• 10/03/2022

ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է եղել` ի աջակցություն Ռուսաստանի. նաև նամակ են հանձնել

ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է եղել` ի աջակցություն Ռուսաստանի. նաև նամակ են հանձնել
Շարժման անդամները նախ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան մոտ, իսկ հետո երթով շարժվել են դեպի ռուսական դիվանագիտական ներկայացուցչություն։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման ակտիվիստները երթ են անցկացրել դեպի ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն Ռուսաստանի. նրանք դեսպանատանը նամակ են հանձնել։
Շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը, փաստաթուղթը փոխանցելով ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովին, նշեց, որ դրանում աջակցություն է հայտնվում Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք հույս ունենք, որ մեր ցանկությունները կլսվեն ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանին, որ Արցախում պահում է մեր սահմանները և անձամբ Վլադիմիր Պուտինին։ Մեր կանայք հիացած են նրանով», – նշեց նա։
Մեկ այլ կին ակտիվիստ էլ նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միությանը այլընտրանք չկա։ Նրա խոսքով՝ արևմտյան միտումները գալիս և գնում են, իսկ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում և ամրապնդվում են։
Իր հերթին Գուչկովը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին աջակցության խոսքեր հղելու համար: Նրա խոսքով՝ հատկապես արժեքավոր է այն, որ դրանք հնչում են Հայաստանում, որին Ռուսաստանի հետ կապում են ռազմավարական հարաբերությունները։
«Հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից»,- ասաց Գուչկովը:
Ավելի վաղ մի խումբ հայ ակտիվիստներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինայի իշխանություններին աջակցությունը։ Ցույցի մասնակիցները դեսպանատան շենքի մոտ են եկել «Ապացիֆիկացիա», «Ոչ անգլոսաքսոնական նացիզմին», «Ոչ ստի կայսրությանը» պաստառներով: Ակտիվիստները կարծում են, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն աջակցել ուկրաինական իշխանություններին, ինչպես նաև հրաժարվեն Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելուց: