• 16/03/2022

Ալիեւաէրդողանական ուկրաինական խաղի նիկոլյան առանձնահատկությունները

Ալիեւաէրդողանական ուկրաինական խաղի նիկոլյան առանձնահատկությունները

Թե ինչու հայտարարելով Նիկոլին 5 կետից բաղկացած «հաշտության պայմաններ» հանձնելու մասին՝ Բաքուն անմիջապես էլ ներկայացրեց այդ 5 կետերը, իհարկե, մի շարք հետաքրքիր հարցեր է առաջ քաշում: Եվ առաջին հերթին, թե ո՞րն է նման պահանջ ներկայացնելու իմաստը, երբ մինչ այս տեղի ունեցած եռակողմ ձեւաչափով հանդիպումների (մասնավորապես՝ Սոչիում) արդյունքում արդեն իսկ հայտարարվել է ձեռքբերված հստակ եւ ամբողջական պայմանավորվածությունների մասին:

ԱԼԻԵՎԻ ՆՈՐ ԽԱՂԸ

Ընդ որում, նշված հարցադրումն էլ ավելի ցցուն է դառնում, հաշվի առնելով, թե ինչ 5 պահանջի մասին է խոսքը: Այսպես, ըստ տարածված տեղեկատվության, Բաքուն այդ կետերի մեջ ներառել է նման դրույթներ.
«1. պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
2. պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության ընդունում,
3. ձեռնպահ մնալ միջազգային հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ եւ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ այլ հանգամանքներից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ նպատակներին,
4. պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
5. բացել տրանսպորտային կապեր եւ հաղորդակցություններ, հաստատել այլ համապատասխան հաղորդակցություններ եւ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»:
Այսպես, այս բոլոր դրույթների մասին եռակողմ ձեւաչափով խոսվել է, նաեւ հայտարարվել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Ավելին, անգամ պաշտոնապես ներկայացվել է, որ որոշ ուղղություննեով, ինչպես օրինակ Հայաստան-Նախիջեւան երկաթուղու հետ կապված, իրականացվում են գործնական աշխատանքներ: Թերեւս, միակ բացառությունը, որի շուրջ եղած պայմանավորվածությունների մասին հրապարակավ չի խոսվել, դա «տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման» դրույթն է: Թե ինչու, հասկանալի է. բավական է նիկոլյան խունտան հայտարարի այդ մասին, եւ դա կդառնա վերջնական ապացույցը, որ հրաժարվել են Արցախից: Ընդ որում՝ նկատենք. եթե հրապարակավ չի հայտարարվել, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ հարցով եւս պայմանավորվածություններ չկան: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ պայմանավորվածություններ:
Այսպես, եթե դեռ 44-օրյա պատերազմից սկսած կան բազում ազդակներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ իրոք Նիկոլը վերջնականապես հրաժարվել է Արցախից, ապա դա դեռ չի նշանակում, որ Մոսկվան ինքնահոսի է թողել արցախյան հարցը: Այսինքն, հենց Արցախի կարգավիճակի հարցի առկայությունն է, որը հնարավորություն է տալիս ՌԴ-ին՝ զորքեր պահել այնտեղ: Եվ հիշեցնենք, ՌԴ-ն ամենաբարձր մակարդակներով անգամ քանիցս հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Ասինքն, քանի դեռ կարգավիճակի հարցը կա, ապա դա նշանակում է, որ ինչքան էլ Ալիեւն ասի, թե հակամարտությունը կարգավորված է, դա այդպես չէ, եւ ռուսական զորքն էլ այնտեղ մնալու բոլոր հիմքերն ունի: Ավելին, 44-օրյա պատերազմի վերջին օրերին, թերեւս դիտավորությամբ, լիովին անպաշտպան էր թողնվել նաեւ Ստեփանակերտը, որը հաշված օրերի ընթացքում կգրավվեր, եթե Ռուսաստանն արագորեն զորք չմտցնել տարածաշրջան: Ընդ որում, միամտություն կլինի մտածել, որ զորքը մտցվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում: Ոչ, առանց այդ համաձայնագրի էլ ռուսական զորքերը շարժվում էին դեպի Արցախ, ինչի ապացույցներից մեկն էլ փաստն է, որ դեռ եռակողմ համաձայնագիրը չկնքված, Նախիջեւանից ոչնչացրին Սյունիքի ուղղությամբ շարժվող ռուսական ռազմական շարասյունն օդից հսկող ուղղաթիռը:
Կարճ ասած, հենց այդ պահին Բաքուն եւ Անկարան ամեն ինչ անում էին, որ ռուսական զորքերն Արցախ չմտնեն, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների գործողությունները լավագույնս նպաստում էին դրան, սակայն ռուսական զորքը մտավ եւ հաստատվեց Արցախում: Եվ ահա հիմա, եթե Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախով հանդերձ, ապա այնտեղ զորք պահելու հարցում Մոսկվան բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնում: Բնականաբար, պատահական չէր, որ եռակողմ ձեւաչափով պայմանավորվածություններում այդ հարցն ամենեւին էլ առաջին պլան չէր մղվում: Այսինքն, թեեւ Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն հայտարարել է նաեւ, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ լուծման կարիք ունի: Ընդ որում, կան լուրեր, որ եռակողմ ձեւաչափի կուլիսային քննարկումներում խոսվել է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում որոշելու մասին: Բայց նաեւ այնպիսի կարգավիճակով, որը Մոսկվային հնարավորություն կտար զորքերն Արցախում թողնել տեղի իշխանությունների խնդրանքով, որը ենթադրում էր անորոշ ժամկետ: Նաեւ պայմանով, որ Ադրբեջանն էլ իր հերթին է տեղավորվելու ռուսական աշխարհաքաղաքական տիրույթում՝ անկախ այն ձեւաչափից, որը Մոսկվան կտա այդ տիրույթին: Ընդ որում, մոտավորապես դա է ցույց տալիս նաեւ պատերազմի շեմին Պուտինի եւ Ալիեւի ստորագրած հայտնի փաստաթուղթը:

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Այնուամենայնիվ, երբ Անթալիայում կայացած Էրդողան-Ալիեւ չորսժամյա հանդիպումից հետո Բաքուն օրակարգ բերեց այդ 5 կետանոց փաստաթուղթը, ապա դա արդեն նման է նրան, որ ձեւականորեն պահպանելով եռակողմ պայմանավորվածությունները, թուրք-ազերիական տանդեմը փորձում է «ձիով քայլ» կատարել: Եվ, բնականաբար, պատահական չէր նաեւ, որ Էրդողանն էլ իր հերթին չհապաղեց մտնել գործընթացի մեջ, թե՝ «Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի 5 կետանոց առաջարկը»: Իսկ այն, որ Չավուշօղլուն նույնքան անառարկելի տոնով հայտարարում է, թե՝ Բաքուն եւ Երեւանը պետք է առանց միջնորդների բանակցեն, դա արդեն ամենապարզ ակնարկն է այն մասին, որ թուրք-ազերիական տանդեմը փորձում է տապալել եռակողմ ձեւաչափը, այսինքն՝ Մոսկվային դուրս թողնել հայ-ադրբեջանական օրակարգից:
Իհարկե, հասկանալ է պետք նաեւ, թե գոնե բարեհաճե՞լ են Անթալիա մեկնած Օմեգային այս նոր ծրագրի մանրամասներին ծանոթացնել, թե՞ բավարարվել են միայն այդ անառարկելի պահանջով՝ պետք է ընդունեք, եւ վերջ: Չնայած, Նիկոլը պետք է որ գիտակցի, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, եթե բացահայտորեն դուրս գա եռակողմ ձեւաչափից ու կարծես թե իր հերթին է փորձում «ձիով խաղալ»: Այսպես, հազիվ էր Թուրքիայում Արաբատ «կնքված» Միրզոյանը վերադարձել Անթալիայից, եւ թուրք-ազերիական տանդեմն էլ իր 5 կետն ու հիշատակած պայմանները ներկայացրել, որ ՀՀ ԱԳՆ կոչված անհասկանալի կառույցը որոշեց դիմել Մինսկի խմբին, թե օգնեք՝ «Ադրբեջանի հետ բանակցել՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»: Այն տպավորությունն է, թե Նիկոլը կարծում է, որ այսկերպ կկարողանա հետագայում բոլորի մոտ էլ «կրուտիտների» հնարավորություն ունենալ: Թուրքերի մոտ, թե ինչ է եղել, դուք ՄԱԿ-ի կանոնադրությունն եք ներառել 5 կետերի մեջ, մենք էլ ՄԽ-ին խնդրել ենք՝ այդ նույն ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա բանակցություններ կազմակերպել: Մոսկվայում էլ կարդարանա, թե սա եռակողմ ձեւաչափից «թռնել» չի նշանակում, չէ՞ որ ՌԴ-ն եւս ՄԽ անդամ է:
Միայն թե սա ոչ թե «ձիով քայլ է», այլ, ավելի շուտ՝ «կաղ ձիով քայլ»: Համենայնդեպս, ՀՀ ԱԳՆ-ի նման պահանջից բխող փաստը սա է: Նախ, ի՞նչ կապ ունի ՄԽ-ն՝ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հետ, եթե այդ կառույցի մանդատը վերաբերում է բացառապես Արցախին: Իհարկե, կարելի է հակաճառել, թե հենց արցախյան հակամարտության կարգավորումն է բերելու հայ-ադրբեջանական «հաշտության համաձայնագրի»: Բայց այդ դեպքում, թող նախ ՄԽ-ն հայտարարի, թե արդեն կարգավորել է արցախյան հակամարտությունը, որ կարողանա անցնել հայ-ադրբեջանական թեմային: Մինչդեռ ՄԽ բոլոր անդամները հայտարարել են, թե հակամարտությունն ամենեւին էլ դեռ կարգավորված չէ, իսկ ահա Հայաստանը մինչ այս պաշտոնապես էր պահանջում, որ ՄԽ-ն վերսկսի բանակցային գործընթացը: Ու հիմա, երբ Նիկոլը ՄԽ-ին այլ խնդրանք է ներկայացնում, դա
նշանակում է, որ հրաժարվե՞լ է արցախյան բանակցային գործընթացը վերականգնելու նախկին պահանջից: Կամ միգուցե արդեն համարում է, որ դրա կարիքն այլեւս չկա՞, եւ պետք է անցնել «հաշտության պայմանագրին»: Թե՞ կարծում է, որ այդ երկու գործընթացները զուգահեռ են. բայց այդ դեպքում ՄԽ-ն ի՞նչ գործ ունի, երբ նրա մանդատը միայն Արցախն է:
Իրականում հասկանալի է, որ հայ-ադրբեջանական «հաշտության պայմանագրի», պատկերավոր ասած, 99 տոկոսն արցախյան հարցն է, եւ եթե դրա լուծումը եղավ, ապա այդ պայմանագիրը նույնիսկ մեխանիկորեն կյանքի կկոչվի: Բայց երբ նիկոլյան խունտան մի կողմից ՄԽ-ին խնդրում է արցախյան բանակցությունները վերականգնել, մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» օրակարգ սկսել, ապա դա մեկ բան է հուշում: Այն է՝ Ալիեւի 5 կետերը չի կարող ցուցադրաբար մերժել՝ վկայակոչելով եռակողմ ձեւաչափը, քանի որ այդ դեպքում միանգամից կզայրացնի ինչպես թուրքերին, այնպես էլ՝ Արեւմուտքին: Բայց նաեւ այդ 5 կետն ընդունելով, կզայրացնի Մոսկվային: Ու որոշել է գնալ «կրուտիտի» տարբերակով, որով, ի դեպ, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համար է «կանաչ լույս» վառում՝ հայ-ադրբեջանական գործընթաց մտնելու համար. համենայնդեպս, պատահական չէր պետքարտուղարի հետ Նիկոլի նախօրեին հեռախոսազրույցը:
Միայն թե մեկ բան է մոռացել. ուկրաինական պատերազմը եկավ հուշելու, թե նման խաղերը, եթե ժամանակին հնարավոր էր մարսել, հիմա կարող են ամենածանր հետեւանքներն ունենալ:

Քերոբ Սարգսյան

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ