• 02/03/2022

ԱՄՆ-ն տանուլ է տվել Ուկրաինայի համար պատերազմը

ԱՄՆ-ն տանուլ է տվել Ուկրաինայի համար պատերազմը

Այն, որ իրականում Ուկրաինայի տարածքում բախվում են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, հազիվ թե երկրորդ կարծիք լինի, եթե, իհարկե, նման «երկրորդ կարծիքի» համար Սորոս պապիկը չի վճարել: Բայց մեկ է, դրանից իրողությունը չի փոխվում:

ԳԱԶԻ ԳՈՐԾՈՆԸ

Միաժամանակ ռուս-ամերիկյան այդ բախումը, բացի ուկրաինական պատերազմից, այլ միանգամայն սուր ուղղություններ եւս ունի: Այդ թվում՝ տնտեսական հարթակը, որտեղ Վաշինգտոնը կաշվից դուրս է գալիս ռուսական ռուբլին (տնտեսությունը) ոչնչացնելու համար: Հասկանալի է, ինչ-որ տեղ ստացվում է, որի ապացույցը ռուբլու փոխարժեքն է: Սակայն սա դեռ չի նշանակում, որ տնտեսական հարթակում Մոսկվան պաշտպանական մեխանիզմներ չունի: Նախ՝ չմոռանանք, որ տեւական ժամանակահատված է, որ ՌԴ-ն էապես կրճատում էր իր դոլարային պահուստները, հիմնական շեշտը դնելով այլ արժույթների եւ հատկապես՝ ոսկու մեծ պաշարներ ձեռք բերելու համար: Երկրորդը՝ էներգետիկան է, որի առնչությամբ նախօրեին նախազգուշացման նմանվող բավականին ուշագրավ մեսիջ եկավ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովից՝ հայտնի ռուս դիվանագետ եւ պետական գործիչ Եվգենի Պրիմակովի թոռից: «Դուք ցանկանում եք «փլուզել» ռուբլին՝ սառեցնելով մեր ԿԲ արժութային պահուստները եւ SWIFT-ից անջատելով մեր մի քանի բանկերի… Կա մի միջոց, որը կստիպի ձեզ՝ պաշտպանել ռուբլին: Վախենում եմ՝ Ձեզ դուր չգա: Ահա, օրինակ, կան երկրներ, որոնց հետ Ռուսաստանը հաշվարկվում է ազգային արժույթներով: Իսկ ինչ կլինի, եթե ռուսական ածխաջրածինները վաճառվեն միայն ռուբլիով…»: Պրիմակովը անմիջապես էլ նկատում է, որ դրան «մեր կորպորացիաները դեմ կլինեն»: Բայց նաեւ ընդգծելով, որ հիմա գործում է ոչ թե «ինչպես ընդունված է», այլ՝ «ինչպես պետք է պետական շահերի համար» սկզբունքը: Եվ եթե նավթի ու գազի վաճառքն անցնի ռուբլու, ապա. «Հետաքրքիր կլինի դիտել ռուբլին բորսայում գնող արտասահմանյան հարգելի գործընկերներին»,- գրում է Պրիմակով իր «Telegram» ալիքում:
Կգնա՞ ՌԴ-ն այդ քայլին, որն արդեն դոլարի համար ծանր հարված կդառնա: Այն պարզ պատճառով, որ երբ էներգակիրների համաշխարհային առեւտուրն ամբողջովին կապված է դոլարի հետ, եւ այդ «դոլարիզացիայից» դուրս գա հիմնական խաղացողներից մեկը՝ ՌԴ-ն, ապա այդ իրավիճակը ընդհուպ՝ էներգետիկ համաշխարհային շուկաների ներկա մոդելի լիակատար փլուզում է խոստանում: Նաեւ հաշվի առնելով, որ ՌԴ-ի այլ դաշնակիցներ եւ էներգետիկ շուկայի հիմնական խաղացողներ հանդիսացող այլ երկրներ, այդ թվում՝ Իրանը եւ Վենեսուելան, կարող են արագորեն հետեւել Մոսկվային:
Ի դեպ, նման սցենարը, բացի տնտեսականից, ՌԴ-ԱՄՆ բախումային մեկ այլ ուղղության վրա եւս կարող է շոկային ազդեցություն թողնել: Այսպես, փաստ է նաեւ, որ ներկա իրավիճակում ԱՄՆ-ն նախընտրում է ՌԴ-ի դեմ առաջնային ճակատը թողնել Եվրոպային: Ընդ որում, եթե «ավանդական» Եվրոպան իրեն համեմատաբար զուսպ է պահում, ապա ամերիկյան հիմնական մանկլավիկ հանդիսացող եվրոպական որոշ երկրներ հասել են Ուկրաինային ավիացիա մատակարարելու մակարդակի: Իհարկե, ասել, թե, օրինակ, Լեհաստանի խոստացած միանգամայն հնացած մի քանի ՄիԳ-29-երը, եթե դրանք տեղ հասնեն, որեւէ ռեալ ազդեցություն կարող են թողնել ուկրաինական պատերազմում, սխալ կլիներ: Բայց դա խնդրի մյուս կողմն է, ու հիմնականն այն է, որ Եվրոպան այսպիսով ցույց է տալիս, որ գործում է եւ միասնական է: Մինչդեռ փաստն այն է, որ հենց այս օրերին Եվրոպայում գազի գները նորից սկսել են մոտենալ պատմական մաքսիմումի, ընդ որում, առկա պաշարները, ընդհակառակը, պատմական մինիմումի վրա են: Եթե սրան ավելացնենք նաեւ լուրջ թռիչքների մեջ գտնվող նավթի գները, ապա կստանանք նման պատկեր: Այն պահին, երբ մարդու իրավունքների «ջատագով» եվրոպացիները հասել են այն մառազմին, որ եվրոպական բուհերից հեռացնում են ռուս ուսանողներին, անգամ չեղարկում են «Մեծ թատրոնի» համերգը Լոնդոնում, հայտնվել են ռուսական էներգետիկայից առավելագույնս կախված վիճակում: Այն կարգի, որ փորձում են այս պատերազմական իրավիճակում ոչ միայն անխափան պահեն Ուկրաինայով անցնող գազատարները, այլ անգամ հասնել դրանցով մատակարարումների ավելացմանը: Մի կողմից, գների նման աճը նկատելիորեն կոմպենսացնում է այն կորուստները, որոնք ՌԴ-ին հասցնում են պատժամիջոցները: Եվ մյուս կողմից, եթե իրականացվի գազն ու նավթը մասնավորապես Եվրոպային ռուբլիով վաճառելու հիշատակած սպառնալիքը, ապա եվրոպացիներին կմնա մեկ տարբերակ՝ նետվել ռուբլի գնելու:

ԵՎՐՈՊԱՆ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Եվ, իհարկե, պատահական չեն այն ճաքերը, որոնք այսօր առաջանում են ոչ միայն «եվրոպական միասնության» միջեւ, այլ նաեւ՝ եվրոպական առաջատար պետությունների ներսում: Ու սա եւս մեծ հարցականի տակ է դնում այն, որ ԱՄՆ-ն Եվրոպային մղելով ՌԴ-ի դեմ առաջնային ճակատ, կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ:
Իհարկե, վերջին օրերին մի գլուխ նման ազդակներ Եվրոպայից գալիս էին: Սակայն նախօրեին Բունդեսթագի երրորդ եւ առանցքային ուժ համարվող «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» աջ կուսակցության ներկայացուցիչների շուրթերից հնչած մտքերը եկան հուշելու, որ ներքին հակասությունները միայն խորացման միտում ունեն: Ասպես, կուսակցության պատգամավոր Ալիս Վայդելն ուղղակիորեն մեղադրեց կանցլեր Շոլցին, որ այն, ինչ ներկայումս կատարվում է Ուկրաինայում, նա իր մեղքի մեծ բաժինն ունի: Ու ոչ միայն կանցլերը, այլ նաեւ՝ Գերմանիան եւ հավաքական Արեւմուտքը: «Նաեւ մենք ենք Ուկրաինային ներքաշել այդ առճակատման մեջ՝ նրան ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհեռանկար հույսեր ներշնչելով»,- հայտարարեց պատգամավորը: Ընդ որում, սա եզակի դեպք չէր, քանի որ անմիջապես միացավ Վայդելի կուսակցական ընկեր Պյոտր Բիստրոնը՝ հիշեցնելով Վլադիմիր Պուտինի մյունխենյան ելույթը, երբ նա առաջարկում էր Եվրոպայում անվտանգության ընդհանուր ճարտարապետություն, սակայն Եվրոպան հրաժարվեց: «Դուք անտեսել եք բոլոր նախազգուշացումները ե°ւ Ռուսաստանից, ե°ւ գերմանացի զինվորականներից՝ Ռուսաստանին անկյուն մղելով: Դրա արդյունքը դարձավ պատերազմը Եվրոպայում… Եվ դուք նույնպես մեղավոր եք դրա համար»,- հայտարարեց պատգամավորը, որին հաջորդած ծափահարությունները եկան հուշելու, որ նման մտածելակերպը Բունդեսթագում առավել քան տարածված է:
Ու նման Բունդեսթագի եւ, խոշոր հաշվով, Գերմանիայի տնտեսական եւ ռազմական շրջանակներում ծավալվող նման տրամադրությունն իր տրամաբանությունն ունի: Բացի այն տնտեսական խնդիրներից, որոնք այս իրավիճակում կրում է Եվրոպայի առաջատար Գերմանիան, այն էլ՝ ակնհայտորեն հանուն անգլոսաքսերի շահերի, շատ ավելի մտահոգիչ են գնալով ակնհայտ դարձող անվտանգային խնդիրները:

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ՝ ԴԵՊԻ ՈՒԿՐԱԻՆԱ

Այսպես, այս օրերին գնալով ակտիվանում են Ուկրաինայում կռվելու համար կամավորականներ հավաքագրելու մասին խոսակցությունները: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ «կամավորականներ» կարող են դառնալ Մերձավոր Արեւելքի հայտնի հատվածներում հավաքագրված գրոհայինները ¥արցախյան պատերազմի օրինակով¤, ինչպես նաեւ մի շարք «ԱՄՆ-ից ավելի ամերիկացի» երկրներ, որոնց շարքերում հասցրեցին աչքի ընկնել Լեհաստանը, մեր նախկին քաղաքապետի հայրենի սորոսածին Չեխիան եւ այլն: Ընդ որում, հենց այս կարգի հավելյալ արտաքին սպառնալիքների արդյունքում է, որ ՌԴ-ն իր ստրատեգիական ուժերը բերեց մարտական պատրաստության բարձի կարգավիճակի, որը, ըստ էության, նշանակում է թիրախավորում այն բոլոր պետությունները, որտեղից դեպի Ուկրաինա զենքի եւ «կամավորականների» հոսքեր կամ թեկուզեւ նման հայտարարություններ կան կամ կլինեն: Ու քանի որ կանցլեր Շոլցը, մի կողմ դնելով գերմանական ռազմական մասնագետների հորդորները, հայտարարեց Ուկրաինա գերմանական զենք ուղարկելու մասին՝ դրանով ուղղակիորեն կասկածի տակ դնելով Երկրորդ աշխարհամարտի արդյունքները, ապա հիմնական թիրախներից մեկը հենց Գերմանիան է դառնում: Սա արդեն իսկ ներգերմանական ցնցումները խորացնելու լուրջ առիթ է: Նաեւ հաշվի առնելով, որ Շոլցը քաղաքական կշռով իր նախորդին՝ Մերկելին էապես զիջում է, եւ կանցլերի աթոռին կարողացավ նստել բավականին խախուտ կոալիցիայի միջոցով, այդ ներքին ցնցումները էլ ավելի խորանալու միտում կունենան:
Ինչ վերաբերում է եվրոպական մյուս առաջատար Ֆրանսիային, ապա այստեղ մինչեւ իսկ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին խոսակցությունները սպասվող նախագահական ընտրությունների շեմին նախագահի թեկնածուների մակարդակով էր առաջին պլան մղվում: Իսկ ահա հիմա, երբ հանուն տեսանելի դաշտում ուկրաինական եւ խորքում՝ անգլոսաքսոնական շահերի, Ֆրանսիան նորանոր խնդիրների մեջ է թաղվում, Մակրոնի համար սպասվող ընտրությունները կարող են վատ ավարտ ունենալ: Մակրոնը, թերեւս հենց ընտրությունների խնդիրն աչքի առաջ ունենալով, փորձում է Պուտինի հետ կապերը պահել: Բայց դա ինչ կտա, երբ նաեւ նրա համաձայնությամբ է նույն Պուտինի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանվել, այլ հարց է: Ամեն դեպքում, այս իրավիճակը Ֆրանսիայում ՆԱՏՕ-ի դեմ ելույթների էական ակտիվացում խոստանումն է, ինչպես որ կանխատեսում են մի շարք հեղինակավոր մասնագետներ: Իսկ սա ակնարկ է, որ Եվրոպայի ձեռքերով ռուսների հետ «քյալլա» տալու վաշինգտոնյան ստրատեգիան հազիվ թե իր էֆեկտիվությամբ կարողանա փայլել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ