• 13/04/2022

Ովքեր պնդում են, թե ռուս խաղաղապահ ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից, թուրքի կամակատար են եւ դավաճան. Պետրոսյան

Ովքեր պնդում են, թե ռուս խաղաղապահ ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից, թուրքի կամակատար են եւ դավաճան. Պետրոսյան

Ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, արդարադատության գեներալ-մայոր ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, մեր հայրենակիցներից շատերը դեռեւս կա՛մ խորությամբ չեն հասկանում, կա՛մ փորձում են չտեսնելու տալ, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ:

– Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում մեր ապաշնորհ ու դավաճան իշխանություններն ամբողջությամբ մեզ զրկեցին մեր ռազմավարական բոլոր դաշնակիցներից: Այսօր սորոսական եւ իշխանության կողմից կերակրվող ու հովանավորվող ուժեր կան, չէի խորշի ասել նաեւ «Բեւեռի» մասին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի սեպ խրեն հայ-ռուսական բարեկամության մեջ: Նրանք նույնիսկ հասել են այն կետին, որ պնդում են, թե ռուս խաղաղապահները պետք է դուրս բերվեն Արցախի տարածքից: Սա ես համարում եմ դավաճանություն հայ ազգի նկատմամբ:

– Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները եւ այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պարտված սուբյեկտը ողորմություն է խնդրում հաշտության: Սա խղճուկ հոգեբանություն է: Եթե հանկարծ այդ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ ստորագրեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ տարածքային ամբողջականության ճանաչման մասին պայմանագրեր եւ իրականացնեն դեմարկացիա եւ դելիմիտացիա (սահմանագծում եւ սահմանազատում), ուրեմն` Արցախն ամբողջությամբ կմնա Ադրբեջանի տարածքում: Այս պայմաններում ռուսական ուժը տարածաշրջանում գտնվելու գործնականում որեւէ անելիք չի ունենա: Այս սուբյեկտների նպատակը հենց սա է` Հայաստանին մենակ թողնել, Արցախը թշնամուն հանձնել:

– Իսկ հայաստանյան ներքաղաքական կյանքում ակտիվ դրոշակռիվ է ընթանում: Խորհրդարանական ընդդիմության հանրահավաքից հետո` Արցախի դրոշները հայտնվում են տարբեր հրապարակներում, իսկ «Սասնա ծռերի» բեւեռականները ներկում են այն: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

– Այո, Փարիզի հրապարակում Արցախի դրոշն են ներկել, Արտաշատում` գողացել են այն: Տարիներ առաջ այդպիսի բան լիներ, ամբողջ ազգը ոտքի կկանգներ: Չեմ հասկանում, թե այս անտարբերությունն ինչի հետ է կապված: Չէ՞ որ այս իշխանությունը կպնում է նաեւ մարդկանց գրպաններին: Զոմբիացած մասսա կա այսօր, որոնց պետք է արթնացնել: Ի վերջո, գործնականում ոչ թե Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախը` Հայաստանինը: Այսօր 480 կմ Հայաստանի սահմանը երկարել է, ո՞վ է պահում այդ սահմանը: Այս իշխանությունը չի էլ փորձում հասկանալ, թե ինչ ասել է խաղաղապահ ուժ, ինչ ասել է` սեփական բանակ ու սահմանապահ զորքեր: Խաղաղապահ ուժը նրա համար է, որ թույլ չտա ընդհարումներ, իսկ քո սահմանը դու պետք է պաշտպանես:

– Այդուհանդերձ, ո՞րն է ստեղծված իրավիճակում հնարավոր ելքը, որպեսզի կարողանանք պահել ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Արցախը:

– Մեր երբեմնի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կազմաքանդեց այս իշխանությունը: Մենք այսօր չունենք նորմալ բանակ, այս չորս տարիների ընթացքում վարկաբեկեցին ոչ միայն մեր բանակը, այլեւ արցախյան հերոսներին: Մենք մենակ չենք կարող այսօր գոյատեւել, եւ սա բոլորը պետք է հասկանան: Բայց մենք ուժ կգտնենք մեր ռազմավարական դաշնակցի հետ պահելու մեր երկիրը:

– Բայց ստացվում է, որ այսօր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերում եւ խոսք անգամ չկա Ռուսաստանի մասին: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Հենց այսպես են ապաշնորհները մեր արտաքին դիվանագիտությունը կազմաքանդում: Սրանք սկսեցին Արցախի հարցը լուծել իրենց զրոյական կետից, եւ տեսանք, թե ուր հասան: Ու դեռ ասում են, թե ընդդիմությունն է ռեւանշիստ եւ պատերազմի քարոզող, բայց իրենք բերեցին պատերազմ մեր երկիր: Ի դեպ, Եվրամիությունն ի՞նչ արեց Ուկրաինայում, ինչո՞վ աջակցեց: Պետք է հասկանանք, որ եթե զինվոր չունես, քո երկիրը չես կարող պահել, պետք է կարողանաս քո ռազմավարական գործընկերոջ հետ պաշտպանել երկրիդ շահը:

– ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ ընդունել է Արեւմուտքի նախաձեռնած բանաձեւը` Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին: Ուշագրավ է այն, որ այս բանաձեւի քվեարկությունից ձեռնպահ են մնացել Հայաստանն ու Ադրբեջանը: Արդյոք Հայաստանն իրեն ռազմավարական դաշնակցի պես է պահում` այսպիսի չեզոքություն դրսեւորելով:

– Մենք պետք է արժանապատիվ ղեկավար ունենայինք, որ կոնկրետ դեմ քվեարկեր, ոչ թե՝ չեզոք: Չեզոքությունը ճահիճ է նշանակում, ինչի մեջ այսօր ամբողջ Հայաստանն է: Ուղիղ պետք է լինել ու «այո»-ին` այո ասել, «ոչ»-ին` ոչ: Էլի եմ շեշտում` այսօր Հայաստանի միակ ռազմավարական, իրատեսական եւ հավատարիմ գործընկերը մնացել է Ռուսաստանի Դաշնությունը` ի դեմս իր խաղաղապահ ուժերի:

– Այս գաղափարից խիստ վրդովվում են դավիթսանասարյանները, տիգրանխզմալյանները, թե պետք է քրեականացնել ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող կոչերը…

– Դավաճանություն է այսօր Հայաստանին միայնակ թողնելը: Այդ խղճուկները թող իմանան, որ բոլորս էլ կողմ ենք Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, բայց այսօր ո՞ր մի երկիրն է անկախ ու ինքնիշխան: Որեւէ արեւմտյան երկիր Եվրամիությունից կամ ԱՄՆ-ից անկա՞խ է: Եթե նրանք պնդում են, թե պետք է ռուս խաղաղապահ ուժերը դուրս բերել Արցախից, ուրեմն` միանշանակ թուրքի կամակատար են եւ դավաճան` Հայաստանի եւ Արցախի համար: Շատերը նույնիսկ պնդում են, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի մեջ իր մեղքն ունի նաեւ Ռուսաստանը` ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի: Բայց նույն այդ պայմանագրով Արցախի մեր 12 հազ քառ. կմ -ից 44 օրվա ընթացքում Ադրբեջանը գրավել էր ընդամենը 10 տոկոսը: Մինչդեռ նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո` զորքերը սրանք հետ քաշեցին, այդ թվում` Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածում: Շուրջ 41 կմ երկարությամբ եւ 2,5-5 կմ խորությամբ` մտել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը:

– Բրյուսելում որոշում է կայացվել նաեւ, որ մինչեւ ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով պետք է ստեղծվի: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեզ համար այս իրավիճակում սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց սկսելը:

– Այս գործընթացը պարտադրվում է Հայաստանում իշխող սուբյեկտներին, որոնք վախվորած մտել են սեղանի տակ եւ իրենց ինչ ասում է թուրքը, կատարում են: Մենք այսօր ո՛չ մի իրավունք չունենք որեւէ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գնալու, ո՛չ մի խաղաղության պայմանագիր կնքելու, առավել եւս ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վաղը թուրքերի հետ ուզում են սահման բացել, բայց այդ խղճուկներից շատերը չեն հասկանում, թուրքերի առաջ մատուցող էլ չեն աշխատելու: Ի դեպ, թուրքերն արդեն Հայաստանում տարածքներ են գնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ