• 11/03/2022

Եկել է Ուկրաինայում Երրորդ աշխարհամարտի շրջադարձային փուլը

Եկել է Ուկրաինայում Երրորդ աշխարհամարտի շրջադարձային փուլը

Բացահայտումները, որոնք նախօրեին արեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ եւ 2014թ.-ի ուկրաինական  «հեղաշրջման կնքամայր» Վիկտորյա Նուլանդը, թեեւ կոնկրետ Ուկրաինայի մասին էին, սակայն դրանք ակնհայտորեն շատ ավելի ընդլայնուն են: Համենայնդեպս այն, որ դրանով Պեկինն անհանգստացած է այնքան, որքան՝ Մոսկվան, ոչ միայն ասվածի մասին է վկայում, այլ նաեւ, որ այդ բացահայտումները դեռ կունենան շատ հեռուն տանող հետեւանքներ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսպես, ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային պաշտոնյաներից մեկից՝ Վիկտորյա Նուլանդից ամերիկյան սենատորները նախօրեին Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ փորձեցին ստանալ մեկ պարզ հարցի պատասխան՝ Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կա՞: Նուլանդն էլ հայտարարեց ամենասկանդալայինը. «Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների հնարավորություններ: Մենք մտահոգված ենք, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես կանխել այս հետազոտական նյութերից որեւէ մեկը ռուսական ուժերի ձեռքն ընկնելը»:
Հասկանալի է, թե  ինչի մասին է նա խոսում. այն կենսաբանական լաբորատորիաների, որոնք ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ տարիներով գործում են մի շարք հետխորհրդային պետություններում, որոնց  ցանկում, բնականաբար, առաջնային  դեր ունի հենց Ուկրաինան: Մի բան, որի մասին  Մոսկվան  բազմիցս մտահոգիչ հայտարարություններ է հնչեցրել, սակայն ապարդյուն: Եվ ահա հիմա Նուլանդը խոստովանում է հետեւյալը: Նախ, որ ԱՄՆ-ն տեղյակ է ինչպես այդ լաբորատորիաների մասին, այնպես էլ, թե դրանք ինչով են զբաղվել: Երկրորդը. գոյություն ունեն «հետազոտական նյութեր», եւ դրանք ունեն ռազմական ուղղվածություն, հաշվի առնելով, որ ամերիկացիները «կաշվից դուրս են գալիս», որ հանկարծ այդ նյութերը չհայտնվեն ռուսների ձեռքին: Այս ամենը մեկ բան է ապացուցում, որ ԱՄՆ-ն ամենաուղղակի մասնակցությունն է ունեցել այդ լաբորատորիաների գործունեությանը, ինչքան էլ որ Վաշինգտոնը փորձի դա հերքել: Նուլանդի խոստովանության տողատակերում էլ կարելի է կարդալ ամենագլխավորը, որ այդ բիոլաբորատորիաները զբաղվել են կենսաբանական զենքով. հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ամեն ինչ անեին, որ հանկարծ այդ նյութերը ռուսների ձեռքին չհայտնվեին: 
Ընդ որում, Նուլանդի հայտարարությունը հետագայում Վաշինգտոնին խուսանավելու հնարավորություն գրեթե չի թողնում: Բանն այն է, որ բոլոր միջազգային օրենքներով կենսաբանական զենքն արգելված է, այդ թվում՝ այդ ուղղությամբ աշխատանքը: Ու եթե ԱՄՆ-ն թեկուզ միայն իմանար ուկրաինական լաբորատորիաներից եւ ոչ թե դրանց «գլխին կանգնած» լիներ, ապա պետք է ժամանակին պահանջեր՝ պատժել Ուկրաինային ապօրինի գործունեության համար: Ու այստեղ հիշեցնենք. ԱՄՆ-ն մի ամբողջ պատերազմ սկսեց, Իրաքը հիմքից  քանդեց եւ այդ երկրի ղեկավարին կախեց՝ ընդամենը մեղադրելով, թե Սադամ Հուսեյնը քիմիական զենք է ստեղծում ¥հետո պարզվեց, որ այդ մեղադրանքները սովորական կեղծ էին՝ ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով¤: Սպառնում է նաեւ Իրանի հետ պատերազմ սկսել, թե իբր Թեհրանն ուզում է միջուկային զենք ստեղծել: Մինչդեռ ինչպես քիմիական, այնպես էլ միջուկային զենքն ունի ազդեցության սահմանափակ շառավիղ, իսկ ահա կենսաբանական զենքը կարող է անվերահսկելիորեն տարածվել՝ ընդգրկելով ողջ աշխարհը ¥կորոնավիրուսը մեզ օրինակ¤: Ու եթե Վաշինգտոնը մասնակից չլիներ ուկրաինական լաբորատորիաների գործունեությանը, քանի՞ անգամ էր Կիեւի «գլուխը ջարդել»՝ ռուսների նախազգուշացումները անտեսելու փոխարեն:

ԲԻՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ ԵՆ

Կարճ ասած, Նուլանդի հայտարարությունը, ըստ էության, «ինքնախոստովանական ցուցմունք» է, որ ԱՄՆ-ն ՌԴ-ին դիտարկել է, որպես կենսաբանական զենքի թիրախ, եւ երբ դա դուրս է գալիս հրապարակային ասպարեզ, նշանակում է, որ բոլորովին այլ երանգ է ստանում ռուս-ամերիկյան  ներկայիս հակամարտությունը: Եվ ոչ միայն ռուս-ամերիկյան: Բանն այն է, որ այս սկանդալին չհապաղեց միանալ նաեւ Պեկինը: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիզցյանը հորդորեց ԱՄՆ-ին՝ պարզաբանել իր կենսաբանական ռազմականացման գործունեությունը ԱՄՆ-ում եւ արտերկրում: Իսկ դա անհետեւանք չի մնա:
Իհարկե, կա նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ հանկարծ Նուլանդը որոշեց «ինքնախոստովանությամբ» հանդես գալ: Ու կարծես դրա պատասխանն էլ կարելի է գտնել: Բանն այն է, որ օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա  Զախարովան հայտարարեց, որ նախ՝ Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի խաղաղ կիրառման մասին խոսք չի եղել, դրանց աջակցել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ամերիկացի մասնագետներն Ուկրաինայում պարբերաբար հրահանգներ են արձակել կենսածրագրերի վերաբերյալ համապատասխան մշակումներ կատարելու համար, ու ամենակարեւորը. «Մենք գտել ենք ձեր (ԱՄՆ-ի) մշակումները, ձեր կենսաբանական նյութերը, որոնք մշակվել են առաջին հերթին ռազմական նպատակներով»: ՌԴ ՊՆ-ն էլ երեկ սկսեց այդ լաբորատորիաներից ստացած փաստացի նյութեր հրապարակել, թե ինչ գործունեություն են դրանք ծավալել, օրինակ, որ չվող թռչունների միջոցով մահացու վիրուսներ տարածելու մեխանիզմներ են փորձարկվել: Այսինքն, ամերիկացիները լավ չեն աշխատել՝ փորձելով կանխել «հետազոտական նյութերից որեւէ մեկը ռուսական ուժերի ձեռքն ընկնելը»: ու կարելի է մտածել, որ այդ տեղեկությունները հասել են Սենատ, որտեղ էլ փորձում են հասկանալ, թե ինչու է ամերիկյան հետախուզությունն այդպես ձախողվել: Հաշվի առնելով, որ այդ ձախողումն ու կենսաբանական զենքի ստեղծման տվյալների տարածումը հնարավոր չէ «ջրել» ստանդարտ՝ «Պուտին ագրեսոր» քարոզչական տրյուկներով: 
Բանն այն է, կորոնավիրուսի պատմությունը եկավ ապացուցելու, որ կենսաբանական զենքը եթե անգամ գործադրվի ինչ-որ առանձին պետության, կոնկրետ դեպքում Ռուսաստանի դեմ, ապա մեկ է, այն հարվածելու է ողջ աշխարհին, եւ ամենածանր վիճակում կարող են հայտնվել արեւմտյան պետությունները՝  ուրբանիզացիայի խիստ բարձր եւ ներքին կազմակերպվածության խիստ ցածր մակարդակի պատճառով: Այսինքն, երբ կենսաբանական զենքի փաստը ջրի երես լողա, ապա դրա հեղինակները լուրջ խնդիրներ են ունենալու ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ՝ Եվրոպայի հետ: 
Մինչդեռ նման «ներքին բախումների» համար պահն ամենեւին էլ հարմար չէ: Այսպես, Նուլանդը նույն ելույթով մեկ այլ խոստովանությամբ եւս հանդես եկավ. «Մենք ճնշում ենք գործադրում յուրաքանչյուր երկրի վրա… Մենք շարունակում ենք ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք մինչ այժմ ձեռնպահ են մնացել պատժամիջոցներ կիրառելուց»: Ընդ որում, որ մայրցամաքային Եվրոպային եւս պարտադրեցին միայնակ պատժամիջոցներին եւ ուկրաինական վարչախմբին զենք մատակարարելուն, դա էլ է փաստ: Բայց եթե նույն մայրցամաքային Եվրոպան եւ ամերիկյան հանրության, այսպես ասենք, թրամփյան թեւը տեսանելի ու շոշափելի, եւ որ այս իրավիճակում ամենաէականն է՝ հրապարակային ձեւով հասկանա, որ ամերիկյան բիոլաբորատորիաներն իրենց եւս դնում են «մատաղացու ոչխարի» վիճակում, ապա մեծ հարց է, թե ինչ կմնա այդ «պատժամիջոցային միասնությունից»:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ու հենց այն պահին, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն առանց այդ էլ հսկայական ջանքերի գնով են պահպանում այդ «միասնականությունը»: Նախ, Ֆրանսիան եւ Գերմանիան փորձում են բարձր մակարդակով կապը Մոսկվայի հետ պահպանել, թերեւս պարզ հասկանալով, որ դարձել են անգլոսաքսոնների համար «կրակից շագանակ հանող»: Այսինքն, Կրեմլը ներկա իրավիճակը գնահատում է, որ. «ԱՄՆ-ն, անկասկած, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին»: Բնականաբար, Ռուսաստանը նահանջելու տեղ պարզապես չունի եւ կգործադրի բոլոր միջոցները՝ պաշտպանության համար: Ու հենց Եվրոպան է առաջին հերթին հայտնվել ռուսական «պատասխան կրակի գոտում», որում համոզվելու համար բավական է նայել այն կորուստներին, որոնք այս պահին կրում է եվրոպական տնտեսությունը: Եվ ոչ միայն տնտեսական: Ռուսաստանը նախօրեին սպառնաց, որ ուկրաինական պատերազմին՝ «Ցանկացած ներգրավվածության համար՝ զենք մատակարարելով կամ, այսպես կոչված, կամավորների ուղղորդմամբ, այդ ուղղությամբ ցանկացած փորձերի համար այն երկրները, որոնք դրանք իրականացնելու են, պատասխանատվություն կկրեն»: Ու ի՞նչ տեսք կունենա այդ «պատասխանատվությունը»: Փաստը, որ ՌԴ-ն Ուկրաինայում ի ցույց դրեց նաեւ X-101 թեւավոր հրթիռների արձակումը ¥դրանց (X-102-ը ջերմամիջուկային մարտագլխիկով է): Ընդ որում, երբ X-101-ը պայթում է արեւմտյան Ուկրաինայում, ապա դա Եվրոպայում հազիվ թե աչքաթող անեն: Եվ այն, որ ամերիկյան ամենահավատարիմ խամաճիկը՝ Լեհաստանը, ամեն կերպ փորձում է խուսափել Ուկրաինային ավիացիա տալ՝ համոզելով Վաշինգտոնին, որ նա դա անի, ու Վաշինգտոնն էլ հրաժարվում է, գալիս է հուշելու, որ մոսկովյան այդ ազդակները տեղ հասնում են: Առավել եւս, որ Վաշինգտոնը նաեւ բիոլաբորատորիաների թեման «ծածկադմփոց» անելու գերխնդիր ունի, որը կարող է անել միայն Մոսկվայի հետ պայմանավորվելով:
Մի խոսքով, կարծես թե եկել է ուկրաինական պատերազմ կոչվածի շրջադարձային փուլը, չնայած ռազմական թատերաբեմը եւս նույն բանն է հուշում:

Քերոբ Սարգսյան