• 18/03/2022

Ինչ պայմանավորվեցին Լավրովն ու Չավուշօղլուն

Ինչ պայմանավորվեցին Լավրովն ու Չավուշօղլուն

Այսպիսով, Նիկոլի հետ Պուտինի հեռախոսազրույցը պետք է որ ինչպես թուրք-ազերիական տանդեմին, այնպես էլ Վաշինգտոնին հուշի, որ անկախ ուկրաինական իրադարձություններից, կովկասյան ուղղությունը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Ընդ որում, դետալային առումով, այսինքն, «աչքից հեռու խաղեր» չեն կարող լինել, եւ փորձի դեպքում էլ արձագանք կստանան: Ըստ այդմ էլ, որ եռակողմ ձեւաչափին այլընտրանք Մոսկվան չի տեսնում: Ու այս վերջին մեսիջի հասցեատերը նաեւ Վաշինգտոնն էր: Այն իմաստով, որ թեեւ պետքարտուղարի մակարդակով փորձեցին Նիկոլին մղել «ճիշտ», այն  է՝ հակառուսական հուն, բայց եթե չի վախենում, թող փորձի:
Այս իրավիճակում ի՞նչ պատասխան կարելի է սպասել Անկարայից: Թերեւս, այս հարցի պատասխանը տալիս է նախօրեին Մոսկվա կատարած Չավուշօղլուի այցը եւ Լավրովի հետ բանակցությունները:
Այն, որ Լավրովն ու Չավուշօղլուն, իհարկե, հիմնականում կենտրոնանալով Ուկրաինայի վրա, այնուամենայնիվ, իրենց քննարկումների մի զգալի մասն ուղղեցին արցախյան, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական ընդհանրական թեմային, իր հերթին է պարզ ցույց տալիս, որ Մոսկվան իրոք հարավկովկասյան ուղղությունը աչքաթող չի արել: Սակայն մյուս կողմից էլ կարելի է կռահել, որ թեեւ ուկրաինական պատերազմն Անկարայի համար Կովկասում առաջ գնալ փորձելու լավ առիթ է եւ այդ հարցում կարող էր Վաշինգտոնից «դաբրո» ստանալ, սակայն մեկ է, նման քայլը կարող  է լրջագույն վտանգներ պարունակել: Նախ, որ վաշինգտոնյան նման «դաբրոները», ինչպես ցույց է տալիս ուկրաինական ¥դրան նախորդած աֆղանական, իրաքյան, լիբիական, սիրիական եւ այլն¤ իրավիճակը, անվտանգության տեսանկյունից քիչ բան է նշանակում: Այսինքն, ծայրահեղ իրավիճակներում նորից կպարզվի, որ ԱՄՆ-ն Երրորդ աշխարհամարտ չի ցանկանում եւ մենակ կթողնի իր իսկ դրդմամբ կռվի մեջ մտած դաշնակցին: Առավել եւս, երբ այդ դաշնակիցն Էրդողանն է, որին նույն Վաշինգտոնը մեկ անգամ փորձել է «գունավոր հեղաշրջման» ենթարկել, ապա՝ տնտեսական ոչնչացման եւ հարմար իրավիճակում պարզապես կոչնչացնի: Ընդ որում, հենց նման «հարմար իրավիճակ» կլինի, եթե ՌԴ-ն հանկարծ ձախողվի Ուկրաինայում:
Այսպիսով, մինչեւ ուկրաինական պատերազմի պահին Էրդողանը կովկասյան հարթակում ռուսների «ոտքերի տակ օճառ դնելը», թերեւս մի տաս անգամ կմտածի, եւ ամենատրամաբանական տարբերակն է, որ չի գնա այդ քայլին: Իսկ այն, որ Չավուշօղլուն Մոսկվա մեկնեց մարտի 16-ին՝ ռուս-թուրքական հայտնի պայմանագրի 101-րդ տարեդարձի օրը, ինչքան էլ որ Հայաստանի համար մտահոգիչ լինի, այնուամենայնիվ, ավելի նման է ազդակի, որ ցանկանում է ՌԴ-ի հետ, ինչպես մեկ դար առաջ, պայմանավորվել, այլ ոչ թե մտնել հակամարտության մեջ: Բնականաբար, էլի ունենալով որոշակի ախորժակներ:
Ամբողջ հարցն այն է, թե թուրքական այդ ախորժակը կովկասյան եւ, մասնավորապես՝ հայաստանյան ուղղությա՞մբ է: Թերեւս դա քիչ հնարավոր է, քանի որ 101 տարի առաջ Մոսկվան այս ուղղությամբ արդեն զիջել է առավելագույնը, եւ այլ զիջումները կնշանակի լուրջ կասկածի տակ դնել այս հատվածում իր դիրքերը: Իսկ դա կարող է գրեթե նույնքան ծանր հետեւանքներ խոստանալ, որքան Ուկրաինայում պարտվելը կլիներ: Ամեն դեպքում, երբ Չավուշօղլուի այցին զուգահեռ, ՌԴ նախագահը պարզ ցույց տվեց, որ եռակողմ ձեւաչափը համարում է միակ օրակարգային գործընթացը, դա Անկարայի համար արդեն իսկ պարզ ազդակ էր, որ կովկասյան հարթակում նոր ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այսինքն, եթե ուզում է, պետք է փորձի վերցնել, բայց դա կունենա հետեւանքներ: Ընդ որում, բան չի փոխում նաեւ այն, որ Լավրովը հայտարարեց, թե՝ «Մոսկվան ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման կուրսը»: Բանն այն է, որ Մոսկվան մինչ այս էր դա ողջունել, ավելին՝ հանդես եկել որպես նախաձեռնող: Այսինքն, քանի դեռ այս ուղղությամբ ինչ-որ  քայլեր չկան, Մոսկվայի համար գործընթացը կմնա  ընդունելի:
Բայց ահա Լավրովը մեկ հետաքրքիր հայտարարությամբ եւս հանդես եկավ, ինչը գալիս է հուշելու, որ այլ ուղղություններում Անկարան իր «ախորժակը բավարարելու» հնարավորություն կարող է ունենալ: Այսպես, ըստ Լավրովի՝ այդ հանդիպմամբ ծրագրված էր Թուրքիայի արտգործնախարարի հետ «ստուգել ժամացույցները»՝ Կովկասից  զատ, նաեւ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի ուղղությունների հետ կապված: Այսինքն, կան պայմանավորվածությունների մի շարք այլ հարթակներ: Եվ այդ հարցում, թերեւս, առաջնային է Ուկրաինան, որտեղ Անկարան փորձում է առանցքային միջնորդի վերածվել: Ինչ լուծմամբ, դա արդեն երկրորդական է, քանի որ նման հարցով միջնորդ դառնալն այն հսկայական քաղաքական դիվիդենտը կլինի Էրդողանի համար, որ հաստատ դրանից լուրջ օգուտներ ապագայում կքաղի: Եվ այն, որ ՌԴ-ից հետո Չավուշօղլուն քննարկումներ սկսեց նաեւ Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ, գալիս է հուշելու, որ Մոսկվայից «դաբրոներ» նա ստացել է: Ինչքանո՞վ կհաջողվի, դա արդեն մոտ ապագայում կերեւա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ