• 02/04/2022

Մալխաս Ամոյանը թուրքի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)

Մալխաս Ամոյանը թուրքի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (ֆոտո)

Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը մրցեց 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ եւ հաղթանակ տարավ 4:3 հաշվով:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը ակտիվ էր, բայց գորգի մրցավարը պարբերաբար ակտիվություն էր պահանջում: Մի քանի զգուշացումից հետո մրցավարը պասիվություն տվեց եւ Ամոյանին նստեցրեց պարտեր: Թուրք ըմբիշը երկու միավորանոց գլորում կատարեց: Ըմբիշները գնացին հանգստի 0:3 հաշվով՝ թուրք ըմբիշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում աշխարհի չեմպիոնն ավելացրեց ճնշումը: Գորգի մրցավարը թուրք ըմբիշին պասիվություն տվեց: Ամոյանը երկու միավորանոց գլորում կատարեց: Թուրք ըմբիշի մարիչները բողոքարկեցին մրցավարի որոշումը, բայց չշահեցին: Հաշիվը դարձավ 4:3: Երկրորդ մրցափուլի ավարտին գորգի մրցավարը եւս մեկ անգամ Ամոյանին պարտեր նստեցրեց, բայց աշխարհի չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց: Թուրք ըմբիշը չկարողացավ միավոր վաստակել, եւ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Թուրք ըմբիշը վերջում չկարողացավ զսպել արցունքները:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 1 րոպե 58 վայրկյանում  9:0  հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկեւիչուսի հետ: 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթանակ էր տարել սլովակ Դենիս Խորվաթի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 6:5 հաշվով համառ պայքարում առավելության էր հասել աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում ժամանակից շուտ, 4 րոպե 10 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին:

Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոնի, Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները նվաճել է 72 կգ քաշային կարգում: 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնություն ոսկե մեդալ նվաճելուց հետո երիտասարդ ըմբիշը հայտարարեց օլիմպիական քաշային կարգ տեղափոխվելու մասին: