• 11/04/2022

Ճշմարտությունը պետք է հաղթի. ՌԴ դեսպանը ողջունեց ղրիմյան միջոցառումների մասնակիցներին

Ճշմարտությունը պետք է հաղթի. ՌԴ դեսպանը ողջունեց ղրիմյան միջոցառումների մասնակիցներին

«Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների մասնակիցներին երեկ ողջունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 8-րդ ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ: «Շատ կարեւոր իրադարձություն է «Ղրիմի օրերը Հայաստանում», որը դարձել է ամենամյա եւ անցկացվում է Ղրիմի հանրապետության պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ: Այս օրերը շատ կարեւոր են առաջին հերթին, որպեսզի Հայաստանում Ղրիմի մասին իմանան ավելին եւ իմանան ճշմարտությունը: Չմոռանան, որ Ղրիմը այն ռեգիոններից մեկն է, որտեղ ռուս եւ հայ ժողովրդի միջեւ կապն առավել ընդգծված է: Չէ որ Ղրիմի պատմությունն առ այսօր անքաքտելիորեն կապված է հայկական սփյուռքի կյանքի եւ գործունեության հետ», – ընդգծեց Սերգեյ Կոպիրկինը: ՌԴ դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանում Ղրիմի պատվիրակության հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ խթան կդառնան նոր նախագծերի իրականացման եւ նոր կապերի ձեւավորման, որի համար կան բոլոր նախադրյալները: «Իհարկե, այս ամենը ոչ բոլորին է դուր գալիս, ստիպված ենք ժամանակակից աշխարհում հաղթահարել շատ լուրջ շրջանակների քաղաքական դիմադրությանը: Բայց ես վստահ եմ՝ ճմարտությունը պետք է հաղթի: Եվ այն, որ Հայաստանում է Ղրիմի պատվիրակությունն ու ասում է ճշմարտությունը ղրիմյան այսօրվա իրավիճակի ու թերակղզու կյանքի մասին, արդեն իսկ նպաստում է նրան, որ ճշմարտությունն իսկապես հաղթանակի», – շեշտեց ռուս դիվանագետը եւ ներկաներին հորդորեց այցելել հյուրընկալ Ղրիմ: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ