• 24/03/2022

Հ. Բաբուխանյանի հանդեպ սկսեցին քաղաքական հետապնդումները

Հ. Բաբուխանյանի հանդեպ սկսեցին քաղաքական հետապնդումները

Միամտություն կլիներ ենթադրել, որ իշխանությունները հանգիստ պետք է դիտարկեն «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման օրեցօր աճող  ակտիվությունը: Եվ իսկապես, նախ գործի դրվեց  իշխանական  եւ իշխանամերձ  վայրահաչողների  ոհմակը, իսկ դրան զուգահեռ գործադրվեցին  պետական ադմինիստրատիվ ռեսուրսի հնարավորությունները:

Մարտի 18-ին, այսինքն` ամերիկյան կենսլաբորատորիաների դեմ ցույցի օրը եւ  Շարժման  հանրահավաքից մեկ օր առաջ հարկադիր կատարման ծառայությունը Շարժման առաջնորդներից մեկից` Հայկ Բաբուխանյանից որոշեց բռնագանձել իր բանկային քարտի վրա եղած ողջ գումարը: Ավելին, հայտարարեց հետախուզում Հ. Բաբուխանյանին պատկանող գույքի նկատմամբ: Հետապնդվում են նաեւ Հ. Բաբուխանյանի հարազատները: Իսկ մինչ այդ գործի էր դրվել ՊԵԿ-ը, որտեղ հիշեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկ Բաբուխանյանը Ղրիմից ստացած օգնությունը  տարել-հասցրել էր Արցախ, հանձնել Պաշտպանության բանակին: Եվ ահա այս օգնության համար, որը  Հայկ Բաբուխանյանը  ռումբերի տակ եւ իր միջոցներով  հասցրել էր Արցախ, Հայաստանի ՊԵԿ-ը պահանջում է վճարել արժեքի 20 տոկոսը: Թվում է աբսուրդ, անհավատալի եւ անհնարին մի իրավիճակ: Սակայն այս ամենը  ապացուցվում է խմբագրության ձեռքի տակ գտնվող փաստաթղթերով:

Ակնհայտ է, որ խոսքը գնում է քաղաքական հետապնդումների մասին: Ընդ որում, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու դիմաց, այլ նաեւ Արցախին օգնություն հասցնելու համար: Չէ՞ որ պատերազմի օրերին  ՀՀ, այսպես կոչված, իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի սփյուռքից հավաքված եւ ուղարկված օգնությունը Արցախ չհասնի: Հայտնի է, որ այդ օգնության մի մասը Արցախին փոխանցվելու փոխարեն մտցվել է Հայաստանի պետբյուջե, որից ՔՊ-ականները  իրենց բաժանել են պարգեւատրումներ եւ ճոխ-ճոխ գործուղումների գումարներ: Օգնության  մյուս մասի ճակատագիրը  մինչ օրս պարզ չէ: Հայտնի է նաեւ, որ մինչ օրս մաքսային պահեստներում են գտնվում պատերազմի օրերին սփյուռքից մեծ դժվարությամբ Հայաստան հասցված օգնության խմբաքանակները: Ընդ որում, Արցախին ու հայոց բանակին` սփյուռքի կողմից ուղղվող օգնությունը գրպանելու համար  2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է հատուկ օրենք` «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին»: Այս օրենքով սահմանվել են  որոշ հարկային արտոնություններ միայն նվիրատվությունները նիկոլական նախարարություններին հանձնելու դեպքում: Այս օրենքը, ըստ էության, փորձում են գործադրել այն թուրքահաճո նպատակին, որպեսզի  օգնությունը  չհասցվի անմիջապես հասցեատերերին, հակառակ դեպքում պահանջելով  նիկոլական իշխանություններին տրամադրել Արցախին հասցված օգնության 20 տոկոս փայաբաժին:

Ինչ վերաբերում է Ղրիմում Արմեն Մարտոյանի (Ղրիմի Սամվել) նախաձեռնությամբ հավաքված եւ Վրաստանով մեծ դժվարությամբ անցկացված օգնությանը, որը Հայկ Բաբուխանյանը Արմեն Մարտոյանի հետ հասցրել էին Արցախի բանակին, ապա մեզ հասած տեղեկություններով այդ խմբաքանակը նույնպես փորձում էին ուղարկել Հայաստանի  ԱԻՆ կամ ՊՆ: Սակայն Հայկ Բաբուխանյանը հրաժարվեց եւ հայտարարեց, որ փոխանցելու է անմիջապես Արցախին: Հավանաբար հենց դա է, որ այդքան մռմռացրել է հակահայ իշխանություններին: Չէ՞ որ այդ օգնությունը հասել է իր նպատակին եւ ոչ թե ուղարկվել է փտելու այս կամ այն պահեստ: Պետք է ենթադրել, որ իշխանությունները գործում են հետեւյալ սկզբունքով` ով իրական օգնություն կհասցնի Արցախին, պետք է պատժվի, որպեսզի արցախցուն թողնեն մեն-մենակ իր խնդիրների հետ: Ի դեպ, այս գործողությունից հետո Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Արմեն Մարտոյանի նկատմամբ:

Մի խոսքով, նիկոլականներն իրենց փայն են ուզում Արցախին հասցվող օգնությունից: Սակայն հարց է ծագում. ինչքանո՞վ է իրավասու Հայաստանի կառավարությունը հարկել Արցախին ուղարկվող օգնությունը: Այն, որ դա վերջին աստիճանի անբարոյականություն է, թրքաբարո պահվածք եւ սրիկայություն ակնհայտ է: Հարցը այլ է, ո՞ր օրենքից ելնելով: Չէ՞ որ տվյալ դեպքում Հայաստանի տարածքը ընդամենը  հանդիսանում էր տրանզիտ տարածք, որով տեղափոխվել է Արցախի Հանրապետությանը ուղղված օգնությունը: Ուստի ամենաշատը, ինչ կարող է ուզել Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը դա տրանզիտի փողն է: Իսկ եթե  նույն  խայտառակ իշխանությունը համարում է Արցախը Հայաստանի տարածք, ապա նախ պետք է դրա մասին պարզ եւ հստակ հայատարարի եւ երկորդ` պատասխան տա Հայաստանի սուվերեն տարածքից  8000 կմ թշնամուն հանձնելու  համար:

Այս  նենգ պատմության մեջ, որն ակնհայտորեն ունի քաղաքական դրդապատճառներ, զարմանալին այն է, որ իբր Հայաստանի իբր իշխանությունները անգամ  չփորձեցին պահել  ֆորմալ կողմը, չներկայացնելով Հ. Բաբուխանյանին  իր կողմից պահանջված եւ օրենքում նախատեսված վարչական վարույթի նյութերը: Հավանաբար սրացն թվում է, որ գրավոր հետքեր թողնել վտանգավոր է: Չէ՞ որ գալու է Հայաստանի  սորոսական օկուպացիայից ազատագրելու օրը:

Ա. Հովհաննիսյան

Նկարնում` Հայկ Բաբուխանյանը Արմեն Մարտոյանի հետ Արցախում պատերազմի օրերին հանձնում է օգնությունը Արցախի իշխանություններին եւ բանակին