• 02/04/2022

Փաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են

Փաշինյանի հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են

168.am-ը փորձել է «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ, անվտանգային փորձագետ Արմեն Խաչիկյանից, ով մեկ շաբաթ Արցախում է եղել, պարզել, թե ի՞նչ է կատարվել եւ կատարվում Քարագլխում։ Փորձագետն իրավիճակը գնահատել է այսպես.

– Տեղի է ունենում հետևյալը․ հայելային դուրս գալու պայմանավորվածությամբ՝ հայկական հինգ դիրքերը դուրս են բերվել, մինչդեռ Ադրբեջանի հինգ դիրքերը դուրս չեն բերվել, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղաբաշխումը Փառուխում:

Մինչդեռ այդ դիրքերում էլ ռուսական ստորաբաժանումները չեն տեղաբաշխվել, որովհետև առհասարակ ռուսական խաղաղապահների առաքելությունը չէ դիրք զբաղեցնելը և դիրք պահելը։ Նրանց առաքելությունն է՝ բնակիչների և ընդհանուր միջավայրի անվտանգությունն ապահովելը։ Դրան ի պատասխան, երբ որ մենք հայելային դիրքերը դուրս ենք բերել և նույնիսկ դուրս ենք բերել նաև այդ դիրքերին աջակցող ստորաբաժանումները, դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները Փառուխի կողքով կամ որոշ դեպքերում` միջով, կածաններով բարձրացել են սարը և վերցրել Քարագլուխ բարձունքի Փառուխի հատվածը ու այնտեղ սկսել են ամրանալ։

Դրան ի պատասխան՝ արդեն հայկական ստորաբաժանումները Խնապատի և Խրամորթի ուղղությամբ առաջ են շարժվել, հանդիպել են հակազդեցության ադրբեջանական կողմից, և այստեղ ունեցել ենք մեքենաների խոցում և զոհեր։ Ի վերջո, մենք լուրջ ռեսուրսներ ենք դրել հիմա, որպեսզի կանխենք նշածս Խրամորթ և Խնապատ ուղղություններով հակառակորդի հավելյալ առաջխաղացումը։

Այս պարագայում, իմ նշած փոքր ստորաբաժանումները կարելի էր պահել և աջակցող ստորաբաժանումները ևս հայելային դուրսբերման ժամանակ չհանել, և այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա մենք տասնապատիկ ավելի մեծ ռեսուրս ենք դնում, որպեսզի կարողանանք ապահովենք հավելյալ առաջխաղացումը։ Հիմա՝ այս պահին հակառակորդը գտնվում է Քարագլուխ բարձունքի

Փառուխ ուղղությամբ բավականին զգալի հատվածում` մոտ 1000 հա և ավելի, և այնտեղ օրեցօր ամրանում է, իսկ մատակարարումը և տեղաշարժն իրականացվում են Փառուխի կողքից` կածաններով։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Փառուխ գյուղի անվտանգությունը, բայց ամբողջապես չի կարող ապահովել բոլոր կածանները և Քարագլխի հատվածն ամբողջությամբ։