• 06/04/2022

Փիլոյանը վտա՞նգ էր Նիկոլի համար

Փիլոյանը վտա՞նգ էր Նիկոլի համար

Վերջին օրերի «տարօրինակ» իրադարձություններից մեկն էլ ԱԻՆ արդեն նախկին նախարար, դրանից առաջ՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումն էր: Մեղադրանքները, թե նա կաշառք է ստացել, փողով մարդկանց գործի է ընդունել եւ նախարարությունից ինչ-որ ջրատաքացուցիչ է տուն տարել, միգուցե հավաստի են, բայց ասել, թե նման բաների համար հայաստանում նախարար են բռնում, եփած հավի ծիծաղը կառաջացնի: Եթե այդպես է, ապա Հայաստանի միջինից բարձր պաշտոնյաների գրեթե ամբողջ կազմը հիմա պետք է բանտում լիներ, նրանց բանտ տանողներով եւ բանտապահներով հանդերձ:
Բայց ինչո՞ւ բռնեցին Փիլոյանին, ով, չմոռանանք, ոչ միայն նախարար էր, այլ նաեւ Հայաստանի ազգային հերոս: Չնայած, «չար լեզուներն» ասում են, որ բռնելու պատճառը ոչ թե նախարարական գործունեությանը, այլ հենց այդ «հերոսության» տակ պետք է փնտրել: Հիշեցնենք, 44-օրյա պատերազմի ամենածանր օրերին՝ հոկտեմբերի 20-ին էր, որ Նիկոլ գրեց. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման…»: Որեւէ բացատրություն չեղավ, թե կոնկրետ այդ ի՞նչ հերոսություն է արել մասնավորապես Փիլոյանը, ամենակարեւորը, այդ ինչպե՞ս է հասցրել: Բանն այն է, որ, ըստ հրապարակային տվյալների, Փիլոյանն իր գլխավորած ստորաբաժանումով միայն հոկտեմբերի 6-ից է մասնակցել պատերազմին՝ «հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին», ու ստացվում է, որ նա իր «հերոսությունը» դրան հաջորդած երկու շաբաթներին է արել: Բայց, երբ հետադարձ հայացք ենք գցում, այդ նույն հարավային ճակատում այդ փուլում ոչ մի հրականատարական հերոսության մասին տվյալ չենք գտնում: Ընդ հակառակը, եթե մինչ այդ հայկական ստորաբաժանումները բավականին հաջող պաշտպանական մարտեր էին մղում եւ ընդամենը մի քանի կիլոմետր էին հետ քաշվել, ապա հոկտենբերի 6-ից հետո հանձնվեղ Ջաբրայիլը, ապա՝ թշնամին այդ միջանցքով հասավ գրեթե անպաշտպան մնացած Հադրութին, այնտեղից էլ շարժվելով դեպի Շուշի, իսկ մյուս թեւով էլ սկսեցին առաջանալ Արաքսի հունին զուգահեռ՝ դեպի Զանգելան-Մեղրի հատված: Սա էր մեր պարտության հիմնական պատճառը, եւ հենց այս հատվածում էր հիմնական պատասխանատուներից մեկը Փիլոյանը: Ու այդ իրավիճակի համա՞ր Նիկոլը նրան հերոս սարքեց. հասկանալի է, թե ինչու որեւէ հիմնավորում դրա տակ չդրեցին:
Չէ, ամենեւին էլ չենք ուզում ասել, թե Փիլոյանը հասավ ճակատ եւ դավաճանաբար բացեց թշնամու ճանակարհը դեպի Ջաբրայիլ եւ դրանից այս կողմ: Ավելին, մեր արժանահավատ աղբյուրը, ով Փիլոյանին ճանաչում է դեռ առաջին պատերազմից եւ դրանից հետո երկար տարիներ շփումներ ունեցել է, նրան նկարագրում է որպես հայրենասեր, բայց նաեւ՝ «Նա ամենեւին էլ այն ունակությունենրը չուներ, որ կարողանար ինչ-որ բան անել: Եվ պատահական չէր, որ 30 տարվա ծառայության արդյունքուն նա այդպես էլ գեներալի չհասած, եւ այդ կոչումը տվեցին միայն պատերազմից երեք-չորս ամիս առաջ»: Աղբյուրը նաեւ այն մտքին է, որ Փիլոյանը, որպես գեներալ լինելով թուլակամ, այնուամենայնիվ մեղ շրջապատում այն կարծիքին էր, որ իրեն պարզապես օգտագործել են, պատերազմից հետո էլ նշանակելով նախարար, որ «աչքի առաջ մնա»: Այն պատճառով, որ նույն նեղ շրջապատում երբեմն սպառնում էր «բերանը բացել»: «Հատկապես վերջին ժամանակներս, երբ վերջնականապես էր հասկացել, որ նաեւ իր գործունեության արդյունքում կարող ենք վերջնականապես կորցնել Արցախը, որի համար նա դեռ առաջին օրերից է կռվել»,- հավելեց մեր զրուցակիցը՝ ամփոփելով. «Երեւի արդեն վտանգավոր էին համարում, որ այս խառը պահին կարող է շատ բան պատմել եւ շատ ծրագրեր խառնել»:
Եվ իրոք, այն, որ Նիկոլը մտել է հայաստանի ու Արցախի համար խիստ վտանգավոր հերթական խաղի մեջ, աչքներիս առաջ է: Ընդ որում, ինքան էլ, որ օրակարգում է «վաղը պատերազմ» հին տրյուկը, սակայն այս անգամ այն իր էֆեկտիվությամբ չի փայլում՝ Արցախում ռուսական բանակի ներկայության պատճառով: Փոխարենը, կողքից ամեն մի «մանրուք» կարող է ներհայաստանյան պայթյունի համար դետոնատորի դեր կատարել, ու պատերազմում տեղի ունեցածի ջրի երես դուրս գալը կարող է նման «մանրուք» դառնալ: Ու մնում է դա կանխել, թեկուզեւ «սեփական ազգային հերոսին», որպես ջրատաքացուցիչի գող, բանտ նստեցնելով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ