• 08/04/2022

Ինչ կապ ունի ֆրանսիահայ բարերարը Նորք-Մարաշ զինված խմբի գործով. Ուշագրավ զարգացումներ

Ինչ կապ ունի ֆրանսիահայ բարերարը Նորք-Մարաշ զինված խմբի գործով. Ուշագրավ զարգացումներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք Մարաշի զինված խմբի գործով դատաքննությունը: Այս պահին դատարանը լսում է , ըստ նախաքննական մարմնի, գործով լուրջ դերակատարություն ունեցող բարձրաստիճան հոգեւորական Անտոն Թութունջյանի ցուցմունքները, այսօրվա դատական նիստում հրապարակվեց նրա մեկ տասնյակից եւ ավել հասնող ցուցմունքները: Ուշագրավ էր այն փաստը, որ այն ցուցմունքները, որտեղ հոգեւորականը տալիս է այս կամ այն անձանց անունները, ովքեր հետագայում անցնում են գործով, որպես մեղադրյալներ, այդ ցուցմունքները տալիս է առանց փաստաբանի:

Հատկանշական է նաեւ այն է, որ վերջինս ցուցմունքներում հայտարարում է, որ թեպետ չի հրաժարվում փաստաբանից, բայց ցանկանում է, որ տվյալ դեպքում այդ ցուցմունքը գրվի առանց փաստաբանի:

Այս եւ մի շարք այլ ուշագրավ դրվագների հետ կապված «Իրավունքը» դիմեց քր. Գործով անցնող խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, «Լեև Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանին, ով արձանագրեց հետեւյալը.

-Այ՛ո, ճիշտ եք նկատել, որոշակի առանցքային ցուցմունքներում, Անտոն Թութունջյանը իր իսկ ցանկությամբ ցուցմունք է տվել առանց փաստաբանի: Միայն այն հանգամանքը, որ վերջինիս ձերբակալվելուց, ապա կալանավորվելուց երկու ամիս խափանման միջոցը փոխում են` կարելի է հետություններ անել, թե ինչ բիրտ մեթոդների է դիմել նախաքննական մարմինը ինչպես Թութունջյանի, այնպես էլ գործով անցնող այլ անձնանց նկատմամբ:

-Պարոն Բաղդասարյան, ցուցմումքները հրապարակվելիս, հիշատակվեց նաեւ ֆրանսիահայ բարերար, մեծահարուստ Միշել Դավուդյանի անունը: Ի՞նչ կապ ունի այդ անձնավորությունը այս քր. Գործի հետ:

-Կարող եմ ընդամենը տեղեկացնել, որ այո, նախաքննության ընթացքում հարցաքննվել նաեւ Միշել Դավուդյանը, եւ ինչպես նկատեցիք Թութունջյանի տված ցուցմունքից` որոշակի ֆինաննսավորում կատարվել է Միշել Դավուդյանի կողմից` տրված Թութունջյանին:

-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջնական դատական ակտից:

-Ըստ էության 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, ըստ իս, այս դատական գործը տեղ չպետք է ունենար դատական համակարգում : Ավելին, կարծում եմ, որ այս ք, գործում առկա են բավականին իրարամերժ գործառույթներ, ընդհուպ լիազոր մարմինների կողմից առերեւույթ թույլ տված դատավարական խախտումներ: Ավելին, այս գործի շրջանակներում, իմ պաշտպանյալի մասով մտել ենք դատական պաշտպանության այլ գործով, որով կա արդեն վերջնական դատական ակտ, որը բողոքարկվել է ԱԱԾ-ի եւ Ոստիկանության կողմից, որով ոչ իրավաչափ են ճանաչել պետական լիազոր մարմինների որոշ գործողություններ:

Տեղեկացնեմ նաեւ, որ ՄԻԵԴ-ում քննվում է Ա.Վարդանյանին անօրինական կալանքի տակ պահելու հանգամանքը, արդեն հարցումներ են կատարվել ՀՀ կառավարությանը, ստացել են պատասխանը: Եվ, ըստ իս, սարերի հետեւում չէ նաեւ ՄԻԵԴ դատական ակտը:

Ամփոփելով խոսքը հայտնի փաստաբանը նկատում է.

-Արձանագրեմ, որ տվյալ գործով ակնկալում եմ դատարանի կողմից օբյեկտիվ քննություն, ինչպես նաեւ ակնկալում եմ, որ մեղադրանքի կողմը մեկ ժամ շուտ կհրաժարվի մեղադրանքից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ