• 11/04/2022

Մինչև նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչները վայր չդնեն ընդդիմության մոնոպոլիան, այնքան մենք ունենալու ենք այս իշխանությունը. Արցախցի քաղաքագետ

Մինչև նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչները վայր չդնեն ընդդիմության մոնոպոլիան, այնքան մենք ունենալու ենք այս իշխանությունը. Արցախցի քաղաքագետ

Առկա անվտանգային այս պայմաններում ինչպե՞ս է ապրում և իր անվտանգության երաշխիքներն ո՞ւմ հետ է կապում արցախցին այսօր, ինչ է ենթադրում ՌԴ ԱԳՆ նախարարի` Մինսկի համանախագահների ձեւաչափից դուրս գալը այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:

-Պարոն Ազիզյան, Ձեզ համար՝ որպես Արցախի Հանրապետության բնակչի, նկատելի՞ են իշխանության կողմից Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր: Առկա անվտանգային այս պայմաններում ինչպե՞ս է ապրում և իր անվտանգության երաշխիքներն ո՞ւմ հետ է կապում արցախցին այսօր:

-Որպես Արցախի Հանրապետության բնակիչ իհարկե բավարար չեն, եթե խոսքը վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին, բայց որպես քաղաքագետ ինձ համար սա բացատրելի երևույթ է, որը բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տրամաբանությունից, բոլորին է հայտնի որ դրույթներից մեկի բովանդակության մեջ հստակ նշված է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց։ Ցավալի է, բայց և հայտնի փաստ, որ Լաչինի միջանցքը միակ կապող տրանսպորտային հաղորդակցությունն է, որը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ և որտեղով մենք սպառազինություն ստանալ չենք կարող, ամեն դեպքում օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ որոշակի աշխատանքներ տարվում են այս առումով։ Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին, ապա հնարավորությունների սահմաններում շատ բան է արվում կապված ստեղծված նոր անվտանգային համակարգի զարգացման, վերաարդիականացման, կառուցվածքային համապատասխան ինստիտուտների և ստորաբաժանումների ձեւավորման և վերաձևակերպման հետ, բայց կարծում եմ հասկանալի է, որ ունեցած մարդկային, տեխնիկական և այլ ռեսուրսները անբավարար են անվտանգային անհրաժեշտ համակարգ ձեւավորելու առումով։ Ինչ վերաբերում է ընդհանուր անվտանգության հետ արցախցիների հույսերին, ապա հասկանալի է, որ միայն խաղաղապահ ուժերի մշտական ներկայությունը կարող է լինել ադրբեջանական ագրեսիայի զսպող գործոնը։

-Ստեղծված իրավիճակում, երբ թշնամին դիրքավորվել է Փառուխում, երբ ՀՀ սուվերեն տարածքներում է, ներկա իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգի հաստատման մասին, Դուք ո՞նց եք պատկերացնում այդ խաղաղությունը առհասարակ:

-Ես դեմ չեմ խաղաղությանը, կարծում եմ ոչ մի նորմալ մարդ խաղաղությանը դեմ լինել չի կարող, բայց պետք է հասկանանք մի բան, այդ խաղաղություն հասկացության ընկալումները սահմանի այս և այն կողմերում տրամագծորեն հակասում են միմյանց։ Ադրբեջանական կողմում այդ խաղաղությունը պատկերացնում են առանց հայ Արցախի, իսկ մենք հասկանում ենք մեր պատմական հայրենիքում ապրելու, ազատ ու անկախ ապրելու պայմաններով։ Ինչ վերաբերում է ՀՀ գործող իշխանության կողմից խաղաղության գնալու բանակցային գործընթացին, պետք է ասեմ, որ դրանք անհեռանկարային են, քանի որ առանց արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման և կարգավիճակի հստակեցման խաղաղություն լինել չի կարող, դա բացառված է, քանի որ հենց այա խնդիրն է եղել ու մնում երկու հարեւանների հարաբերությունների որոշիչ հիմնական գործոնը, իսկ մենք գիտենք, որ վերջերս կայացած Բրյուսելյան հանդիպման ընթացքում այս հարցը չի քննարկվել, սա ինչ որ տեղ նաև օրինաչափ է, քանի որ միակ լեգիտիմ հարթակը առայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է։ Ըստ էության հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները` Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր համար ցանկալի արդյունքների, իսկ այդ ուժի կիրառումը անմիջապես ուղղված է նաև Արցախում խաղաղապահության առաքելություն իրականացնող և Հայաստանի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի դեմ, ինչը շատ լավ հասկանում են նաև Մոսկվայում, որոնց համար մեղմ ասած ցանկալի չէ Հարավային Կովկասում Թուրքիայի հետ Շուշիի հռչակագիր ստորագրած Ադրբեջանի հավանական էսկալացիայի փորձերը։

Ուստի կարծում եմ խաղաղության գնալու բանակցային գործընթացի մեկնարկը համաձայնեցված է Մոսկվայի հետ և ունի ժամանակ շահելու նպատակ, իսկ այդ ժամանակը որոշակի տեսանելիություն կհաղորդի հետագա զարգացումների առումով, պետք է հասկանանք, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դեռ չի նշմարվում, իսկ այդ բանակցային գործընթացը մի քանի օրերի հարց չէ, երկար ժամանակ է պահանջվում նման հարցերի քննարկման և վերջնական փաստաթղթի ստորագրման հասնելու համար։

-Պարոն Ազիզյան, ՀՀ-ում ընդդիմությունը ցույցեր է իրականացնում ի պաշտպանություն Արցախի, որքանո՞վ են արդյունավետ այդ ցույցերը ըստ Ձեզ:

-Եթե խոսքը վերաբերում է նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից կազմակերպվող ներքաղաքական միջոցառումներրին, ապա դրանք որևէ այլ հարց լուծել չեն կարող, բացի գործող իշխանության լեգիտիմությունը ապահովելուց, դրա վառ ապացույցը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին և ինչպես նշել եմ միշտ նորից ասում եմ` մինչև նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչները վայր չդնեն ընդդիմության մոնոպոլիան, այնքան մենք ունենալու ենք այս իշխանությունը, եթե նրանց նպատակը դա չէ իհարկե։ Նախկին քաղաքական իշխանությունները ունեցել են բավարար ժամանակ և շատ ավելի նպաստավոր քաղաքական պայմաններ հակամարտությունը մեր օգտին լուծելու առումով, իսկ այժմ ընդունենք թե ոչ մենք չունենք քաղաքական ոչ մի ուժ, որի ռեսուրսները կբավականացնեն խնդիրը մեր օգտին լուծելու համար, սա փաստ է, միակ հուսադրող տարբերակը կարող է լինել համազգային դիվանագիտական, քաղաքական, ֆինանսական և այլ բոլոր ռեսուրսների կոնսոլիդացիան։

-Պարոն Ազիզյան, ՌԴ ԱԳՆ նախարար Ս. Լավրովը հայտարարեց, որ ըստ էության Մինսկի խմբի գործունեությունը, այլևս կասկածի տակ է դրվել, ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորումը առանց տվյալ կառույցի:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ հարթակը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ցավոք սրտի հաշվի առնելով համանախագահող երկրների միջև ստորագրված հարաբերությունների տրամաբանությունը պետք է հասկանանք, որ այդ ֆորմատը փաստացի գործել չի կարող, կամ գործելու դեպքում էլ արդյունավետ չի գործելու, բայց մեզ համար Ադրբեջանի կողմից խնդիրը այլ հարթություն տեղափոխելու փորձերը անընդունելի են։ Այն որ այդ ֆորմատը այսօր փաստացի չի գործում դա դեռևս չի նշանակում որ կորցրել է իր գործառույթների իրականացման իրավական ուժը, իսկ դե ֆակտո կարող է գործել համանախագահների միջև խնդիրները հարթելուց հետո, մեր անելիքը տվյալ պարագայում պետք է ուղղված լինեն դիվանագիտական ճկունությամբ այս ֆորմատը երկխոսության ձևավորման առիթ դարձնելը համանախագահող երկրների միջև։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ