• February 25, 2022

Ինչ է խոստանում Հայաստանին Պուտին-Ալիեւ հռչակագիրը

Ինչ է խոստանում Հայաստանին Պուտին-Ալիեւ հռչակագիրը

Ինչպես հայտնի է, նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը ստորագրեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր: Թե դետալային առումով այն ինչ է իրենից ներկայացնում, թերեւս իմաստ չունի մանրամասն կենտրոնանալ (փաստաթղթի ամբողջական տարբերակը՝ https://iravunk.com/?p=225809&l=am): Սակայն իմաստային առումով, ինչ խոսք, նման փաստաթուղթն անչափ կարեւոր է հենց Հայաստանի համար: Ուստիեւ փորձենք հասկանալ՝ մեզ այն ինչ է տալիս կամ՝ խլում:

ԱԼԻԵՎԸ ՃԻՇՏ ՊԱՀԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ

Նախ ֆիքսենք բուն փաստը. այ, հենց սա է փառաբանված թուրքական դիվանագիտությունը: 30 տարի գործել Ռուսաստանի դեմ, բայց, ինչպես ցույց տվեցին ներկայիս իրադարձությունները, ճիշտ պահին հայտնվել ՌԴ նախագահի կողքին ու ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Իսկ Հայաստանը վարվեց այնպես, ինչպես միշտ. 30 տարի իր տարածքում պահելով ռուսական բազան (իսկ Ադրբեջանն անգամ իր երկրի ռուսական  ռադիոլոկացիոն կայանը  հանեց), եւ այն պահին, երբ գլոբալ իրավիճակ է փոխվում, սկսեց Արեւմուտք խաղալ՝ ռուսներին հայհոյելով: Արդյունքում, իրավիճակի շրջադարձից Ադրբեջանը կօգտվի, վստահ ենք՝ Վրաստանը եւս, իսկ Հայաստանը… Չէ, մենք էլ ինչ-որ տարբերակով կօգտվենք, պարզապես այն ռեալ հնարավորությունը, որն ունեինք, մեր իսկ, ավելի ստույգ՝ նիկոլյան խունտայի եւ նրան ձայն տվողների պատճառով կորցրինք: Ուրեմն, ոչ մեկին չմեղադրենք:
Վերադառնանք Պուտին-Ալիեւ հռչակագրին: Հասկանալի է, որ նման փաստաթղթից չէր կարող բացակայել դրույթներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Հայաստանի եւ Արցախի հետ: Բայց թե դրանք ինչ հետագա էֆեկտիվություն են ունենալու, դա այլ հարց է: Այսպես, արդեն առաջին կետը սահմանում է՝ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, փոխադարձ հարգանքի, երկու երկրների պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետական սահմանների անխախտելիության … հիման վրա»: Ասել, թե սրանում մեզ համար ինչ-որ արտառոց վտանգ կա, իհարկե՝ սխալ կլիներ: Նման հայտարարություններ ՌԴ-ից քանիցս եղել է, ընդ որում, դեռ այն ժամանակ, երբ նոր էր ԽՍՀՄ-ն փլուզվում, եւ նախկին խորհրդային հանրապետությունները պաշտոնապես ճանաչում էին միմյանց: Ինչ վերաբերում է այս համատեքստում Արցախին, ապա չմոռանանք նաեւ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Պուտինի հնչեցրած միտքը, թե մենք ի՞նչ անեինք, երբ անգամ Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը: Ընդ որում, պատերազմի օրերին ճանաչելու  վերջին ռեալ հնարավորությունը բաց թողեց Նիկոլը, եւ ակնհայտորեն՝ դիտավորյալ: Արդյունքում, որ այս փաստաթղթում խոսվում է «երկու երկրների տարածքային ամբողջականության» մասին, ներկա իրավիճակն ինչ-որ բանով չի փոխում: Այն է, Արցախը դեռ մնում է հայերով բնակեցված եւ ռուսական բանակի պաշտպանության տակ: Եվ այս տեսանկյունից Պուտին-Ալիեւ հռչակագիրը մեզ համար ինչ-որ դրական երանգ ունի: Նկատի ունենք, որ եթե Ալիեւը դեռ մինչ վերջերս ակտիվորեն Թուրքիա եւ ՆԱՏՕ էր «խաղացնում» եւ մինչեւ իսկ  ռուս խաղաղապահների դեմ հոխորտում, այդ հռչակագրով ցույց տվեց, որ լավ հասկացել է, թե գլոբալ քամիները հիմա որտեղից ուր են փչում: Ու, թերեւս, դա ավելորդ երաշխիք է, որ, մասնավորապես, Արցախի ռուս խաղաղապահների դեմ խոշոր ավանտյուրաներից զերծ կմնա: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա. չմոռանանք, որ ՌԴ-ն նույն կերպ նաեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն է ճանաչել ու քանիցս այդ փաստն ընդգծել է: Բայց վերջում ի՞նչ եղավ, աչքներիս առաջ է: Իսկ դա  գալիս է հուշելու, որ Մոսկվան նաեւ կփորձի Հարավային Կովկասում եւս, երբ ներկա գլոբալ կրքերը կթուլանան, ասել, թե որն ում է պատկանում: Եվ եթե Հայաստանը գոնե վերջին պահին ի զորու լինի այս պարզ իրողությունը գիտակցել եւ համապատասխան կերպով շարժվել, միգուցե կստանանք որոշակիորեն ավելի նպաստավոր խաղավարտ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՊԻՏ ՍԽԱԼԸ

Առավել եւս, որ Բաքվի մոտ դեռ այլ նյուանսներ զգացվում են: Այսպես, ընդհանուր առմամբ, կողմերը, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն այս հռչակագրով ստանձնել է պարտավորություններ՝ արտաքին հարթակներում առանցքային հարցերում ունենալ ՌԴ-ի հետ «միեւնույն կամ մոտ դիրքորոշում», նաեւ՝ «Ձեռնպահ են մնում որեւէ գործողություններից, որոնք, կողմերից մեկի կարծիքով, վնաս են հասցնում երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերություններին»: Վերջապես, որ. «Ձեռնպահ են մնում ցանկացած գործողություններից, այդ թվում՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող, որոնք ուղղված են միմյանց դեմ»: Ընդ որում, դժվար չէ հասկանալ, որ այդ «երրորդ պետությունների» տակ պետք է հասկանալ նաեւ Թուրքիային կամ առաջին հերթին՝ Թուրքիային: Ու այսքան խոստումներից հետո Բաքուն անմիջապես էլ կողմ հանդես եկավ Երեւանում օրերս անցկացված «Եվրանեսթի» շրջանակներում ՌԴ-ի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչումը դատապարտող բանաձեւին: Իսկ դա, դժվար չէ նկատել, որ հենց նոր ստորագրված հռչակագրի կոպիտ ոտնահարում է: Մեկ այլ դրվագով էլ Ադրբեջանը որոշեց քննադատել ՌԴ ԱԳՆ-ին, թե ինչպե՞ս եք հանդգնել՝ օգտագործել «Արեւելյան Հայաստան» տերմինը՝ կապված Թուրքմենչայի պայմանագրի հետ, որի հերթական տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին հրապարակում էր ունեցել:
Նման դրվագներ, թերեւս, դեռ էլի են նկատվելու, հաշվի առնելով, որ ինչքան էլ հռչակագիր ստորագրեցին, մեկ է, Բաքվին նյարդայնացրել եւ նյարդայնացնելու է Արցախում ռուսական զորքերի ներկայությունը, նաեւ, որ Մոսկվան դրանով ցույց տվեց, որ որեւէ պարագայում չի պատրաստվում Ադրբեջանը զիջել Թուրքիային: Այն դեպքում, երբ, չմոռանանք, Բաքվում առավել քան ազդեցիկ թուրքական լոբբի գոյություն ունի, ադրբեջանական բանակը եթե ոչ ամբողջովին, ապա զգալի չափով կառավարվում է Անկարայից, ու Էրդողանն էլ հազիվ թե ցանկանա այսքան հեշտ 30 տարի Ադրբեջանում ստեղծած դիրքերը զիջել: Կարճ ասած, ՌԴ-Ադրբեջան խորը հակասության հիմքերը դեռ կան, որը Հայաստանը կարող է խաղարկել: Արցախում կարծես դա ճիշտ պահին հասկացան՝ չհապաղելով Արայիկ Հարությունյանի մակարդակով ողջունել Դոնեցկ-Լուգանսկի ճանաչումը: Բայց ահա «օմեգայական» կառավարմամբ ՀՀ ԱԳՆ-ն գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ, թե՝ «Նման հարց մեր օրակարգում չկա»: Մինչդեռ Հայաստանի առաջ Դոնեցկ-Լուգանսկը ճանաչելու որեւէ խնդիր դրված չէ, եւ այդ մասին պարզապես պետք է լռել: Բայց երբ ցուցադրաբար նման պաշտոնական հայտարարություն է հնչեցվում, դա ավելի նմանվում է ՌԴ-ի ճանաչումը դատապարտելուն: Միգուցե դրսից նման հրահանգ է եկել, մարդիկ էլ «իրենց հացն են վաստակում»: Բայց այն, որ նման  իշխանությամբ հազիվ թե եղած այս փոքր հնարավորությունները կկարողանանք օգտագործել, դա էլ է հասկանալի: 

ԲԱՔՈՒՆ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԿԱՏԱՐԻ՞

Հռչակագրում մեզ վերաբերող այլ հատվածներ եւս կան: Նախ, այստեղ ֆիքսված է ինչպես նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, այնպես էլ դրանց հիման վրա կոմունիկացիաների գործարկման եւ մյուս գործընթացներն ավարտին հասցնելու մասին դրույթը: Սա, ճիշտ է, նոր բան չէ, սակայն եթե այս դրվագը ներառվել է հռչակագրում, դա նշանակում է, որ ՌԴ-ն, նախորդած տարածաշրջանային հայտնի զարգացումները հաշվի առնելով, պարզապես ֆիքսում է, որ այդ ամենը. օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» թյուրքական նկրտումներն իրավիճակային փոփոխության չեն բերել: Այսինքն, որ ամեն ինչ պետք է ընթանա ի սկզբանե մատնանշված սցենարով: Գումարած, խոսվում է նաեւ «Հյուսիս-Հարավ» միջանցքից, որը, հասկանալի է, իրատեսական է հարավկովկասյան կոմունիկացիաների գործարկման պարագայում:
Այս դրվագը կարեւոր է նաեւ այն առումով, որ դեռ միայն օրերս էր, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին հռչակում էին՝ որպես Եվրոպայի էներգետիկ փրկիչ: Դրան զուգահեռ էլ առաջ տանելով Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա եւ Եվրոպա՝ ՌԴ-ին շրջանցող մի ամբողջ կոմունիկացիոն համակարգ ստեղծելու գաղափարը: Բայց ահա  Ալիեւն իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որը նախատեսում է. «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնպահ կմնան ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է հասցնում մյուս կողմի շահերին»: Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ծրագրերը վնասո՞ւմ են Ռուսաստանի շահերին. միանշանակ: Դե Ալիեւն էլ խոստանում է նման ծրագրերից ձեռնպահ մնալ, ինչքան էլ որ Արեւմուտքը հակառակը ցանկանա:
Կկատարի՞ այս եւ մնացած խոստումները: Այստեղ արժե կրկնել. Ալիեւը ճիշտ պահին հայտնվեց Պուտինի կողքին եւ նման փաստաթուղթ ստորագրեց: Դա նրա երազա՞նքն էր. հազիվ թե, նաեւ հաշվի առնելով, որ այս փաստաթղթից Թուրքիայում հաստատ կատաղելու են, եթե անգամ ի ցույց չդնեն: Բայց եթե ստորագրեց, դա մեկ բան է նշանակում՝ այլ ելք չուներ: Եվ այս փաստաթղթի կատարումից էլ կհրաժարվի, եթե այլ ելք հանկարծ ունենա: Սակայն երեկվա ուկրաինական իրադարձությունները եկան հուշելու, որ այդ «այլ ելքը» կարող է շատ ու շատ ուշ տեղի ունենալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Առնչվող գրառում

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային (Ֆոտո)

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային…

Սոցցանցերում, այդ թվում` ամերիկյան ակտիվորեն շրջանառվում է նոր կատակը. «Ամերիկյան ֆոլկլորի նոր հերոսը Բայդեն Գուդն է։ Ամերիկացիներից փող է վերցնում ու…
ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին ´Տեսանյութ)

ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին…

7-րդ օդադեսանտային դիվիզիայի հրետանին ոչնչացնում է հակառակորդի ինքնագնաց հրետանին:
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս…