• 09/04/2022

Միայնակ հնարավոր չէ այս աշխարհում գոյատեւել. Գեորգի Մուրադով

Միայնակ հնարավոր չէ այս աշխարհում գոյատեւել. Գեորգի Մուրադով

«ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎԵԼՈՒ» Մեկնարկեց «Ղրիմի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումների շարքը, որի շրջանակներում երեկ ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ ԳԵՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՈՎԻ գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Գեորգի Մուրադովն անդրադարձավ ոչ միայն ղրիմյան թեմատիկային, այլ նաեւ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: «ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԵՐԻՆ» Գեորգի Մուրադովը տեղեկացրեց, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված` Ռուսաստանը որոշում է կայացրել, որ բոլոր հակառուսական հասարական կազմակերպություններն այլեւս չեն գործելու. «Մենք հասել ենք կրիտիկական կետի` ռազմական բախման: Հիմա պետք է մոբիլիզացիոն տնտեսություն, մոբլիզացիոն քաղաքականություն եւ գաղափարախոսություն եւ դրանից չես փախչի: Պատերազմի ժամանակ չի կարելի ճոխություն թույլ տալ եւ ունենալ տարբեր տեսակետներ: Պետք է նախ ավարտել պատերազմը, հետո նոր կարելի է քննարկել, թե ում տեսակետն էր ճիշտ: Իսկ եթե պատերազմի ժամանակ մեկն ասի` ես այսպես եմ կարծում, մյուսն ասի` ես այլ կերպ եմ մտածում, երրորդն ընդհանրապես համաձայն չլինի առաջինի ու երկրորդի հետ, այլ ասի, որ պետք է կառավարությանը հեռացնել, փոխել, այդ դեպքում պատերազմում հաստատ կպարտվենք: Դրա համար համախմբումը անչափ կարեւոր է պետության կրիտիկական պահերին, այլ դեպքում` ուղղակի կարելի է կորցնել պետականությունը: Մենք այն կորցրինք 1991 թվականին` առանց ռազմական բախման: Ինչպես Բիսմարկն էր ասում. «Ռուսաստանը հնարավոր չէ քանդել դրսից, միայն ներսից է հնարավոր»: Այնպես որ, պահպանեք Հայաստանը եւ հայ ժողովրդին: Հայ ժողովուրդն, ինչպես եւ ռուս ժողովուրդը, աշխարհում ամենասփռված ազգերից է, բայց հիմա պետք է համախմբվել: Այդ ժամանակ կունենաք ուժեղ երկիր: Բայց եւ հիշեք` նույնիսկ ռուս մեծ ժողովուրդը ի վիճակի չէ գոյատեւել միայնակ այն նոր աշխարհում, ուստի` պետք է լինենք միասին»: Հայ եւ ռուս ժողովուրդների միասնության վրա շեշտադրում անելով` ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչը ողջունեց Ղրիմի հայաստանյան ներկայացուցիչ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին` ընդգծելով, որ նա հետեւողական կողմնակիցն է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ ՀՀ-ՌԴ միութենական պետության ձեւավորման. «Հայաստանն ու Ռուսաստանը դարեր շարունակ եղել են դաշնակիցներ եւ կարողացել են հաղթահարել յուրաքանչյուր ճգնաժամ, ցանկացած ծանր իրավիճակ ու պատերազմ: Եթե մենք հիմա չլինենք միասին, յուրաքանչյուր ժողովուրդ կունենա իր ճակատագիրը, իսկ թե ինչպիսի, դեռ չեմ կարող ասել»: «ՄԻԱՅՆԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՈՅԱՏԵՎԵԼ» Հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ ԽՍՀՄ-ը կարող է վերականգնվել, Գ. Մուրադովը տվեց բացասական պատասխան` հիշեցնելով, որ «նույն գետը երկու անգամ չեն մտնում»: «Ժամանակակից աշխարհում պետք է լինի միութենական դաշնակցություն, ընդ որում` կամավոր հիմունքներով, որին ես հավատում եմ, եւ այն անպայման կյանքի է կոչվելու: Մենք տեսնում ենք, որ միայնակ հնարավոր չէ այս աշխարհում գոյատեւել: Որոշ հաշվարկներ ունեին ուկրաինացիները, թե իրենց կպաշտպանի Եվրոպան, ավելին` համարում էին, որ իրենք Եվրոպայի մաս են, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվում: Բոլորը գնում էին փող աշխատելու եվրոպաներում, իսկ թե ինչ աշխատանքի էին նրանց վերցնում այնտեղ, հայտնի է: Պարզվեց, որ նրանք ոչ մեկին պետք չեն, բայց դրա հետեւանքով ավերեցին իրենց իսկ հիմնական արդյունաբերական ձեռնարկությունները: Մինչդեռ Հայաստանը քայլ առ քայլ զարգանում է, իր գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքները պահանջված են Ռուսաստանում: Բայց, ամեն դեպքում, այսօր ստիպողաբար որեւէ պետության հնարավոր չէ մտցնել մեկ միության մեջ: Այն շատ արագ կքանդվի, ինչպես քանդվում է ամերիկացիների միությունը, որտեղ ստիպողաբար են մնում: Օրինակ` ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների շարքերում կան շատ լուրջ տարաձայնություններ: Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, Լեհաստանը, Հունգարիան, Հունաստանը տարբեր տեսակետներ ունեն այսօր: Շատերը գոռում են, թե «տվեք մեզ ամերիկյան միջուկային զենք», բայց չեն ասում` ինչների՞ն է պետք: Ռուսաստանի՞ն եք ուզում հարվածել, իսկ մտածե՞լ եք, թե ինչ կլինի Վարշավայի հետ` այն Բալթյան ծովո՞ւմ, թե՞ Սեւ ծովում կհայտնվի: Սա պարզապես խենթություն է: Դրա համար պետք է հստակ հասնանանք, որ այս բազմավեկտոր աշխարհում պետք է լինեն քաղաքակրթական համակարգեր, կոալիցիաներ, մտերիմ երկրներ ու ազգեր, ովքեր միմյանց կաջակցեն: Ահա այսպիսին է լինելու նոր աշխարհը, որը սկսվում է», – մանրամասնեց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ