• 03/04/2022

Լեհաստանը բաց է ԱՄՆ միջուկային զենք ընդունելու համար. Կաչինսկի

Լեհաստանը բաց է ԱՄՆ միջուկային զենք ընդունելու համար. Կաչինսկի

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամերիկյան միջուկային զենք տեղակայել իր տարածքում։

«Եթե ամերիկացիները մեզ խնդրեին ատոմային զենք տեղակայել Լեհաստանում, մենք բաց կլինեինք դրա համար։ Դա կուժեղացնի Մոսկվայի զսպումը»,- ասվում է գերմանական Welt am Sonntag-ին այսօր հրապարակված նրա հարցազրույցում։

Նա հավելել է, որ այս պահին Լեհաստանից դա չի պահանջվում, բայց «սա կարող է շուտով փոխվել»։

Բացի այդ, Կաչինսկին առաջարկում է Լեհաստանում ստեղծել ՆԱՏՕ-ի նոր հրամանատարական կենտրոն. «Մենք կցանկանայինք ունենալ ՆԱՏՕ-ի մեծ օպերատիվ հրամանատարական շտաբ Լեհաստանում, ինչպես օրինակ Բրունսումում (Նիդեռլանդներ), որտեղ այժմ նախատեսվում են ՆԱՏՕ-ի համատեղ գործողություններ: Սա հստակ ազդանշան կլիներ Մոսկվային, որ այժմ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակ կա նաև արևելքում»:

Հարցազրույցն առանց Ուկրաինայի չի անցել. դաշինքը, ըստ Կաչինսկու, պետք է ավելին անի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար։

«Առաջինը խաղաղապահ առաքելություն իրականացնելն է։ Դա հնարավոր է, իհարկե, միայն Ուկրաինայի հավանությամբ։ Երկրորդ՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերջապես տրամադրեն այն զենքերը, որոնք Զելենսկին ակտիվորեն խնդրում է»,- պնդում է Կաչինսկին։

Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, Կաչինսկին զբաղեցնում է Լեհաստանի ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնը։