• 18/03/2022

Ալիեւին «խաղաղության պայմանագիր» պետք է, բայց միայն առանց ռուսների

Ալիեւին «խաղաղության պայմանագիր» պետք է, բայց միայն առանց ռուսների

Նախօրեին հերթական տեղեկատվությունը տարածվեց ազերիների գրոհի մասին: Այս անգամ, ըստ աղբյուրի, Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ վարչական տարածքի սահմանային հատվածներում: Ընդ որում, այս նույն տեղամասի հետ կապված, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, թե ոչ մի արտառոց բան էլ չկա:

ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՆՈՐԻՑ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Ու նկատենք, որ ոչ միայն ի հակասումն ՀՀ ՊՆ-ի, արտառոց բաներ կան սահմաններին, այլ, առհասարակ, հայ-ադրբեջանական գործընթացի հետ կապված եւս «տարօրինակությունների» պակաս չկա: Այսինքն, մնում է միանգամայն «անբացատրելի», թե ինչո՞ւ է Բաքուն ամեն անգամ այսպես սրում իրավիճակը: Նիկոլյան վարչախումբը կաշվից դուրս է գալիս քարոզներով, թե՝ պետք է հնարավորինս շուտ «խաղաղության պայմանագիր» կնքել, իսկ Ալիեւն ամեն անգամ անցնում է գրոհի: Այն դեպքում, երբ Բաքվի հրապարակային պահանջների պահանջը հենց դա է՝ «խաղաղության պայմանագիր»: Ինչո՞ւ, այ, դա է պետք հասկանալ: Եվ այս առումով կարելի է հետեւյալ հնարավոր տարբերակների մասին մտածել:
1. Իրականում Ալիեւին այն սցենարը, որին նաեւ ինքն է համաձայնություն տվել, ձեռնտու չէ, եւ փորձում է հասնել առավելագույնի՝ հարմար պահերին սրելով իրավիճակը:
2. Կամ էլ ամեն ինչ ձեռնտու է, միայն թե այդ բոլոր պայմանավորվածությունները մնացել են «օդից կախված»:
Սկսենք երկրորդ տարբերակից՝ նկատելով, որ իրոք «խաղաղության պայմանագիր» կամ սահմանագծում փաստացի այս պահին չկա: Իսկ այն, որ Նիկոլը դիմել է ՄԽ-ին, հազիվ թե Ալիեւի սրտովը լինի: Այսինքն, մի կողմից Թուրքիան քարոզում է, թե միջնորդ պետք չէ, թող Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն խոսեն եւ համաձայնության գան: Հասկանալի է, դրանով Անկարան «քար է գցում» եռակողմ ձեւաչափի «բոստանը»: Փոխարենը, Նիկոլը փորձում է եռակողմը դարձնել հնգակողմ՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ՄԽ համանախագահներ, ներքաշել այդ գործընթաց, որը, իհարկե, Ալիեւի դուրը հաստատ չի գա: Թեկուզեւ այս պարզ պատճառներով:
Նախ, Ալիեւը քանիցս հայտարարել է, թե ՄԽ-ն պետք է լուծարել, դրա կարիքը չկա, եւ եթե հիմա գնա, այդ կառույցի հետ նստի բանակցային սեղանի շուրջ, դա արդեն իսկ դիվանագիտական նահանջ կլինի: Եվ երկրորդ փաստն այն է, որ իրականում ՄԽ-ն որեւէ հարց լուծելու պոտենցիալ չունի, ինչի մասին է վկայում 30 տարվա պատմություն ունեցող արցախյան բանակցային գործընթացը: Եվ եթե «խաղաղության պայմանագրով» եւս զբաղվի, կարելի է կռահել, որ դա եւս կարող է մի 30 տարի տեւել, որը, բնականաբար, Ալիեւի համար վատթարագույն տարբերակ կլիներ: Այսինքն, նա  կարող էր գնալ սրացումների՝ Նիկոլին ավելի արագացված գործընթաց պարտադրելու համար: Բայց մյուս կողմից երեւի Ալիեւն էլ է քաջ գիտակցում, որ նման «խաղաղության պայմանագիրը», որով Նիկոլը Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, Նիկոլի համար դժվար կլինի ներհայաստանյան հարթության մեջ առաջ տանելը: Ճիշտ է, նման քարոզչական աշխատանքներ նիկոլամերձ շրջանակները տանում են, այդ թվում փորձելով համոզել, թե, օրինակ, ԱՊՀ-ի մեջ մտնելով, Հայաստանը դեռ 1990-ականների սկզբներին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նաեւ, որ Հայաստանը պայքարում է ոչ թե տարածքների, այլ՝ Արցախի բնակչության իրավունքների համար: Սակայն նման քարոզներից ընդամենը «եփած հավի ծիծաղն է գալիս», եւ նման փաստաթուղթ ստորագրելով, այն էլ՝ ուղղակիորեն Ադրբեջանի հետ, ինչին փորձում է հասնել Թուրքիան, Նիկոլը ընդամենը կհաստատի այն հին թեզը, որ իր իշխանության գալու խնդիրը հենց Արցախի ամբողջական հանձնումն է՝ դրանից բխող մոտակա եւ հեռու հետեւանքներով հանդերձ: Այս տեսանկյունից չբացառենք, որ Արցախում ու հայաստանյան սահմանային այս հերթական սրացումներով Ալիեւը պարզապես փորձում է նոր պատերազմի պատրանք ստեղծել, որը կօգնի Նիկոլին՝ ներհայաստանյան հարթակում վախի մթնոլորտ ստեղծել, ինչը կարող  է հեշտացնել նման պայմանագիր ստորագրելու գործը:

ՄՈՍԿՎԱՅԻ ՌԵԱԿՑԻԱ՞Ն ԷԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Սակայն կա նաեւ հիշատակված առաջին տարբերակը՝ այն հարցը, թե իրականում Ալիեւին պե՞տք է այնպիսի «խաղաղության պայմանագիր», որը բխում է եռակողմ ձեւաչափով պայմանավորվածություններից, ինչքան էլ որ դրան համաձայնություն տվել է: Ի դեպ, ժամանակին նման ենթադրություն ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այն իմաստով, որ անկախ նրանից, թե եռակողմ ձեւաչափի պարագայում ինչ տեսք կունենան հայ-ադրբեջանական գործընթացները, վերջնարդյունքում ՌԴ-ն պահպանում է ռազմաքաղաքական վերահսկողությունը ինչպես  Արցախում, այնպես էլ՝ ողջ հարավկովկասյան տարածաշրջանում: Ընդ որում, ուկրաինական իրադարձությունները եկան հուշելու, որ հարավկովկասյան ուղղությամբ եւս Մոսկվայի տրամադրվածությունն առավել քան վճռական է:
Բայց մյուս կողմից, նույն ուկրաինական իրադարձությունները թուրք-ազերիական տանդեմի համար առիթ են, որ փորձեն իրենց համար նման  ցանկալի սցենարին այլ հուն տալ: Այսինքն, եթե Մոսկվայի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, ապա ինչո՞ւ չփորձել արագացված կարգով Նիկոլի միջոցով հարցը լուծել՝ ռուսներին կանգնեցնելով փաստի առաջ՝ «չկա արցախյան խնդիր, չկա ռուսական զորքերի անհրաժեշտություն» սկզբունքով: Իհարկե՝ ասել, թե Հայաստանի հետ պայմանագիրն Ալիեւին հնարավորություն կտա իրոք օրակարգ բերել ռուսական զորքերին Արցախից հեռացնելու թեման, միամտություն կլիներ: Չնայած, ով իմանա, թե վերջին հանդիպման ժամանակ Էրդողանն ու Ալիեւն ինչ սխեմաներ են ծրագրել, եւ չբացառենք, որ նման հույսեր կարող են ունենալ:
Ամեն դեպքում, սահմանային սրացումները կարող են միջոց դառնալ, որ գոնե ՌԴ-ի ռեակցիան ստուգեն: Այսինքն, թե այս խառը օրերին կարողանո՞ւմ են վերահսկողության տակ պահել կովկասյան ուղղությունը: Ինչպես նաեւ, թե կովկասյան տիրույթում նոր պատերազմի դեպքում Մոսկվայի ռազմական հնարավորությունները կբավարարե՞ն միջամտելու համար:

ՊՈՒՏԻՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Բայց ահա հեռախոսազրույցը, որը նախօրեին կայացավ ՌԴ նախագահ Պուտինի եւ Փաշինյանի միջեւ, հիշատակված առաջին հարցի պատասխանը տալիս է՝ Մոսկվան հարավկովկասյան ուղղությունն աչքաթող չի արել: Առավել եւս, երբ հաշվի ենք առնում նաեւ թե ինչից են խոսել, թեեւ այս առնչությամբ որոշ ուշագրավ դրվագներ արժե ֆիքսել:
Այսպես, ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, խոսակցությունն այս բնույթի է եղել. «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման եւ Հարավային Կովկասում տրանսպորտային ու լոգիստական կապերի վերականգնմանն առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին: Հաստատվել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի հետագա ամրապնդման փոխադարձ մտադրությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Հայաստանի վարչապետի այցը Ռուսաստան»:
Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տեղեկությունն է տարածել. «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ եւ ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաեւ ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր»:
Դժվար չէ նկատել, որ երկու հաղորդագրությունները իրարից նկատելիորեն տարբերվում են: Օրինակ, ռուսական հաղորդագրության մեջ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական թեմայով խոսվում է միայն, թե՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է…»: Նման է նրան, որ նրանից հաշվետվություն է պահանջվել, եւ Նիկոլն էլ ինչ-որ բան է պատմել, այդ թվում, նաեւ ՄԽ-ին հղված՝ «խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպման մասին» դիմումից: Եվ քանի որ ռուսական կողմի մոտ այդ մասին ոչինչ չկա, ապա դա ակնարկ է, որ նրանք նման օրակարգը պարզապես ընդգծված կերպով անտեսում են: Ստացվում է այս տպավորությունը. հարցրել են՝ այդ ինչ նոր բան ես մոգոնել, ինչ ՄԽ, ինչ բան, Նիկոլն էլ պատմել է, թերեւս նաեւ հասկանալով, որ դրա համար «գլուխ չեն շոյելու»: Առավել եւս, երբ երկու կողմն էլ խոսում է եռակողմ ձեւաչափից, ինչը նման է այն բանին, որ Մոսկվայից եկել է հստակ ազդակ՝ միայն այս պայմանավորվածությունները կարող են գործել:
Եվ վերջում, երկու կողմն էլ խոսում է Նիկոլի՝ Մոսկվա կատարելիք այցից, այսինքն, այս վերջին իրադարձությունների ֆոնին այդ այցը Մոսկվան ուշադրության կենտրոնում է պահում: Եվ սա, իհարկե, պետք է միաժամանակ Բաքվին, Անկարային եւ ԱՄՆ-ին  հղված հստակ մեսիջ համարել:
Իսկ այն, որ Ալիեւը սկսեց խոսել Արցախի՝ իր ավերած գազատարը վերանորոգելու մասին, կարծես թե ռուսներին «գցելու» այս հերթական փուլի ավարտն էր: Կլինի՞ նման նոր փորձ, դեռ կտեսնենք, ամեն բան կախված է ուկրաինական պատերազմից:

Քերոբ Սարգսյան