• 08/04/2022

Մինսկի խումբը մեռավ. ի՞նչ է լինելու հետո

Մինսկի խումբը մեռավ. ի՞նչ է լինելու հետո

Այսօր Միրզոյան Արարատի հետ հանդիպման ժամանակ ցնցող բացահայտմամբ հանդես եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը: «Չգիտեմ ինչ կլինի Մինսկի խմբի ճակատագիրը, քանի որ մեր այսպես կոչված ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները իրենց ռուսաֆոբ պոռթկման մեջ ձգտելով չեղարկել ամեն ինչ, որ առնչվում է Ռուսաստանի հետ՝ չեղարկել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձեւաչափում: Դա նրանց իրավունքն է: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ ամբողջ տարածաշրջանի կարգավորման շահերը, եթե պատրաստ են զոհաբերել կոնկրետ այս դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է: Այժմ նրանց առաջնահերթություններից է ոչ միայն կոնկրետ այս հակամարտությունը, այլեւ աշխարհի մյուս բոլոր կոնֆլիկտներն ու ճգնաժամերն են դարձնում պատանդ՝ իրենց ռուսաֆոբ քաղաքականությանը…», ասաց Լավրովը:

Ապա նա հավելեց. «Մենք լիովին հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը աջակցելուն եւ եռակողմ՝ Հայասատ-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով ձեռք բերված մեր բոլոր համաձայնությունների կատարմանը: Սա մեր ընտրությունը չէ, ու եթե ԱՄՆ ու Ֆրանսիան որոշել են այսպես վարվել՝ ապա թող Աստված լինի նրանց դատավորը»։

Այսպիսով ֆիքսենք:

1. Մինսկի խումբ այլեւս չկա: Ու այս համատեքստում, իհարկե, նաեւ առաջ է գալիս այն հարցը, թե ինչո՞ւ ենք այդ մասին ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի արտգործնախարարից տեղեկանում: Բացի այդ, եթե մինչ այս Նիկոլի պաշտոնական քաղաքականությունն էր, թե ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի «հաշտեցման» խնդրով պետք է զբաղվի ՄԽ-ն, ուրեմն հիմա ի՞նչ է լինելու այդ քաղաքականության հետ:

2. Մոսկվան հանձն է առնում, որ ինքնուրույն կշարունակի միջնորդական աշխատանքն ինչպես արցախյան, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական թեմայով, այն է՝ եռակողմ ձեւաչափով: Սա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն այլեւս իրենց որպես միջնորդ չեն տեսնում: Իհարկե՝ ոչ: Ամենաթարմ օրինակը Բրյուսելի վերջին հանդիպումն էր, որը ներկայացվեց, որպես ԵՄ-ի հովանու ներքո, թեեւ դրա սկզբնական նախաձեռնությունն արդեն նախկին ՄԽ-ի համանախագահ Ֆրանսիայինն էր: Ու հաշվի առնելով, որ մյուս նախկին համանախագահի՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարն այդ հանդիպման շեմին խոսեց Նիկոլի եւ Ալիեւի հետ, նշանակում է, որ այս երկու նախկին համանախագահները կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել արցախյան գործընթացը:

Այսպիսով, առաջ է գալիս այս կարեւորագույն հարցը. իսկ ո՞ւմ միջնորդությունն են նախընտրելու Ալիեւն ու Նիկոլը, էլ չենք խոսում Արցախի մասին: Իհարկե, Արցախում ռուսական զորքերի առկայությունը Մոսկվայի դիրքերն է ամրացնում: Սակայն հենց այդ նույն պատճառով Ալիեւի համար ցանկալի է դառնում արեւմտյան միջնորդությունը: Առավել եւս, որ դրա սկզբնական քալով՝ Բրյուսելի հանդիպումով Արեւմուտքը պարզ ցույց տվեց, որ պատրաստ է բավարարել Ադրբեջանի բոլոր ցանկությունները:

Սակայն Նիկոլը կարո՞ղ է Ալիեւ օրինակով՝ բացահայտորեն արեւմտյան ուղղությամբ գնալ, թեկուզ շատ ցանկանա, Ալիեւը կամ Արեւմուտքը ստիպի եւ այլն: Իհարկե, կարող է գնալ, Ալիեւի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Բայց եթե Արցախը դա չճանաչի, ապա ոչ մի կերպ այն կյանքի կոչել Նիկոլը չի կարող, ու պետք է այդ դեպքում իր ստորագրության համար պատասխան տա մյուս կողմի առաջ: Գումարած, պետք է նաեւ Մոսկվային հաշիվ տա, որի տակից դուրս գալը եւս լուրջ խնդիր է նրա համար:

Արդյունքում այն, որ Նիկոլի՝ Բրյուսելից վերադառնալուն պես Միրզոյան Արարատը մեկնեց Մոսկվա, կարծես թե պատահական չէ: Հասկանալի է, Բրյուսել գնալու համար Մոսկվայում գլուխները չեն շոյի, բայց դե Նիկոլի համար դա չարյաց փոխրագույնն է: Չնայած, առջեւում հենց նրա այցն է Մոսկվա, եւ տեսնենք, թե այնտեղ ինչ-որ բան ստորագրելով, վերջնական դիրքորոշում ցույց կտա՞: Ասենք, այդ մասին նման ոչ այնքան աչքի ընկնող, սակայն հետաքրքիր նման փաստ արձանագրվեց: Օրերս, հայաստանում էր Ղրիմից ժամանած պատվիրակություն, եւ եթե մինչ Բրյուսել նիկոլյան թեւը զրո ուշադրություն էր դարձնում Ղրիմի նկատմամբ, սակայն այս այցի շրջանակներում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Ֆեոդոսիայի եւ Դիլիջանի միջեւ: Եվ հասկանալի է, որ Դիլիջանի «արու քաղաքապետը» առանց Նիկոլի հրահանգի նման բան չէր անի:

Առավել եւս, որ այլեւս նախկին խաղերի տարբերակը չկա: Եթե գոյություն չունի Մինսկի խումբը, ապա ուզես, թե՝ ոչ, պետք է հստակ կողմնորոշում ներկայացնել ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ: Առավել եւս, որ արդեն չունի ՄԽ-ի անվան տակ »կրուտիտների« հնարավորությունը: Ընդ որում, նաեւ Ալիեւը: