականն է հասկանում, որ չի խուսափելու Ռուսաստանի դեմ պատերազմելուց: Կարճ ասած, ուշագրավ իրավիճակ է, եւ սպասենք հետագա զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ